​«Հաջողակ գործարար կին լինելու համար առաջնորդի հոգեբանություն է պետք»

YasminaՏիկին Յասմինան իր կենսափորձն է հաղորդում հայ կանանց

Oրեր առաջ Հայաստան այցելեց տիկին Յասմինա Ազհարին: Նա արաբական աշխարհում համարվում է ամենահարուստ ու հաջողակ կին գործարարներից մեկը, որ միաժամանակ և՛ բիզնեսներ է ղեկավարում, և՛ ակտիվ ներգրավված է հասարակական աշխատանքներում: Իսկ տարիներ առաջ տիկին Յասմինան Forbes ամսագրի վարկանիշով ընդգրկվել է արաբական աշխարհի 50 ամենահզոր գործարարների շարքում: 2011 թ. ճանաչվել է Սիրիայի լավագույն գործարար, իսկ Նիդեռլանդների թագուհու կողմից արժանացել է Ասպետի կոչման:

Իր այցի ընթացքում տիկին Յասմինան սիրահոժար ժամանակ գտավ պատասխանելու նաև «Անկախի» հարցերին:

- Տիկին Յասմինա, որքանով տեղյակ եմ, Ձեր այցը պայմանավորված է մի քանի գործոններով, կմանրամասնե՞ք, թե հայ գործարար կանանց հետ համագործակցությունը երբ է սկսվել և ինչ մակարդակում է:

- Ես Հայաստան եմ եկել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հրավերով: Նախատեսված էր հանդիպում կազմակերպել հայ կին գործարարների հետ, այնուհետև ստանալ ինձ շնորհված հավաստագիրը, ըստ որի` ես դառնալու եմ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը Արաբական Միացյալ Էմիրություններում, որի համար անչափ ուրախ եմ: Դա ինձ համար մեծ պատասխանատվություն է: Ես հայ կին գործարարների հետ սկսել եմ համագործակցել 2010-ից և փորձել եմ պալատին աջակցել՝ կազմակերպելու մի շարք ցուցահանդեսներ և գործարար համաժողովներ Սիրիայում և Էմիրություններում:

- Այսինքն՝ ստանձնել եք պարտավորություն՝ ուղղորդելու հայ կանանց իրենց բիզնես նախաձեռնություններում: Կարծում եք` կանայք ունե՞ն բավականաչափ ներուժ հաջողակ բիզնես վարելու հարցում:

- Ես միշտ արտահայտել եմ նրանց օգնելու և աջակցելու իմ պատրաստակամությունը, ում ինչով կարող եմ: Նախ` պատրաստ եմ դիտարկել նրանց առաջարկները, այնուհետև ներդնել իմ բոլոր ջանքերը` նպաստելու հայ-արաբական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի ամրապնդմանը: Ես իմ առաքելությունն եմ համարում էմիրություններում ներկայացնել Հայաստանի տնտեսական ներուժը, որպեսզի երկկողմ գործակցության ոլորտներն ու հնարավորություններն առավել հստակեցվեն: Միշտ ցանկացել եմ օգնել ու աջակցել գործարար կանանց և հաճախ փնտրում են նոր մտահղացումներ նրանց համար: Մենք պետք է համախմբվենք և տեսնենք, թե ինչ բնույթի են խնդիրները և ինչ եղանակով կարող ենք աջակցել: Դրանք կարող են լինել Դուբայում ցուցահանդեսների կազմակերպման, թրեյնինգների, մշակութային և փոխանակման ծրագրերի միջոցով:

Սովորաբար տղամարդ գործարարների հետ ավելի հեշտ են գործնական շփումները, քան կանանց հետ: Բայց մենք այսօր չպետք է այլևս տարբերակում մտցնենք կին և տղամարդ գործարարների միջև: Բոլորս էլ ձգտում ենք զարգացնել երկրի տնտեսությունը: Ես քայլում եմ տնտեսության զարգացմանը զուգընթաց:

- Գործարարության ո՞ր ոլորտներում եք ներգրավված և ինչպե՞ս եք անցել հաջողակ բիզնես առաջնորդ դառնալու ճանապարհը:

- Ես սկսել եմ գործարարությամբ զբաղվել դեռևս Սիրիայում և երկար տարիներ ղեկավարել եմ Լաթաքիայի գործարար կանանց կոմիտեն, ինչպես նաև գործարար խորհուրդը, որը հիմնադրվել է Սիրիայի առաջին տիկնոջ կողմից: Իմ ղեկավարած ընկերությունը ռազմավարական գործընկերներ ունի աշխարհի տարբեր երկրներում և կարող է մատուցել ցանկացած պահանջված ծառայություն: Ղեկավարում եմ Դուբայում գործող «Ալ Յամ» միջազգային ընկերությունը, որն իրականացնում է ծովային և ցամաքային բեռնափոխադրումներ: «Ալ Յամ» արաբերեն նշանակում է օվկիանոս, որը զուգորդվում է գաղտնիքներով և նոր հնարավորություններով լի երևույթների հետ: Ընկերությունը նույնպես կփորձի բացահայտել նոր գաղտնիքներ և ընձեռել բազմաթիվ հնարավորություններ գործարարներին:

Ղեկավարում եմ նաև Դամասկոսում գործող սուպերմա8կետների ցանցը: Բացի գործարարությունից, նաև շուրջ 15 տարի Նիդեռլանդների հյուպատոսն եմ Սիրիայում:

- Կներկայացնե՞ք կին գործարար լինելու կարևոր հատկանիշները, որոնք նաև Ձեզ են առաջ մղել բիզնեսում:

- Հաջողակ գործարար կին լինելու գործոններից է նախառաջ առաջնորդի հոգեբանությունը: Իմ համոզմամբ` հաջողակ գործարար կինը պետք է ոչ միայն կարողանա առաջ մղել իր բիզնեսը և լինել դրա գլխավերևում, մշտապես ներդրումներ կատարել, այլև զբաղվել հասարակական գործունեությամբ: Նաև՝ լինել նպատակասլաց:

- Իսկ կինը կարո՞ղ է վեր բարձրանալ միայն սեփական ուժերին ապավինելով, միայնակ:

- Ես, մատնանշելով իմ իսկ փորձը, հպարտությամբ կարող եմ ասել, որ գործարար տիկնոջ հաջողակ կերպարը հնարավոր է նաև միայնակ կերտել: Այդ ճանապարհը ես միայնակ եմ անցել:

- Կցանկանայի ճշտել, արմատներով արա՞բ եք, թե՞ ուրիշ ծագում ունեք:

- Հայրս Սիրիայից է, իսկ նախատատերս սերում եմ քահանաների ընտանիքից: Բայց մայրս սերբ է, և ես արտաքնապես նրան եմ նման:

- Ի՞նչ եք ծրագրում ապագայում երկու երկրների համագործակցության ամրապնդման տեսանկյունից, և որո՞նք են լինելու կանանց աջակցելու գործնական քայլերը:

- Ես հանդիպումներ կունենամ նաև Էմիրությունների բոլոր առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների հետ` առաջ մղելով Հայաստանում բիզնես հիմնադրելու ցանկությունն ու պահանջը, և ոլորտային քննարկումներ կունենամ: Որպեսզի հայ կանայք կարողանան իրենց բիզնես նախագծերն էմիրություններում զարգացնել, պետք է, անշուշտ, տեղացի գործընկերներ գտնեն, որոնք կօգնեն և կաջակցեն գործունեություն հիմնելու հարցում: Պարզապես պետք է դիտարկել հնարավոր ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություններ կներկայացնեն: Կարծում եմ` դա հնարավոր է: Ես փորձելու եմ ներգրավվել այն գործընթացներում, որոնց շնորհիվ Հայաստանը նույնպես կդառնա առավել ակտիվ գործընկեր ԱԷՄ-ի հետ: Ես ոգևորված եմ՝ օգնելու բոլոր հայ կանանց տնտեսության բոլոր բնագավառներում: Հատկապես կարևորում եմ ՓՄՁ ոլորտը:

Լ.Ն

Tags: ,