Արծրուն Հովհաննիսյան. «Պետք չէր մտնել մեր տարածք. եկան մտան և հետևանքները տեսան»

02.08.25«Պետք չէր մտնել մեր տարածք: Եկան մտան և հետևանքները տեսան, պատասխանատվությունը թող կրեն իրենք»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մեծ կորուստներին, որոնք նախահարձակ լինելով` դիվերսիոն գործողություններ են իրականացրել, իսկ հայկական կողմը տվել է համարժեք պատասխան:
Նկատենք, որ հակառակորդն իր կողմից դրսևորած ակտիվության արդյունքում վերջին երկու օրվա ընթացքում արդեն ունի շուրջ երկու տասնյակ զոհ։
Միայն այս գիշեր հակառակորդն ունեցել է 8 զոհ. վերջիններս նախահարձակ գործողություններ են իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի միանգամից մի քանի՝ հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով:
Հայոց պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը մարտադաշտում թողել է հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ:
Ցավոք, թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհվել  է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:
Շփման գծի ողջ երկարությամբ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը և հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:
Նշենք նաև, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ընդունելով Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին, հորդորել է պաշտոնական խողովակներով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ներկայիս լարվածությունը նվազեցնելու և հարևան երկրին իրավիճակը թեժացնող ու սադրիչ նոր գործողություններից հետ պահելու համար՝ հիշեցնելով հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին:

 

Tags: , ,