Նեպալում սողանքի տակ հայտնված 150 մարդկանց գտնելու շանսեր չկան

nepal-landslideԳրեթե ոչ մի հնարավորություն չկա Նեպալում հսկայական սողանքի տակ հայտնված ավելի քան 150 մարդկանց կյանքը փրկելու համար: Փրկարարները մինչ այժմ ութ զոհի մարմին են գտել:

Շաբաթ օրը տեղի ունեցած սողանքը փակել է լեռնային գետերից մեկի հոսանքը, որից հետո ջուրը հավաքվելով լիճ է դարձել, և վտանգ կա, որ այն դուրս կհոսի և կողողի մի քանի գյուղեր: Կիրակի օրը տեղացող անձրևը խոչընդոտել է որոնողական աշխատանքներին:

Պաշտոնական տեղեկություններով՝ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 120 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում նույնիսկ ծանր տեխնիկան չի կարողանում աշխատել տասնյակ փլուզված տների բեկորների մեջ:

Փրկարարներին հաջողվել է պայթեցնելով անցք բացել գետի հոսքը փակած հողե պատի մեջ, որից հետո ջուրը սկսել է հոսել, սակայն դրա մեծ մասը մնում է լճացած՝ վտանգ ներկայացնելով մինչև Հնդկաստանի տարածք գետի մոտակայքում գտնվող գյուղերի համար:

Նեպալում սողանքները հաճախակի բնույթ են կրում անձրևային սեզոնին, որը տևում է հունիսից մինչև սեպտեմբեր:

 

Անկախ

Tags: ,