Ադրբեջանական մամուլը հայտնվել էր կիսահիստերիկ վիճակում. Ս. Մարտիրոսյան

Samvel MartirosyanՎերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը տեղափոխվեց նաև վիրտուալ աշխարհ: Ադրբեջանական կողմը տարբեր միջոցների դիմեց՝ ապատեղեկատվություն տարածելուց մինչև հաքերային հարձակումներ:

Ըստ տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի՝ չնայած առանձին դեպքերին, հայկական լրատվամիջոցներին հաջողվեց շատ արագ կողմնորոշվել, իսկ ադրբեջանական կողմը երկար ժամանակ գտնվում էր կիսահիստերիկ վիճակում. «Ադրբեջանական պաշտոնական գերատեսչությունները երկար ժամանակ ընկան կոլապսի մեջ։ Դա բերեց նրան, որ ինչ-որ պահի սկսվեց հայկական տեղեկատվություն ներթափանցել այնտեղ: Մեր մամուլը շատ արագ կողմնորոշվեց: Իհարկե, կայքեր կային, որոնք կարծես Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարության ներկայացուցիչ լինեին: Սակայն ադրբեջանցիները այնքան ակնհայտ ստեր էին հաղորդում, որ դա էական նշանակություն չունեցավ»,-ասաց նա՝  ընդգծելով, որ եթե նախկինում սուտն ու ճիշտը խառնած էին տարածում, այս անգամ միայն ապատեղեկատվություն էր. ադրբեջանական հասարակությունը չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Սկզբնական շրջանում դժգոհություն սկսվեց, մարդիկ հարցնում էին , թե ուր է Ալիևը, սակայն սովորաբար նման թեմաները ճնշվում են Ադրբեջանում: Այդ իրադարձությունների ֆոնին հարևան երկրում 2  իրավապաշտպան ձերբակալվեց:

«Իրենց դաշտը որևէ կերպ վերահսկելի դարձնելու համար նրանք սկսեցին  ներքին լսարանին համոզել, որ հայկական կողմը ծանր կորուստներ է տվել և մոտ 70-150 զոհի մասին էին հայտարարում: Ադրբեջանում զոհերի քանակը թաքցնելը  արդեն պրակտիկա է, իսկ մեզ մոտ թաքցնել հնարավոր չէ», – նշեց մասնագետը:

Հայկական կողմը ակտիվ գործողություններ չձեռնարկեց. հայ հաքերները կոտրեցին «Haqqin.az» լրատվական կայքը: Իսկ ադրբեջանցիները թեև կայքեր չկոտրեցին, սակայն այնպես էին անում, որ հայկական կայքերը չաշխատեն և «Ddos» հարձակումներ էին կատարում հայկական այն կայքերի վրա, որոնք զոհերի մասին տեղեկատվություն էին տարածում:

 

Անկախ

Tags: , ,