Դպրոցական պարագաները շուտով կթանկանան. Կարեն Չիլինգարյան

Կարեն Չիլինգարյան«Ըստ հայկական տարբերակի` երբ պահանջարկը մեծանում է, աճում են նաև գները: Սա տեղի է ունենում Ամանորին ընդառաջ, ինչպես նաև` սեպտեմբերի 1-ին նախորդող օրերին: Այս ամենի պատճառով սպառողները դժվարանում են գնումներ անել, քանի որ սոցիալապես անապահովները շատ են », – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա` առաջին դասարանի աշակերտին դպրոցական պարագաներով ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 30.000 դրամ, իսկ եթե երեխան ավելի մեծ է, այդ գումարը նույնպես աճում է:

«Այս պահին դեռևս թանկացումներ չկան: Դա կլինի 7-10 օր հետո: Սակայն սովորաբար ծնողները վերջին օրերին են դպրոցական  պարագաները և գրենական պիտույքները գնում, այդ պատճառով էլ ստիպված են լինում ավելի թանկ գներով ձեռբերել դրանք: Խորհուրդ կտամ արդեն հիմա սկսել առևտուր անել», – ասաց Կարեն Չիլինգարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերահսկվում ոլորտը, մասնագետը նշեց, որ այս դեպքում մենաշնորհ չկա, այդ պատճառով պետությունը չի կարող վերահսկել այն:  «Տնտեսական հանձնաժողովը կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե գների կտրուկ փոփոխություն լինի: Սակայն գների մեծ թռիչք, սովորաբար, չի լինում», -ասաց նա:

Հայկական շուկայում անորակ, բայց միևնույն ժամանակ հասանելի գին ունեցող ապրանքը ներկրվում է Չինաստանից: Որակյալ` եվրոպական կամ ամերիկյան արտադրության, ապրանքները շատ թանկ են: Կարեն Չիլինգարյանի բնորոշմամբ` մեզ մոտ միջին գին չկա. կա՛մ շատ էժան է, կա՛մ շատ թանկ:

Շուկայում շատ են թուրքական գրենական պիտույքները, որոնց միակ առավելությունը կրկին հասանելի գին ունենալն է. «Ես հորդորում եմ, որ մեր սպառողները գնեն հայկական արտադրողի ապրանքները: Մոտավորապես նույն գինն է,  սակայն ավելի որակյալ: Դա կխթանի մեր արտադրանքը, կխոչընդոտի մեր երկրից մեծ գումարների հոսքը դեպի  Թուրքիա: Օրինակ, տետրերը որակյալ են. ճիշտ կլինի մերը գնել, հատկապես, որ դրանց վրա պատկերված են մեր պատմությունը և մեր մեծերը », – ասաց Կարեն Չիլինգարյանը:

 

Անկախ

Tags: , ,