Տեղի է ունեցել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսը

011Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսին:

«Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով, ապա շարունակվել երաժշտական և պարային կատարումներով: Ի տարբերություն նախորդ տարվա ծրագրի, այս տարի վարչական շրջանների թիմերը, որոնցում ընդգրկված էին 13-15 տարեկան երեխաներ, 10-ական անդամով, նաև մրցել են միմյանց հետ փոխանցումավազք, թիավարում փրկօղակի մեջ,  պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի մրցախաղերում:  Երեխաների անվտանգությունն ապահովել են համալիրի փրկարարները:

Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է ակտիվացնել մայրաքաղաքում մարզական կյանքն ու նպաստել երեխաների առողջ ապրելակերպին:

008 (1)«Երևանյան մարզական ամառ 2014» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Մալաթիա Սեբաստիան: Երկրորդ և երրորդ հորիզոնակնները համապատասխանաբար զբաղեցրել են Շենգավիթ և Նորք Մարաշ  վարչական շրջանները: Գավաթներն ու պատվոգրերը թիմերին է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշագավաթներով են պարգևատրվել բոլոր թիմերը:  Շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետը վստահեցրել է, որ համաքաղաքային մարզական միջոցառումները կլինեն շարունակական:

Կիսվելով միջոցառման մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ իրենց համար կարևորը ոչ միայն հաղթանակն է եղել, այլև Երևան քաղաքի միասնությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: , ,