Արյան մեջ շաքարի պարունակության ախտորոշիչ սարքեր` Ստեփանակերտին

001 (2)Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Նորմեդ» բժշկական կենտրոնը քաղաքապետարանին է տրամադրել արյան մեջ շաքարի պարունակությունն ախտորոշող  բարձրորակ 250 սարքավորում, որոնք, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, ամբողջությամբ փոխանցվել են Ստեփանակերտի քաղաքապետարանին:

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը «Նորմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Սուրիկ Ալթունյանի ներկայությամբ սարքավորումները փոխանցել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին: Նշելով, որ սա երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրով իրականացվող հերթական քայլերից է, Երևանի քաղաքապետի խորհրդականը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նաև վստահեցրել է, որ աջակցության նմանատիպ քայլերը լինելու են շարունակական:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին և «Նորմեդ» բժշկական կենտրոնին սարքավորումները տրամադրելու համար՝ Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը նշել է, որ Ստեփանակերտում այս սարքավորումներն իսկապես անհրաժեշտություն էին և դրանց տրամադրումն, ըստ էության, սոցիալական կարևոր նշանակություն ունի: Ստեփանակերտում արդեն կազմվել են այն շահառուների ցուցակները, ում կտրամադրվեն այդ սարքավորումները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ