Ընտանեկան օրենսգիրքը լուրջ թերություններ ունի. փաստաբան

Խաչատուր Մարոզյան«Ընտանեկան օրենսդրությունը լուրջ թերություններ ունի և դրանցով պայմանավորված շատանում է ամուսնալուծությունների թիվը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը:  Նա նշեց, որ երբեմն մի քանի փոքր կենցաղային գժտությունները կարող են պատճառ դառնալ, որ գործը հասնի դատարան. «Եթե սկսում են աշխատել փաստաբանները, ապա դեպքերի մեծ մասում ամուսնալուծություններ են գրանցվում: 1-3 ամիս հետո զույգը ամուսնալուծվում է, քանի որ այդ ընթացքում փաստաբանները արդեն սկսում են գույքի բաժանման գործընթացը, ինչը, բնականաբար, ավելի է վատթարացնում ամուսինների հարաբերությունները: Սակայն զույգերի 60 տոկոսը հետագայում փոշմանում է» , – նշեց Մարոզյանը;

Այս իրավիճակը մտահոգության պատճառ է դարձել շատ կազմակերպությունների համար:

Ըստ փաստաբան Լիանա Բալյանի` ամուսնալուծությունների թիվը մեծացել է,  քանի որ ՀՀ օրենսդրությամբ հեշտացված է ամուսնալուծության գործընթացը: «Եթե ամուսնալուծություններիի ընթացակարգը բարդացվի, դա կնպաստի ամուսնալուծությունների քչացմանը», – ասաց նա:  Փաստաբանը գտնում է, որ նման գործերում անհրաժեշտ է հոգեբանի միջամտությունը. «Երբ ամուսինները դիմեն դատարան ամուսնալուծության հարցով, նրանց հետ պետք է սկսի աշխատել հոգեբանը: Դատարանը պետք է հոգեբանին ժամանակ տա, որպեսզի վերջինս փորձի հաշտեցնել կողմերին: Հակառակ դեպքում նա կգրի իր եզրակացությունը ու կտրամադրի դա դատավորին», – գտնում է փաստաբանը:

Ամուսնալուծվելու գործընթացը անհապաղ պետք է սկսել միայն այն դեպքում, եթե կինը կամ ամուսինը հոգեկան հիվանդ է, կամ եթե ամուսիններից մեկը երեք տարուց ավել երկրից դուրս է գտնվել:

Դատական համակարգին կից գործի հոգեբանի ինստիտուտը ներդնելու նախագծի հեղինակն Լիանա Բալյանն  է:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ-ն արդեն դիմել է նախագահին այս հարցով: Բացի այդ,  նախագիծը կներկայացվի  նաև ՀՀ կառավարությանը:

Անկախ

Tags: , ,