Մենք կհայտնվենք ՙԿարմիր գրքում՚. Շիրակի եզդիներ

Հյուսիսային մարզերի եզդիների միավորում հկ

Այսօր Գյումրիում մամուլի ասուլիս էին հրավիրել Հյուսիսային մարզերի եզդիների միավորում հասարակական կազմակերպության անդամները: Նրանք իրենց անհանգստությունն էին հայտնում արդեն երկու շաբաթից ավել Հյուսիսային Իրաքում կատարվող իրադարձությունների շուրջ: Այս դեպքերն ուղղված են տեղի այլակրոն ազգային փոքրամասնությունների դեմ, գտնում են բանախոսներն ու հավելում, որ իրենց քույրերն ու եղբայրներն իսլամիստ ծայրահեղականների պատճառով կանգնել են ցեղասպանման եզրին:

ՙԱյս պահին Հյուսիսային Իրաքում կոտորած է գնում, ցեղասպանություն: Արաբ իսլամիստները սպանում են եզդիներին, խաղաղ բնակչությանը, չեն խնայում ոչ ծերերին, ոչ փոքրերին. երեխաներին մորթում են: Ժողովրդի մեծ մասը բարձրացել է Շանգալի լեռները, առանց օգնության, առանց սննդի ու ջրի՚, – ասում է Հյուսիսային մարզերի եզդիների միավորում ՀԿ նախագահ Հուսիկ Ֆերոյանը: Վերջինիս դիտարկմամբ, եթե գերտերությունները ժամանակին Թուրքիային պատժեին Հայոց ցեղասպանության համար, ապա այսօր Իրաքում եզդիների ցեղասպանություն չէր լինի:

Այս ամենի շուրջ աշխարհի հզորները լռում են՝ չնայած եզդիների պաշտոնական գրություններին. ՙԺողովուրդ է կործանվում, այն էլ փոքր ժողովուրդ, որն ընդամենը աշխարհում 2 մլն էլ չկա և սփռված է ամբողջ աշխարհով: Միակ երկիրը Հայաստանն է, որտեղ եզդիները գտել են իրենց ազատությունը. օգնում են մեզ զարգացնել մեր մշակույթը, կրթությունը, հոգևոր կյանքը՚, – շարունակում է ՀԿ նախագահը:

Նրանք այսօր ուղերձով դիմեցին ՀՀ նախագահին, վարչապետին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որպեսզի նրանք խնդրանքով դիմեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի նախագահներին ու Հռոմի պապին, որպեսզի սաստեն իսլամիստ ազգայնականներին: Հայաստանի եզդիները Շանգալ հումանիտար օգնություն ուղարկելու համար բացել են նաև հաշվեհամար: Իսլամիստները ոչ միայն սպանում են եզդիներին, այլև ոչնչացնում նրանց մշակութային արժեքները: Հուսիկ Ֆերոյանի փոխանցմամբ, այս պահին եզդիներին միակ պաշտպանողը տեղի քրդերն են, բայց նրանք էլ իսլամիստների դեմ անզոր են:

ՙԷսպես որ շարունակվի՝ մեր ազգը կհայտնվի Կարմիր գրքում՚:

ՙՄենք խնդրում ենք Հայաստանի իշխանությունների աջակցությունը, ի վերջո այնտեղ կան նաև հայկական գյուղեր, նրանք էլ են մեր ազգի հետ սարերը բարձրացել՚, – նշեց ՀԿ անդամ Քյարամ Թամոյանը:

Այս օրերին իրենց ազգակիցների փրկության համար տարբեր երկրների եզիդներ իրենց ձայնն են բարձրացրել, դիմել պատկան մարմիններին, անգամ ՄԱԿ-ին, սակայն որևէ արձագանք մինչ օրս չկա:

Եզդիներն էլ հայերի նման սփռված են աշխարհով մեկ՝ ամենամեծ եզդիական համայնքներ կան ՌԴ-ում՝ մոտ 300 հազար եզդի, Գերմանիայում՝ 250 հազար, Ֆրանսիայում 100 հազար: Թուրքիայում ապրում է 15 հազար եզդի, իսկ Իրանում 100 հազար, սակայն, ինչպես Հուսիկ Ֆերոյանն է ասում նրանք ձայնազուրկ են, անգամ չեն կարող բարձրաձայնել, որ իրենք եզդի են: Հայաստանում այսօր ապրում է շուրջ 60 հազար եզդի, որից 1000-1100-ը Շիրակի մարզում՝ 200 ընտանիք: Նրանք հիմնականում հաստատվել են մարզի Ազատան համայնքում: Գյումրիում էլ ժամանակին բավական մեծ եզդիական համայնք կար, սակայն երկրաշարժից հետո՝ 90-ականներին, շատ-շատերը արտագաղթել են, 100-ից մնացել է 20-25 ընտանիք:

ՙԱրդեն 1000 տարի՝ 10 դար, մենք հայերի հետ կողք-կողքի ապրում ենք, այստեղ մեզ լավ ենք զգում, մեզ լավ են վերաբերում, շատ հարցերում ընդառաջում: Մենք էլ ենք Հայաստանի քաղաքացիները, ծնվել ենք այստեղ: Ուրիշ ոչ մի երկրում եզդիների հանդեպ այսքան ջերմ չեն՚, – ասում է Հյուսիսային մարզերի եզդիների միավորում ՀԿ անդամ Բադր Բրոյանը:

Tags: , , ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>