Լավագույն բնապահպանական սցենարների հանրապետական մրցույթ

1 (6)Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում oգոստոսի 1-ից «ԼոգոՍ» ԵՀԿ-ն սկսել է «Երկիրը մեր տունն է» բնապահպանական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկության  մակարդակի բարձրացմանը` սոցիալական հոլովակների միջոցով:

Ծրագրի շրջանակներում «ԼոգոՍ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտարարում է լավագույն սցենարների հանրապետական մրցույթ` «Մաքուր քաղաք»,  «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» թեմաներով: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող ճանաչված լավագույն սցենարների հիման վրա կնկարահանվեն սոցիալական հոլովակներ, որոնք 1 ամիս տևողությամբ կհեռարձակվեն մարզային «ՑԱՅԳ» հեռուստաընկերությամբ և ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար կտեղադրվեն էլեկտրոնային տարբեր լրատվամիջոցներում, ինչպես նաև՝ «ԼոգոՍ» ԵՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 16-30 տարեկան այն ստեղծագործողները, ովքեր ունեն ստեղծագործելու վառ երևակայություն և ցանկություն՝ իրենց կողմից կազմված սցենարը կյանքի կոչելու:

Մրցույթի մասնակցության պայմանները

         Սցենարների առանցքը պետք է  լինեն հետևյալ թեմաները՝

  • Բնապահպանություն
  • Շրջակա միջավայրի աղտոտվածություն
  • Միջհամայնքային և միջպետական ճանապարհների աղտոտվածություն
  • Պատմամշակութային վայրերի աղտոտվածություն

Սցենարը ներկայացնել հայերեն, 12 տառաչափով և Unicode  տառատեսակով, A4 ֆորմատի առավելագույնը 3 /երեք/  էջի վրա:

Սոցիալական հոլովակներից յուրաքանչյուրի տևողությունը լինելու է 30 (երեսուն) վայրկյանից մինչև մեկ րոպե:

Սցենարում պետք է մանրամասնորեն նկարագրվեն նկարահանման վայրը, տեղանքը, տեսարանները, իրավիճակները, դերասանների խոսքերը և երկխոսությունները: Խոսքերը պետք է լինեն գրական հայերենով, արգելվում են ժարգոնային և ոչ պատշաճ արտահայտությունները /սցենարին համ ու հոտ հաղորդելու համար կարող են կիրառվել նաև որոշակի բարբառային խոսքեր և արտահայտություններ/:

Սոցիալական հոլովակների նկարահանման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ Շիրակի մարզի տարածքում:

Սոցիալական հոլովակի սցենարը ստեղծագործական կազմի կողմից կարող է ենթարկվել որոշակի ոչ էական փոփոխությունների` ելնելով նկարահանման տեխնիկական պայմաններից և առանձնահատկություններից:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը, որի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 22-ը՝ ժամը 16:00:

Հայտադիմումը պետք է ուղարկել logosngo@gmail.com էլեկտրոնային հասցեին` թեմա հատվածում նշելով project_scenario:

Մրցույթի պայմանների կամ ժամկետի խախտմամբ ուղարկված հայտադիմումները չեն դիտարկվի:

Մրցույթի արդյունքների, ինչպես նաև սոցիալական հոլովակների նկարահանման ժամկետների մասին տեղեկատվությունը կտրամադրվի մինչև 2014 թվականի օգոստոսի 25-ը:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ծրագրի պատասխանատու` Անի Գյուլբուդաղյանին eventlogosngo@gmail.com

Tags: ,