Հայաստանի եւ Արցախի 70 թեքեյանցի աշակերտ հանգստացել է ամառային ճամբարում

4 (1)Իրականացվեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հինգերորդ «Ամառային ճամբար» նախագիծը, որի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 70 թեքեյանցի աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրն ընդգրկում էր մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների:

Չքնաղ բնաշխարհի մի գողտրիկ անկյունում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից եւ Բերձորից ժամանած թեքեյանցիներին, որոնք ութ օր շարունակ ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով: Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցում էին գիտակների մրցույթին, սպորտային խաղերին, սովորում էին ազգագրական երգեր ու պարեր:

6 (1)Ճամբարը մի փոքրիկ Հայաստան էր, որտեղ առաջնայինը հայրենասիրական դաստիարակությունն էր, որը փաստավավերագրական ֆիլմերի եւ զրույց-բանավեճերի միջոցով սովորեցնում էր երեխաները բացահայտել եւ նորովի ճանաչել իրենց պապերի երկիրը, սիրել հային եւ հայկական հողը: Նույնիսկ ջոկատները ճամբարում կրում էին հայ ականավոր մշակութային գործիչների եւ ազատագրական շարժման հերոսների անունները:

Թեքեյանցիները մեծ ոգեւորությամբ մասնակցեցին գիշերային եւ ցերեկային արշավների, որոնց ժամանակ սովորեցին հոգալ ընկերների եւ շրջակա միջավայրի մասին. ծանոթացան նաեւ լեռնագնացության հմտություններին: Կազմակերպվեց էքսկուրսիա դեպի 13-րդ դարում հիմնադրված Տրդատավանք վանական համալիր, որտեղ երեխաները շարականներ երգեցին եւ վառ տպավորություններով վերադարձան ճամբար:

2Ճամբարում նշվեց նաեւ «Գյումրիի օր» մշակութային միջոցառումը, որում թեքեյանցիները ներկայացրին Գյումրիի պատմությունը, նրա ողջ կոլորիտը հարսանիքի, երգ ու պարի, ասմունքի ու կատակների միջոցով: Իսկ հյուրերն էին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը, կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը, մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը եւ այլք:

Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր` բոլոր չորս Թեքեյան դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին իրենց ելույթներով: Նրանք մյուս ճամբարականներին ներկայացրին իրենց քաղաքները, դպրոցները, այս ամենը համեմելով երգ ու պարով եւ տոնական խարույկով: Բաժանումը հուզիչ էր, լի արցունքներով եւ ջերմ խոսքերով. դժվար էր հեռանալը մտերիմ ընկերներից, հոգատար «Արագածից», ուր իշխում են սերն ու բարությունը, ժպիտն ու ծիծաղը:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» նախագիծը մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններից ժամանած երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական ու անհատական զարգացմանը: Հուսանք, որ նախագիծը, որը աշակերտներին պարգեւում է անկրկնելի հանգիստ, անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ, կլինի հարատեւ:

 

Անկախ

Tags: ,