Ամփոփվել են «Թվինինգ» ծրագրի արդյունքները

Երևանում այսօր տեղի է ունեցել «Աջակցություն դատական համագործակցությանը» ԵՄ «Թվինինգ» ծրագրի փակման միջոցառումը, որին ներկա է եղել  ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը,  ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը,  Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:

IMG_4959

Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել «Թվինինգ» ծրագրի կազմակերպիչներին և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային կառույցների՝ մասնավորապես ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունը, որը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական պետության ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության առավել արդյունավետ համակարգի ներդրման հարցում:

Նրա խոսքով՝ «Թվինինգ» ծրագիրը մեծապես նպաստել է թարգմանությունների ինստիտուտի կայացմանը, որի շրջանակներում իրականացվող քայլերն առանցքային նշանակություն ունեցան քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության և բաժնետիրական ընկերությունների ոլորտում:

«ԵՄ փորձագետները մեծ ներդրում ունեցան եվրոպական փորձի հաղորդման, մեր մասնագետների հմտությունների կատարելագործման և համակարգչային ծրագրերի ներդրման գործում: Այս ընթացքում կազմակերպվել են վերապատրաստման ծրագրեր ոչ միայն Արդարադատության նախարարության աշխատակիցների, այլև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների, դատախազների, փաստաբանների համար»,-նշել է նախարարը:

Ծրագրի մշտական խորհրդատու Բերնդ Մեսերշմիթի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը արդյունավետ էր:

« Հայաստանը լավագույնս կատարել է իր առջև դրված խնդիրները: Մեծ աշխատանքներ են տարվել օրենքների մոտարկման և օրենքի նախագծերի պատրաստման աշխատանքներում: Ծրագրի նպատակն էր համապատասխան մեթոդոլոգիական մոտեցումներով խթանել ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև ճիշտ մոտեցումներ մշակելու օրենքների մոտարկման գործընթացի ապահովման համար»,- նշել  է բանախոսը՝ հավելելով, որ իրենց կողմից այդ աշխատանքների ապահովման համար ցուցաբերվել է նաև նյութական աջակցություն:

Թարգմանությունների կարճաժամկետ փորձագետ, Լատվիայի Թարգմանությունների կենտրոնի ներկայացուցիչ Ինես Տրեյմանեն ծրագրի բաղադրիչ 3-ի ամփոփման ժամանակ հատուկ  շնորհակալություն է հայտնել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին ծրագրի շրջանակներում արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար:

«Թվինինգ» ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ: Նպատակն է օժանդակել Արդարադատության նախարարության ներքին նորմատիվ և կազմակերպչական համակարգին՝ հնարավոր դարձնել արդարադատության հատվածի՝ անդամ պետությունների կողմից կիրառվող ԵՄ չափանիշների և լավագույն գործելակերպի հետ համահավասարեցումը, ինչպես նաև օժանդակել «Թարգմանությունների կենտրոն»-ի՝ արդի թարգմանչական մեթոդաբանությամբ և տեխնիկայով վերազինելուն:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Tags: , , ,