Բանակ-հասարակություն կապն ամրապնդվում է

Զինված ուժեր

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանն ու համատեղ անելիքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր:

Պաշտպանական բարեփոխումների շրջագծում բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը միտված ներկայացուցչական կազմով հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում հասարակության բոլոր շերտերի միասնական և համախումբ աջակցությունն է մեծապես նպաստել, որ հայկական բանակը հակառակորդի սանձազերծած աննախադեպ լարվածության պայմաններում պատվով կատարի իր առջև խնդիրները:

Ողջունելով ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալված  հասարակական կառույցների ներկայացուցիչներին և կարևորելով հասարակության ներգրավվածությունը երկրի պաշտպանունակության ամրապնդման և անվտանգության ապահովման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին բանակի կողքին մշտապես կանգնելու, զինված ուժերին սատարելու համար: «Կարծում եմ, չկա  մի հասարակական կազմակերպություն, որը տրամադրված չլինի իրականացնել մեր հայրենիքի ամրապնդմանը, մեր հայրենիքի զարգացմանը միտված գործունեություն: Անկասկած, հասարակական բոլոր կազմակերպություններն էլ ձգտում են այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել են այս կամ այն ժամանակահատվածում, պատշաճ կերպով փոխանցել մատաղ սերնդին, օրինակ` հայրենասիրական դաստաիարակության, հանարակրթական, տարբեր մշակութային միջոցառումներ իրականացնելու շրջանակներում»,-նշեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Սեյրան Օհանյանն ընդգծեց նաև, որ պաշտպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ ծրագրերի իրականացումը շարունակական է լինելու, և համատեղ այդ ծրագրերն այսուհետ ևս պետք է բխեն մեկ միասնական գաղափարից՝ նպաստելով բանակաշինության, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության, հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար մարտիրոսված քաջ հայորդիների մեծարման և նրանց հիշատակը մշտապես վառ պահելու գործին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ազատամարտիկներին միավորող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարներին և համատեղ անելիքների

ն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացված առաջարկների և խնդիրների ուղղությամբ Սեյրան Օհանյանը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվեց պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Tags: , , ,