Սոցիալական և մշակութային մի շարք հարցերի լուծում

Կառավարության նիստ

Համաշխարհային բանկի միջոցներով կառուցված Գյումրու բժշկական կենտրոնին կառավարությունն իր որոշմամբ սեփականության իրավունքով տրամադրել է հողամասեր, շենք, շինություններ և հնարավորություն՝ հոգալու դրանց պահպանման և շահագործման ծախսերը:
Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 մլրդ և 600 մլն ՀՀ դրամ: Առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը 2 մլրդ ՀՀ դրամ է:
AREAL արագացուցչի էներգիան իր առավելագույն՝ 20 ՄԷՎ հզորության հասցնելու, ՔԵՆԴԼ ինստիտուտի գիտաարտադրական բազան և լաբորատորիաները զարգացնելու նպատակով նիստում որոշվել է լրացուցիչ հատկացնել 175 մլն ՀՀ դրամ:
Ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը՝ գործադիրը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղական համայնքի ավելի քան 28 հա տարածքը վերադարձրել է գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի շարքը, քանի որ սահմանված եռամյա ժամկետում նշված հողամասը նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:
Նիստում համաձայնություն է տրվել Դիլիջան քաղաքի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ավելի քան 3 մլն ՀՀ դրամն ուղղել քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի դահլիճի նորոգմանը:

 

Tags: , , ,