Կառավարության այլ որոշումներ

Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, և որի նպատակն է հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի որոշումների հանձնման ընթացակարգերը: Կառավարության եզրակացությունը դրական է: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ 2014 թ. պետբյուջեի բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխման եղանակով 5 մլրդ ՀՀ դրամով ավելացրել է ՀՀ կառավարության պահուստային գծով նախատեսված տարեկան գումարը՝ ի հաշիվ այլ կրթական օբյեկտների համար նախատեսված գումարների:
Գործադիրն ընդունել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ս.թ. հոկտեմբերի 19-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Երևանի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր:
Նիստում Արմեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարել է առաջիկա սեպտեմբերի 1-ին այցելել կրթօջախներ և սաների հետ հավուր պատշաճի նշել Գիտելիքի օրը:

Tags: , , ,