Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ

Գայանե Սողոմոնյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի կողմից ոլորտում իրականացված ծրագրերն ու խոսել  ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների մասին: Մասնավորապես նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 դպրոցներում 2013-2014 ուսումնական տարում սովորել է ավելի քան 79 հազար աշակերտ, որոնցից 6858-ը այս տարի ավարտել է հիմնական, 441-ը`միջնակարգ դպրոցը:  Սովորողների առաջադիմությունը կազմել է 97%,  իսկ ուսման որակը՝ 45%:

Վարչության պետն ընդգծել է, որ մայրաքաղաքի 44 դպրոցներում ներառական կրթություն է իրականացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտի համար: Նրանց հետ աշխատել են 250 հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և լոգոպեդներ։

Դպրոցներում շարունակվում է առաջին դասարանցիների ընդունելությունը: Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստության հետ կապված` հանրակրթության վարչության պետը նշել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքում է դասագրքերի բաշխումը: Ընդ որում, տարրական դասարանների աշակերտները դասագրքերն ստանում են անվճար:

«Քաղաքապետարանի ենթակայութան կրթական հաստատություններում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ուսումնական տարին հավուր պատշաճի դիմավորելու համար: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, և արդեն մի քանի օրից դպրոցներն ու մանկապարտեզները լիովին պատրաստ կդիմավորեն իրենց սաներին»,-նշել է հանրակրթության վարչության պետը:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով նշվել է, որ 2013-2014. ուսումնական տարում քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզները դպրոց են ճանապարհել 8810 երեխայի: Նույն  ժամանակահատվածում համայնքային բյուջեի միջոցների հաշվին վարչական շրջանների մանկապարտեզներում բացվել են լրացուցիչ 7 խմբեր՝ շուրջ 1500 երեխայի համար: Մանկապարտեզ հաճախող երեխաների համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով այս տարի հիմնանորոգվում է 23 մանկապարտեզ. շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:

2013թ. մեկնարկած նախադպրոցական ուսուցում կազմակերպելու համար գույքի ձեռքբերման ծրագիրը շարունակվել է նաև այս տարի: Այդ նպատակով համայնքային բյուջեից 300 մլն դրամ է հատկացված մանկական սեղան-աթոռակներ, զգեստապահարաններ, մահճակալներ, ինչպես նաև խոհանոցային պարագաներ և անհրաժեշտ այլ գույք ձեռք բերելու համար:

«Այսօր մեծ է ուշադրությունը նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ: 82 երեխա հաճախում է ներառական կրթություն իրականացնող 6 մանկապարտեզ: Եվս 89 երեխա շուրջօրյա խնամք իրականացնող հ. 141 մանկապարտեզ է հաճախում»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:

Հանրակրթության վարչության պետը նաև ընդգծել է, որ մշտապես  ուսումնասիրվում են սոցիալական ցանցերով և «Թեժ գիծ» հեռախոսահամարովստացված ահազանգերը և արագ քայլեր ձեռնարկվում բարձրացված հարցերի ու խնդիրները կարգավորելու նպատակով:Այս կերպ ստացված դիմումների հիման վրա եղել են նաև աշխատանքից ազատելու դեպքեր:

Մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ հանրակրթության վարչության պետը նախ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում սննդի որակի վերահսկողությունը ամենօրյա հսկողության ներքո է: Աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից պարբերաբար ստուգվում է ոչ միայն մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակը, այլև  մանկապարտեզներում դրանց պահպանման պայմանների ապահովումը, սննդի պիտանության ժամկետները: Կասկածելի սննդամթերքը նմուշառվում և ուղարկվում է փորձաքննության: Անդրադառնալով ՆորՆորքիթիվ 101, 116 և 118  մանկապարտեզներին «ԷդվարդՄխիթարյան» ԱՁ-իկողմիցանորակթռչնամիսմատակարարելու դեպքին՝ Գայանե Սողոմոնյանը, խստորեն դատապարտելով երևույթը, շեշտել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ վերահսկողությունն այսուհետ էլ ավելի խիստ և ուժեղացված է լինելու:

«Մենք իսկապես ցնցված ենք տեղի ունեցածով: Դեպքի օրը, վերոնշյալ մանկապարտեզների տնօրենները գտնվել են արձակուրդում: Իսկ մատակարարն այդ օրը  գործել է հապճեպ և, թռչնամիսն անմիջապես թողնելով մանկապարտեզում, հեռացել: Ի դեպ, այդ օրը տվյալ մատակարարն առաջին անգամ էր սնունդ մատակարարելու: Ինչ վերաբերում է սննդի ընդունմանն ու հանձմանը, ապա նշեմ, որ մատակարարը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ավելին, մանկապարտեզների սնունդ ընդունող պատասխանատուների փաստաթուղթ ներկայացնելու պահանջին ի պատասխան նա նշել է, որ շտապում է և բոլոր ձևակերպումները կկատարի ավելի ուշ: Դեպքից անմիջապես հետ ոստիկանության աշխատակիցները առգրավվել ու կապարակնքել են ապրանքը և ուղարկել փորձաքննության»,- նշել է Գայանե Սողոմոնյանը: Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա կենդանական ծագման մթերքների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահպանման պայմանների ու անասնաբուժասանիտարական և անվտանգության ցուցանիշների համապատասխանության պահանջներն ուսումնասիրող հանձնաժողով՝ ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունների աշխատակիցների ներգրավմամբ: Ստուգայցեր են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր այն մանկապարտեզներ, որտեղ առկա է կենդանական ծագման մթերք և ստուգվել են թռչնամսի, մսի և  հավկիթի պահպանման պայմանները: Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին տվյալ ապրանքատեսակների համապատասխանությունը պարզելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքատեսակներից նրանք վերցրել են փորձանմուշներ և  փորձարկման նպատակով տրվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Օգոստոսի 18-ի հետազոտությունների տվյալներով, անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների համաձայն, պարզվել է, որ բոլոր նմուշներն առանց սահմանափակման պիտանի են օգտագործման:

Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող գնումների գործընթացի կազմակերպման հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան հանրակրթության վարչության պետը նշել է, որ, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, սննդամթերքի ձեռքբերման համար կիրառվում է շրջանակային համաձայնագրերով գնում կատարելու ընթացակարգը և, ըստ այդմ, մրցույթի հայտարարությունն ուղարկվում է բոլոր այն կազմակերպություններին և կամ անհատ ձեռներեցներին, ովքեր գրանցված են ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ շրջանակային համաձայնագիր կնքածների ցուցակում: Գնման գործընթացին մասնակցության հայտ ներկայացնողները, համաձայն օրենքի, պատվիրատուին ներկայացնում են մասնակցության դիմումն ու պահանջվող ապրանքի գնի առաջարկը: «Ասել կուզի, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում գրանցված լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար հիմք է հայտ ներկայացնողի մրցույթին մասնակցելու համար: Եվ այդ անհատ ձեռներեցը, որը 3 մանկապարտեզների մատակարարել էր վերոնշյալ հավի միսը, նույնպես այդ ընթացակարգով է մասնակցել մրցույթին և, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, հաղթող է ճանաչվել, քանի որ ներկայացրած է եղել ամենացածր գնառաջարկը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը:

Tags: ,