Ո՞վ է Թուրքիայի նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն

davutogluՕրերս Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց երկրի նոր վարչապետի հավանական թեկնածուի` Ահմեդ Դավութօղլուի անունը: Դավութօղլուն ծնվել է 1959 թվականի փետրվարի 26-ին Քոնիայի նահանգի Տաշկենտ շրջանում (Դավութօղլուն ուզբեկական արմատներ ունի): Քոնիայում ավարտելով միջնակարգ դպրոցը` նա իր կրթությունը շարունակել է Ստամբուլի արական լիցեյում: 1984 թվականին Դավութօղլուն ավարտել է Բողազիչի համալսարանի քաղաքագիտության  և տնտեսագիտության ֆակուլտետը:

1990 թվականին նա սկսել է դասախոսել Մալազիայի միջազգային իսլամական համալսարանում: Այստեղ նա հիմնում է քաղաքագիտության ամբիոն` գլխավորելով այն մինչև 1993 թվականը: 1995 թվականից նա իր գիտամանկավարժական գործունեությունը շարունակում է Թուրքիայում:

11 տարվա ընթացքում աշխատելով վարչապետի գլխավոր խորհրդականի, ապա արտգործնախարարի պաշտոններում`Դավութօղլուն էական ազդեցություն է թողել Թուրքիայի արտաքին քաղաքականության ձևավորման վրա: 2001 թվականին հեղինակելով «Ռազմավարական խորք» հայտնի աշխատությունը` նա թուրքական արտաքին քաղաքականության մեջ ներդրեց նոր գործելակերպ և գաղափարախոսություն: Դրանցից ամենահայտնին Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների» հետ տեսությունն էր, որի վրա հիմնվեց երկրի արտաքին քաղաքականությունը:

Դավութօղլուն հանդիսանում է նաև նեոօսմանիզմի աշխարհաքաղաքական հայեցակարգի գլխավոր ճարտարապետը: 2009 թվականի նոյեմբերին ելույթ ունենալով ԱԶ կուսակցության անդամների առջև՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն: «Կա ժառանգություն, որը թողել է Օսմանյան կայսրությունը: Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նեոօսմաններ» ենք։ Հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով և գնում ենք նույնիսկ Աֆրիկա: Մեծ տերությունները շփոթված հետևում են դրան»,- ասել էր նա։

Ահմեդ Դավութօղլուի ղեկավարության շրջանում ակտիվություն նկատվեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Կիպրական հարցի լուծման, ԵՄ անդամագրության գործընթացերում: Դավութօղլուն տիրապետում է անգլերենի, գերմաներենի և արաբերենի: Ամուսնացած է, ունի չորս երեխա:

 Անկախ