Գյումրու ծայրամասային փողոցներն անմխիթար վիճակում են

Գյումրիում վաղուց ծայրամասային ու երրորդական համարվող փողոցներում նորոգման աշխատանքներ չեն կատարվել:
Գյումրու փողոցներ

Կնյազ Մանասյան
Ավելին, այստեղ դեռ խորհրդային միության ժամանակներից սկսած ասֆալտ հասկացողությունն իսպառ բացակայել է: Փողոց անունը կրող այս ճանապարհները միշտ են անտեսված եղել, որտեղով անգամ նախընտրական շրջաններում որևէ թեկնածու չի անցել: Ծայրամասերի բնակիչներն ասում են՝ իրենց հազարից մեկ են այլ թաղմասերից այցելում, այն էլ՝ հսկա շները: Որևէ պաշտոնյա իր օրում քաղաքի ավերակ փողոցներում չի եղել, որևէ կերպ այս խնդրին չեն արձագանքել, չնայած, բնակիչների մշտական բողոքներին: Ավերակ փողոցներից մի քանիսով երթուայիններ են անցնում, ու վարորդներն էլ չեն հիշում, թե երբևէ այս տարածքներում հարթ մակերեսի հանդիպած լինեն:

ՙՈր շտապ օգնություն կամ տաքսի ենք կանչում, չեն գալիս, ասում են եկեք Վազգեն Սարգսյան փողոց, կմոտենանք՚, – ասում է Պավլով փողոցի բնակիչներից մեկը: Այստեղով քաղաքային տրանսպորտ չի անցնում, փոսերն առատ են ու խորը, անձրևների ժամանակ բացարձակ անանցանելի: Բայց ի տարբերություն մյուս ծայրամասային փողոցների, կա լուսավորություն:
Գյումրու քաղաքապետարանում փողոցների վիճակին քաջածանոթ են, եղած միջոցներով փորձում են հարթեցումներ կատարել, նորմալ աղբահանություն կազմակերպել, պարբերաբար էլ թափառող շների որս են կազմակերպում, բայց հավելում՝ քաղաքապետարանն այդքան միջոցներ չունի նման բոլոր փողոցները նորոգելու ու լուսավորելու համար:
ՙԱյս պահին հիմնական բարեկարգման աշխատանքներ ընթանում են Սպանդարյան փողոցում, մնացածներում խճաքարերով փորձում ենք հարթեցնել, անցանելի դարձնել, ցեխը վերացնել, մինչև գան լավ ժամանակներ, որ կարողանանք դրանք էլ ասֆալտապատել՚, – մեզ փոխանցեց Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի և բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Պաշտոնյան ասում է, այս տարի կարողացել են բավական աշխատանքներ կատարել երկրորդական փողոցներում, բարեկարգվել են Բաղրամյան, Մսի կոմբինատ տանող փողոցները: Կատարվել են նաև փոսային նորոգման աշխատանքներ:
Կամաց-կամաց լուծվում է նաև քաղաքի լուսավորության հարցը, բնակկոմունալ բաժնի պետի խոսքերով նորացվում են կենտրոնական փողոցների լամպերը, հները տեղափոխվում են երկրորդական փողոցներ:
ՙՄենք ձգտում ենք, որպեսզի ծայրամասերը կապենք քաղաքին: Ծայրամասերը, կարծես, ամեն ինչից զրկված են՝ ճանապարհների վիճակը վատ է, աղբահանության վիճակը վատ է, լուսավորության վիճակը վատ է…՚, – համաձայնում է Կնյազ Մանասյանը: Նա բնական է համարում, որ բնակիչները պետք է դժգոհեն, փողոցներ կան որ 26 տարի լուսավորություն ու ասֆալտ չեն ունեցել:

Tags: , , ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>