Հայաստանի մանուկները սիրո և հայրենասիրության պատգամ են հղում ԼՂՀ զինվորներին

Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզը ներկայացնող, 20 անդամից բաղկացած «Իմ թատրոն» ինտերակտիվ թատերախումբը հայրենասիրական ոգևորիչ բեմադրություններով հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերում: Երիտասարդ դերասան-դերասանուհիները մնջախաղի միջոցով ցուցադրեցին, թե ի՞նչ նշանակալի դեր ունի սիրո պատգամը կյանքում, թե որքա՞ն է այն անհրաժեշտ թե´ ծերերին, թե´ փոքրերին, թե´ հատկապես հայրենիքի այն արի զավակներին, ովքեր, զենքը ձեռքներին, հպարտորեն պաշտպանում են հայրենի հողը, ապահովում խաղաղությունն ու անամպ երկինքը ներկա և ապագա սերունդների համար:

Միմյանց սատար կանգնելու, ոգևորելու, ջերմություն, սեր և փոխըմբռնում հաղորդելու թեման այն հիմնական ուղերձն էր, որն ընկած էր գյուղաբնակ երեխաներից կազմված թատերախմբի ներկայացումների հիմքում:

ԼՂՀ-ում կայացած հյուրախաղերին հաջորդեցին «Իմ թատրոն» թատերախմբի երիտասարդ անդամների հանդիպումները զինվորների և սպայական ղեկավար անձնակազմի հետ՝ նպատակ ունենալով ուսուցողական զրույցների միջոցով վեր հանելու զինվորական ծառայության առաքինի դերն ու դաստիարակչական նշանակությունը երկրի պատանի քաղաքացիների շրջանում:

Նախագիծը կյանքի է կոչվել COAF-ի, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի համագործակցության արդյունքում: Այն ևս մեկ անգամ վկայակոչում է համախմբվածության և միասնական ուժի կարևորությունը, մատնանշում, թե ի՞նչ առավել դրական արդյունքների և ձեռքբերումների կարելի է հասնել միասնաբար՝ հավաքական ոգու և հայրենիքի հանդեպ նվիրվածության շնորհիվ:

«Իմ թատրոն» թատերախումբը գործում է 2013թ. մարտից: Ինտերակտիվ թատերախմբի շուրջ մեկուկեսամյա գործունեությունը հիանալի հնարավորություն է եղել երեխաների տաղանդն ու հնարավորությունները բացահայտելու, որոշ դեպքերում` նրանց խնդիրները հաղթահարելու համար: Թատրոնի շնորհիվ շարունակաբար զարգանում են երեխաների ստեղծագործական ու վերլուծական հմտությունները, նրանք յուրովի են արտահայտում սեփական ապրումներն ու հույզերը, իրենց կյանքում և համայնքում տեղի ունեցող իրադարձությունները վեր հանում, ներկայացնում են արվեստի միջոցով:

Հոգեբանական թատրոնը COAF-ի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերից մեկն է, որն իր տեսակի մեջ առանձնանում է նորարարական լուծումներով և յուրովի է նպաստում համայնքների մարդկային կապիտալի զարգացմանը: Թատերախումբն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է հանդես գալ տարբեր բեմերում, այդ թվում՝ մասնակցել է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան 13-րդ փառատոնին՝ արժանանալով «Թռիչք» մրցանակին, հատուկ բեմադրությամբ հարգանքի և հիշատակի տուրք է մատուցել բարերար Ջերարդ Գաֆեսճեանի կյանքին ու գործունեությանը:

Tags: , , ,