Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը լայնածավալ ընտրախախտումների հիմնավոր փաստեր չէր ներկայացրել ՍԴ

քաղաքականՆախագահական ընտրություններից մեկ ամիս է արդեն անցել, սակայն կրքերը դեռևս չեն հանդարտվում: Նախագահի նախկին թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլի է նստել: Մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը  ՍԴ էին դիմել` վիճարկելով ԿԸՀ փետրվարի 25-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրվելու մասին:

Հովհաննիսյանը ՍԴ-ից պահանջում էր կա՛մ իրեն ճանաչել ընտրված նախագահ, կա՛մ էլ անվավեր ճանաչել փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները:

ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» որոշումը: Պատճառաբանությունների թվում նշվում էր, որ ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուները ՍԴ  բավարար ապացույցներ չեն ներկայացրել, անգամ կարծիք հնչեց, որ ներկայացված փաստերը  ՍԴ մակարդակով քննելու ենթակա չեն:

«Իմ տպավորությունն այն էր, որ այդ դիմումները փաստերից զուրկ էին և կառուցված զուտ գնահատականների, էմոցիաների և ինչ-որ մեջբերումների հիման վրա: Ես չտեսա փաստարկված ապացույցներ առ  այն, որ տեղի են ունեցել այնպիսի գործընթացներ, որոնք կարող էին ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Դատարանի անդամների հարցուպատասխանի արդյունքում էլ էր դա ակնհայտ: Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր ներկայացուցիչները 16- էջանոց դիմում են ներկայացրել, որտեղ մեծ մասը զուտ գնահատականներ են, մի մեծ հատված մեջբերումներ են այս կամ այն փաստաթղթից և միայն վերջին մի քանի էջում է, որ ինչ-որ փաստեր են ներկայացված: Սակայն դրանք այն փաստերը չեն, որ կարող են դատարանի համար հիմք հանդիսանալ վճիռ կայացելու հօգուտ դիմումատուների»,- «Առավոտի» հետ զրույցում դատական գործընթացը մեկնաբանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

ՍԴ եզրակացությունից տեղեկանում ենք, որ Հովհաննիսյանը ՍԴ է ներկայացրել 16- էջանոց դիմում` կից 24 նյութերով` մամուլի հրապարակումներ, տեսագրություններ, լուսանկարներ և այլ նյութեր:

Առաջին հինգ էջերում  ներկայացված  են  ընտրախախտումների վերաբերյալ վերլուծական դիտարկումներ: Երկրորդ մասում՝   3,5 էջերի շրջանակներում,  մեջբերումներ  են համապատասխան իրավական ակտերից՝ իրավական առումով հիմնավորելով դիմումը:

Հաջորդ 6 էջերում շարադրված են այն փաստարկները, որոնք ներկայացված են  եղել ՀՀ վարչական դատարան, և վերջինիս կողմից քննվելուց հետո հայցը ճանաչվել է անհիմն ու մերժման ենթակա:

«Դիմումին կից ներկայացված նյութերի 40 տոկոսը տարբեր ընտրական հանձնաժողովների որոշումներ են, 18 տոկոսը ընտրական հանձնաժողովներին հասցեագրված դիմումներ են, շուրջ 24 տոկոսը համացանցային տարբեր կայքերից վերցված տեղեկատվություն է, շուրջ 7 տոկոսն ընտրությունների ընթացքի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների զեկույցներ են, մնացած 11 տոկոսը` տարաբնույթ այլ նյութեր»,- ասված է ՍԴ եզրակացությունում:

Անդրիաս Ղուկասյանն էլ իր 7 էջանոց դիմումում ներկայացրել է ընտրությունների իր վերլուծությունները և դիտարկումները: Նա  չի  ներկայացրել առանձին ընտրատեղամասերի արդյունքների վիճարկման պահանջ, ոչ էլ որևէ փաստ կոնկրետ  տեղամասի արդյունքների ոչ հավաստի լինելու մասին:

Գուցե վերոնշյալ  հանգամանքը ևս ապացուցում է այն վարկածը, որ Հովհաննիսյանի համար քվեների նման քանակությունն անակնկալ է եղել, և նա իր թիմով պատրաստ չի եղել հետագա գործողություններին:

Ինչևէ, պարբերաբար ներկա ընտրությունները համեմատվում են մինչ այս եղած նախագահական ընտրությունների, հատկապես` 1996-ի հետ:

«Անկախը» ևս կփորձի համեմատության եզր անցկացնել հետընտրական գործընթացների, մասնավորապես ՍԴ ներկայացված դիմումների առումով:

Այսպես, 1996-ի հոկտեմբերի 25-ին Վազգեն Մանուկյանը, որ ըստ պաշտոնական տվյալների ստացել էր քվեների 41 տոկոսը,  դիմում ներկայացրեց ՍԴ` պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ որոշումը: Դիմումին կից Մանուկյանը ՍԴ էր ներկայացրել  նաև պահանջը հիմնավորող փաստաթղթեր. 85 թերթից բաղկացած հավելվածներ,  վստահված անձանց և հանձնաժողովների անդամների կողմից կազմված արձանագրություններն ու բողոքները և ընտրողների գանգատներն ու ահազանգերը` 243 թերթից, իրեղեն ապացույցներ:

Անքննելի է, որ դիմումին կից հարյուրավոր էջերով  ընտրախախտումների արձանագրությունները 24-ի հետ անհամեմատելի են:

Հավելվածներում ընտրախախտումները խմբագրված են ըստ ոլորտների և ամեն վերնագրի տակ ներկայացված են մի քանի տասնյակ ընտրատեղամասերում արձանագրված խախտումներ` կետ առ կետ:

Ընտրախախտումների մի քանի հարյուր- էջանոց ժողովածուից ներկայացնում ենք պատահականորեն ընտրված մի քանիսը .

Գյումրիի թիվ 37 դպրոցում հանձնաժողովի նախագահին ստիպել են և 216 քվեաթերթիկ լցնել քվեատուփի մեջ:

Գեղարքունիքի մարզի 45/1, 45/4, 45/6 տեղամասերում Վ. Մանուկյանի ձայները նվազեցվել են մոտ 1500-ով, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի օգտին տված ձայներն ավելացրել են 2500-ով:

Կոտայքի մարզի Կոտայք գյուղի  23/1 տեղամասում ընտրություններին չմասնակցած  մոտ 500 ընտրողների փոխարեն  ստորագրել են հանձնաժողովի անդամները: Ընդ որում, լրացվել են անձնագրերի սխալ համարներ:

Վայքի 3/1 տեղամասում ամփոփիչ արձանագրության տվյալները, ըստ որոնց Վ. Մանուկյանը ստացել է 918 ձայն, իսկ Լ. Տեր Պետրոսյանը` 671, կեղծվել են ու կազմված նոր արձանագրությամբ Վ. Մանուկյանի օգտին քվեարկած ձայները փոխվել են 500-ի, իսկ Լ. Տեր Պետրոսյանինը` 1164-ի:

Արմավիրի 1/9 տեղամասում ընտրությանը մասնակցել է մոտ 650 ընտրող, սակայն քվեատուփում հայտնաբերվել է 1050 քվեաթերթիկ: Ընդ որում, հայտնաբերվել են միասին ծալված Լ. Տեր Պետրոսյանի  օգտին բազմաթիվ քվեաթերթիկներ:

Արմավիրի մարզի թիվ 8 տեղամասում  քվեաթերթիկ ստացել է 1243 ընտրող, սակայն քվեատուփում առկա է եղել 1368-ը:

Երևանի 8/13 տեղամասում 22.09.96 թ. 10 րոպեով լույսն անջատվել է, իսկ քվեատուփի մոտ կանգնած ԱԺՄ-ի ներկայացուցչին բռնությամբ քվեատուփից հեռացրել են և քվեատուփը մթության մեջ մնացել է առանց հսկողության:

Մարալիկի 3/2 տեղամասում ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսան Ավետիսյանը և նրա եղբայր Գ. Ավետիսյանը, որոնք անօրինական կերպով ընտրության ամբողջ օրը գտնվել են ընտրական տեղամասում, ահաբեկել և ծեծել են Վ. Մանուկյանի վստահված անձ Աստղիկ Ներսիսյանին և Ս. Բադալյանի վստահված անձ Ազատ Բրուտյանին, որոնք փորձել են կանխել կեղծ քվեաթերթիկներ լցնելը քվեատուփ:

Գեղարքունիքի մարզի Սևանի 45/1, 45/2, 45/4, 45/6 տեղամասերում վստահված անձանց ստիպողաբար հեռացրել են տեղամասերից:

Օրինակ` Գյումրիի 1/7 տեղամասում լրացուցիչ ցուցակում քվեարկությանը մասնակցած 130 քաղաքացիների անունները եղել են նաև հիմնական ցուցակում:

Երևանի 8/21 տեղամասում ընտրողների ցուցակը համընդհանուր ծանոթացման չի ներկայացվել նույնիսկ ընտրության օրը:

Երևանի 4/4 տեղամասում քվեարկել են 4/8 և 4/5  տեղամասերի ցուցակներում ընդգրկված զինվորները:

Աղավնաձոր 6/1 տեղամասում 121 զինվոր ապօրինի է քվեարկել:

Դիմումին կից  փաստաթղթերում երեք մարզերի՝ Արմավիրի, Արագածոտնի և Արարատի օրինակով ցույց են տրված ԿԸՀ հրապարակած վերջնական տվյալների և  ընտրական հանձնաժողովների կազմած տվյալների թվային անհամապատասխանությունները: Բոլոր դեպքերում պաշտոնական տվյալներում  Վ. Մանուկյանի քվեները գրեթե կիսով չափ պակասեցված են, Լևոն Տեր Պետրոսյանինը` նույնքան ավելացված:

Օրինակ՝ Արմավիրի մարզում Մանուկյանի վստահված անձանց կողմից վերահսկվող 103 տեղամասերում Մանուկյանը ստացել էր 42940 ձայն` 65,1/30,8 տոկոս հարաբերակցությամբ հաղթելով Տեր-Պետրոսյանին: Սակայն  նշված տվյալներին գումարելով չվերահսկված 25 տեղամասերի արդյունքները` պաշտոնապես հայտարարվել է, որ Մանուկյանը Արմավիրի մարզից  հավաքել է 41386 ձայն:

Ներկայացված էր  նաև վկաների ցանկ, որոնք դատարանում կարող էին  վկայություն տալ խախտումների վերաբերյալ:

Չնայած ծանրակշիռ փաստարկներին` 1996-ին ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը և անգամ մերժվեց պատահականության սկզբունքով երեք ընտրատեղամասում վերահաշվարկ կատարելու պահանջը, երբ հանրությունը ոտքի էր կանգնել:

Հեռուստատեսությամբ էլ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը  հայտարարեց. «Եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոս ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու ու չեն ընդունել»:

Այս անգամ  նման հայտարարություններ չեն եղել, մարդկանց հավաքների ազատության իրավունքն էլ չի սահմանափակվել:

Նշենք, որ այս ընտրություններից հետո սահմանված ժամկետում   ներկայացվել է   ընդամենը 12 դիմում-բողոք, որոնցից, ըստ ԿԸՀ-ի, օրենքի տառին համահունչ կազմված է եղել միայն մեկը:

Հարց է առաջանում, թե ինչու նախագահի աթոռին հավակնող անձն իր համար չէր ստեղծել համապատասխան թիմ, որն ընտրատեղամասերում պատշաճ հսկողություն կիրականացներ և գրագետ դիմում-բողոք կկազմեր՝ ներկայացնելով ընտրախախտումների վերաբերյալ փաստեր: Ի վերջո,  մեր օրերում, տեխնիկայի այս առաջընթացի պայմաններում շատ ավելի հեշտ է արձանագրել տեսած ընտրախախտումը, քան դա հնարավոր էր 1996-ին:

Հ.Գ.

Չնայած երկու թիմերի գործելաոճի և իրավիճակի տարբերությանը, Մարգո Ղուկասյանի` 1996-ի սեպտեմբերի 27-ին գրած այս տողերն այսօր էլ արդիական են.

«Այսօր մեր ժողովուրդը  որքան երջանիկ կլիներ, եթե առավելագույն ձայներ հավաքած նախագահական երկու թեկնածուներից  որևէ մեկը, առանց  դույզն-իսկ կասկածանքի տեղիք տալու, հաղթանակած լիներ: Հավաքականությունը, ժողովուրդը բազմաթիվ հատկությունների կողքին ունի նաև  արդար մանկանը բնորոշ մի հատկություն` խաբվել չի սիրում: Իսկ երբ կասկածում է, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի ոչ թե սրել իրավիճակը, այլ հանդարտորեն, փաստերով համոզել` ճշմարտությունն այս է: …Մեզ մնում է պատկերացնել այն ժողովրդի վիճակը, որի կա՛մ կեսից մի քիչ ավելին, կա՛մ  կեսից մի քիչ պակասը կասկածում է ընտրությունների օրինականությանը, այ, այդ կասկածներն են, որ պետք է ամեն գնով փարատվեն: Հավատն է ապրեցնում մարդկանց: Միացյալ ուժերով անենք ամեն ինչ, որպեսզի մարդկանց հոգիներում ամրանա հավատն իր երկրի  իշխանությունների, իր ընդդիմության, իր նախագահի հանդեպ: Անենք ամեն ինչ, որ նախագահին շնորհավորողների թիվը եռապատկվի: Այդ դեպքում միայն ապրելը հեշտ կլինի»:

Tags: