Ինչ կտան փոփոխությունները

20702 ազատ ոճՕրերս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում ուշագրավ իրադարձություններ կատարվեցին: Մասնավորապես, ընտրվեց կազմակերպության նոր նախագահ, որոշվեց հիմնովին փոփոխել  ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի կանոնները: Համաժողովում ներկա գտնված Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն «Անկախին» հայտնեց իր տպավորությունները: 

- Համաժողովին, ինձնից բացի, մեր երկրից մասնակցում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: 111 երկրների պատվիրակներ էին: Դա ռեկորդային ցուցանիշ էր: Նախկինում ոչ մի համաժողովի այդքան ներկայացուցչական կազմ չէր հավաքվել: Ներկա էին նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահության 21 անդամները: Քվեարկությանը մասնակցեց 132 մարդ, թեև երկրներ կային, որոնք 4-5 պատվիրակով էին ներկայացել: Բայց ամեն երկրից քվեարկելու իրավունք ուներ միայն մեկը: Ի վերջո, 125 կողմ, 7 դեմ ձայներով կազմակերպության նախագահ ընտրվեց Սերբիայի ներկայացուցիչ, մինչև այդ ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար նշանակված Նենադ Լալովիչը: 

- Համաժողովից առաջ խոսակցություններ կային, որ նախագահի միայն մեկ թեկնածու չի լինելու: Մասնավորապես նշվում էր, որ առաջադրվելու է նաև նախկին նախագահ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռաֆայել Մարտինետին:

- Մենք էլ այդ մասին լսել էինք, սպասվում էր, որ անգամ կարող է նախագահի պաշտոնի 4 հավակնորդ լինել: Ի դեպ, Մարտինետին Լոզանի արբիտրաժ դատարան բողոք էր ներկայացրել, որ իրեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահության Թաիլանդում կայացած նիստում անհիմն են հեռացրել զբաղեցրած պաշտոնից, նաև` նախագահության կազմից: Նա այդ դատը շահել  էր և լիովին իրավունք ուներ կրկին առաջադրվելու որպես նախագահի թեկնածու: Բայց Մարտինետին և նրանք, ովքեր կարող էին այդ անել, անգամ իրենց  թեկնածությունը չառաջադրեցին: Թերևս պատճառն այն էր, որ ակնհայտ էր` հաղթելու ամենամեծ հնարավորություններն ուներ Լալովիչը:

 - Վերջինիս հետ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարության հարաբերություններն ինչպե՞ս են:

 - Ընտրություններից հետո մեր պատվիրակությունը հանդիպեց և զրուցեց Լալովիչի հետ: Նա հայտնեց, որ հնարավորն արվելու է, որպեսզի ըմբշամարտում ամեն ինչ արդար լինի, բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծվել, որպեսզի մարզաձևը զարգանա, ավելի մասսայական դառնա: Իսկ առաջնահերթ խնդիրն այն է, որ ըմբշամարտը 2020-ին ևս մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Այժմ բանակցություններ են ընթանում աշխարհում հայտնի տարբեր ֆիրմաների հետ, ընդհանուր, նաև բիզնես ծրագրեր կազմվում: Եթե ըմբշամարտը եղել է օլիմպիական խաղերի հիմնադրման օրից ստուգատեսի ծրագրում, ապա ինչպե՞ս կարելի է այն հանել:

 - Ադրբեջանը կրկին շարունակելո՞ւ է մնալ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր հովանավորը:

- Առայժմ պարզ չէ, թե ֆեդերացիայի նորընտիր նախագահն ինչ պայմանագրեր կկնքի:

 - Իսկ ի՞նչ փոփոխություններ են կատարվել մրցակարգերում:

- Նախկինում, եթե ըմբիշներն ուժերն էին չափում 3 մրցափուլում` 2-ական րոպեով, ապա այժմ  պայքարելու են 2 մրցափուլում, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը լինելու է 3 րոպե: Նախկինում ամեն խաղափուլում պետք է հաղթող լիներ, այժմ այդպիսի պահանջ չկա: Մրցափուլերում ըմբիշների հավաքած միավորները գումարվելու են: 15-20 տարի առաջ էր այդպիսի մրցակարգ, և այն իրեն արդարացնում էր: Փոխվել է նաև միավորների հաշվարկի կարգը: Մրցակցին մրցագորգ իջեցնելու համար այժմ 2 միավոր է շնորհվելու, ոչ թե 1 միավոր, ինչպես նախկինում էր: Ազատ ոճի ըմբշամարտում հանդիպումը վաղաժամ կավարտվի, եթե մրցակիցների միավորների տարբերությունը հասնի 10-ի, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտում այդ սահմանը 7-ն է: Մի շարք նրբություններ կան երկու մրցաձևերում` ոչ ակտիվ մարզիկներին պատժելու համար: Այդ կանոնները թարգմանվելու են և մասնագետներին  են տրվելու:

Ի դեպ, քննարկվեց, թե նոր մրցակարգը երբվանից գործի դնելու հարցը: Նպատակահարմար դիտվեց այն կիրառել ոչ թե 2014-ի հունվարից, այլ` այժմվանից: Փաստորեն, բոլոր երկրների ըմբիշների համար նույն պայմաններն են: Մարզիկները մրցումների ժամանակ պետք է իրենց մարտավարությունը փոխեն: Ինչպես ազատ ոճի, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, եթե նախկինում մրցակցին մրցագորգից  դուրս բերելով կարելի էր հաղթել, ապա այժմ պետք է պայքարել: Վիճակահանությունը երկու մրցաձևում էլ վերացել է: Հնարավոր է` ընթացքում կանոնների նոր փոփոխություններ լինեն: Նպատակն այն է, որ ըմբշամարտն ավելի դիտարժան դառնա: Ի դեպ, եթե նախկինում  մարզիկներին նկատողություն քիչ էր տրվում, ապա այժմ նկատողությունների թիվը կարող է ավելանալ: Կպատժվեն ոչ ակտիվ ըմբիշները: Ընդ որում, հավասար արդյունքի դեպքում հաղթանակը կշնորհվի այն մարզիկին, որը նկատողություն չի ստացել: Նոր կանոնները ձեռնտու են այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ավանդույթներ ունեն, մրցումների ժամանակ  տեխնիկական բազմապիսի հնարքներ կարող են կիրառել:

 - Ի՞նչ է նախատեսվում անել, որպեսզի 2020-ին ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում:

- Բանակցություններ են վարվում: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ևս հայտնել է, որ կաջակցի: 

- Ի տարբերություն մենապայքարային այլ մարզաձևերի, ըմբշամարտն ունի երկու մրցաձև: Հնարավո՞ր է, որ դրանցից միայն մեկը թողնվի օլիմպիական խաղերի ծրագրում:

- Պայքարում են, որ երկու մրցաձևերն էլ օլիմպիական խաղերի ծրագրում մնան, նաև` կանանց ազատ ոճի ըմբշամարտը: Հնարավոր է, որ փոփոխություններ լինեն տարբեր քաշային կարգերում: Տղամարդկանց ըմբշամարտում դրանք 7-ն են, և ֆեդերացիայի նորընտիր նախագահն առաջարկել է, որ քաշային կարգերը դառնան 6-ը: Կանանց ըմբշամարտում առայժմ 4 քաշային կարգեր են: Օլիմպիական խաղերում ըմբիշները վիճարկում են 72 մեդալ: Հնարավոր է` ՄՕԿ-ը պահանջ ներկայացնի, որ ըմբշամարտի օլիմպիական մեդալները նվազեցվեն: Ի դեպ, դժգոհություն հայտնվեց, որ գերծանր քաշային կարգում սահմանափակում չկա: Առաջարկվեց, որ +120 կգ քաշային կարգ սահմանվի կամ էլ 110 կգ քաշային կարգից հետո լինի +150 կգ: Առայժմ քաշային կարգերում փոփոխություններ չկան, բայց հնարավոր է, որ մինչև տարեվերջ դա արվի: Այս ամսվա վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՄՕԿ-ի հերթական համաժողովը, որում կազմակերպվելու են 2020-ի օլիմպիական խաղերում ընդգրկվելու հավակնորդ մարզաձևերի, այդ թվում նաև ըմբշամարտի շնորհանդեսները: Իսկ վերջնական որոշումը կայացվելու է սեպտեմբերի 10-15-ը Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում:

 - Նոր մրցակարգով մեր ըմբիշները ե՞րբ են խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում փորձելու իրենց կարողությունները:

- Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և Մուսա Մուրթազալիևը (84 կգ) կմասնակցեն հունիսի 1-2-ը Մակեդոնիայում կայանալիք միջազգային մրցաշարի: Հունիսի 24-ից մեր առաջատար գրեթե բոլոր մարզիկները կմասնակցեն Կազանում կայանալիք Համաշխարհային ունիվերսիադային: Դեռ պարզ չէ, թե ովքեր կընդգրկվեն  թիմում: Առայժմ միայն որոշված է, որ կարողություններն են փորձելու Սաֆարյանը,  Մուրթազալիևը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը: Մյուս քաշային կարգերում մրցակցություն կա, 2-3 մարզիկ հավակնորդ է ընդգրկվելու հավաքականում: Փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում անցկացվելիք Ստեփան Սարգսյանի պարգևների խաղարկության միջազգային մրցաշարը, որից հետո էլ կհստակեցվի, թե ովքեր են մեր երկրի պատիվը պաշտպանելու սեպտեմբերի 16-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Այդ ստուգատեսին մտադրություն ունենք մասնակցել 6 մարզիկով: Թերևս մասնակից չենք ունենա միայն գերծանր քաշային կարգում: Բայց 23-ամյա Անդրանիկ Գալստյանն էլ, եթե իրեն լավ դրսևորի առաջիկա միջազգային մրցաշարերում, կմեկնի Բուդապեշտ: Այս տարի Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում Սաֆարյանը դարձել էր չեմպիոն, Մուրթազալիևը բավարարվել է արծաթե մեդալով: Աշխարհի առաջնությունում ևս կփորձենք պարգևների արժանանալ: Այժմ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան մարզիկների վարկանիշային աղյուսակներ է կազմել: Սաֆարյանն իր քաշային կարգում առաջինն է, Մուրթազալիևը` 3-րդը, Արթուր Ալեքսանյանն (96 կգ) առաջինն է: Ի դեպ, հնարավոր է` աշխարհի 4 ուժեղագույններին աշխարհի առաջնությունում այնպես տեղաբաշխեն, որ վիճակահանությունից հետո նրանք միմյանց հետ մրցեն միայն կիսաեզրափակչում:

 - Խոսակցություններ կային, թե հնարավոր է` Բելառուսից, Ռուսաստանից ազատ ոճի մարզուհիներ համալրեն Հայաստանի ընտրանին:

- Եթե այդ մարզուհիները ցանկանան Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ և արդյունք ունենան, ապա ամեն բան կարվի, որ նրանք շարունակեն մրցելույթները: Սակայն իմաստ չունի նրանց հրավիրել և ֆինանսներ ծախսել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու համար: Ողբերգություն չի լինի, եթե մարզուհիների թիմ չունենանք:

 

Tags: ,