Կինը պետք է վարորդ դառնա, որ հասկանա…

ԱթանեսյանԴեռևս տոհմային հասարակարգից, երբ մեր նախնիները հիմնականում մտածում էին գոյատևելու մասին, տղամարդիկ ֆիզիկական ուժի շնորհիվ պաշտպանում էին իրենց ցեղերը, ընտանիքները` թշնամու դեմ կռվի ելնելով, իսկ կանանց թողնում էին միայն երեխաներին մեծացնելու, կերակուր պատրաստելու և  նման այլ կենցաղային գործեր կատարելու աշխատանքը: Այդ ամենն արվում էր հաշտ ու համերաշխ, և կանայք կարծես չէին  էլ դժգոհում իրենց կյանքից: Սակայն մարդաբան Կլոդ Լևի-Սթրոսի ուսումնասիրության համաձայն` նախնադարյան տղամարդը կնոջն առաջ էր թողնում, քանի որ քարանձավից դուրս որևէ գազան կարող էր այդ պահին հարձակվել: Դա նշանակում է, որ առաջ կինը եղել է ֆիզիկապես ավելի ուժեղ և դեռ փոքրուց  տղամարդկանց պաշտպանել գազաններից կամ այլ հնարավոր վտանգաներից:

Այդքան ծեծված գենդերային թեմայի՝ երկու սեռերի դերերի  շուրջ փորձեցինք  զրուցել ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:

- Պրն Աթանեսյան, կինն ու տղամարդը հավասա՞ր են:

- Նրանք երբեք հավասար չեն եղել, նաև հստակ չի եղել, թե ով ումից է բարձր: Կարծում եմ, որ կին-տղամարդ ներքին կոնֆլիկտը միշտ էլ եղել է: Եթե երկու սեռերի միջև պայքար կա, ուրեմն նրանք հավասարազոր են, որովհետև միայն հավասարների միջև կարող է պայքար լինել:

- Այդ դեպքում ինչո՞ւ տղամարդիկ թույլ չեն տալիս կանանց սոցիալապես աճել:

- Կանանց ոչ ոք չի ստիպում կամ չի արգելում դառնալ նախագահ, պատգամավոր, վարորդ և այլն: Նրանք են որոշում՝ ինչ անել: Կնոջն արգելելու ոչ մի մեխանիզմ, կարծրատիպ չկա, նույնիսկ կենցաղում: Եթե կինը չի զբաղվում քաղաքականությամբ,  ապա միայն այն պատճառով, որ նա ունի այլ հոգսեր, որոնք պակաս ծանր չեն: Համոզված եմ, որ կանայք կարող են դառնալ ինչ ցանկանան, քանի որ պատմությունից գիտենք` քիչ չեն եղել հայտնի և հերոսական կանայք: Իսկ ո՞վ է ասել, որ ուժեղ կնոջ մոտ ուժեղ տղամարդ չի կարող լինել:

- Ինչպիսի՞ն է կնոջ սոցիալական կարգավիճակը մեր երկրում:

- Շատ բարձր: Այդ իրավունքը նա ստացել է սեփական ջանքերի, աշխատանքի և իմաստության շնորհիվ: Ցավոք, կինն այսօր խառը ֆունկցիաներով է օժտված և չես հասկանում՝ նա կի՞ն է, թե՞ տղամարդ, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց հետ շփումը: Երեխա ունենալն էլ մնացել է միակ ֆունկցիան, որով կինը տարբերվում է տղամարդուց:

- Իսկ տղամարդո՞ւ կարգավիճակը:

- Իրականում մեզ մոտ տղամարդկանցից դեռ շատ սպասելիքներ կան (հատկապես ֆինանսապես), բայց այսօր տղամարդու դեֆիցիտ կա: Եվ հիմնական պատճառը մայրն է, որ տղամարդը տղամարդ չի դառնում: Տղամարդը շատ լավ գիտակցում է, որ եթե չանի այն, ինչ հասարակությունն է պահանջում, կարժանանա այդ հասարակության և կնոջ վատ վերաբերմունքին: Միայն ֆինանսական սպասելիքների մասին չէ խոսքը, այլ հոգեբանական: Տղամարդը նույնպես սեր և հարգանք է ակնկալում կնոջից: Ուստի տղամարդկանց իրավունքները ևս պաշտպանության կարիք ունեն, հակառակ դեպքում դարձյալ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում:

- Շատ փիլիսոփաներ, գրողներ պնդում էին, որ կինն ընդամենը երկրորդական, ոչ կարևոր էակ է, որն անհրաժեշտ է միայն սերունդը շարունակելու համար:

- Բայց եղել են նաև հակառակը պնդող ականավոր մարդիկ, որոնց կարծիքով` կինը կյանքի իմաստն է: Իրականում ոչ ոք չի ստիպում կնոջը լինել երկրորդական, նա է ընտրում այդ դերը: Կինը պետք է դառնա նախագահ, պատգամավոր, վարորդ, որ հասկանա` դա ամենալավ տարբերակը չէ, և վերադառնա նախկին դերին: Երբեմն էլ կանայք մտածում են՝ եթե հնարավոր է ամեն ինչ ձեռք բերել տղամարդու միջոցով, ինչո՞ւ տանջվել: Մի խոսքով, հավասարությունը չի կարող պարտադրվել, կինն ունի խոսքի, մտքի ազատություն: Կարևորը` չխաբի ո՛չ իրեն, ո՛չ էլ ուրիշներին:

- Ինչպիսի՞ն պետք է լինեն երկու սեռերի իդեալական դերերը:

- Չկա իդեալական ոչինչ: Ճիշտ կլիներ, որ Հայաստանում տղամարդիկ ավելի շատ շփվեին կանանց, իսկ կանայք՝ տղամարդկանց հետ, քանի որ դրսում տղամարդկանց կամ կանանց բամբասող խմբակույտերը պոտենցիալ ագրեսիայի պատճառ են: Իսկ երկու սեռերի կապը, շփումը միմյանց հետ չեզոքացնում է բացասական էներգիան:

- Ինչի՞ց սկսել շտկել:

- Ծնողներից: Նրանք պետք է չթաքցնեն իրենց զգացմունքները երեխաներից, այլ միմյանց ձեռքից բռնեն և բացեիբաց համբուրվեն՝ դրական օրինակ ծառայելով նրանց: Այդ առումով ԶԼՄ-ները ևս շատ անելիք ունեն: Իսկ այն կարծիքը, թե կոնֆլիկտային վիճակի լուծման համար մի կողմը միշտ պիտի զիջի, կարծրատիպ է: Հավասարների միջև խաղաղությունն ավելի կայուն է:

 

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ