Տերով անտերություն

պռոշյան (1)6000 հազար բնակիչ ունեցող Պռոշյան համայնքն  առավել հայտնի դարձավ ապրիլյան իրադարձություններից հետո, երբ օրը ցերեկով գյուղապետարանի մոտ սպանեցին   ազատամարտիկ գյուղապետին: 40 օր անց  պանթեոնի հուշակոթողին, որտեղ թաղված է գյուղի 7 ազատամարտիկ, այդ թվում նաև  գյուղապետը, ստահակը թողեց իր արյունոտավարտվեց հանդեսը» ուղերձը:

Ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնելը  թուրքին բնորոշ ձեռագիր է, ուստի ոչ միայն պռոշյանցու,այլև բոլորիս ողբերգությունն է:  Պռոշյանցիները սիրում էին իրենց գյուղապետին, ուստի լարված իրավիճակը  միանգամայն հասկանալի է: Այն էլ ավելի սրվեց, երբ մարզպետ Շահգալդյանը դպրոցի խորհրդի անդամ, բուժքույր Արմինե Մելիքյանին գյուղապետի նոր պաշտոնակատար նշանակեց, որին գյուղացիները մեղադրում են դպրոցի տնօրենի ընտրություններն  արդեն 3-րդ անգամ բոյկոտելու մեջ:

Համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը լավ գիտի, որ «ՏԻՄ-երի մասին» օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` մարզպետը 40-օրյա ժամկետով ժամանակավոր պաշտոնակատար պիտի նշանակի` մինչև նոր ընտրությունը: Իսկ այն նշանակված էր հուլիսի 14-ին:

Առանց այն էլ անչափ ծանր իրավիճակում հայտնված և  7 ամիս էլ  անտնօրեն մնացած դպրոցի և դրա շուրջ ծավալվող իրոդարձություններն ամեն պռոշյանցի իրենն է համարում, որովհետև   իրենց զավակներն են այնտեղ սովորում: Թեև քիչ չեն մայրաքաղաք հաճախողները:  Մի կերպ ուսումնական տարին փակեցին հույսով, որ, ի վերջո, տնօրեն կընտրվի, ամառային արձակուրդին էլ զուգարանների չգոյության խնդիրը կլուծեն: (Բնական պահանջը բավարարելու համար աշակերտը հաճախ տուն է վազում կամ  դասամիջոցը հերթում անցկացնում):

«Անչափ նեղվածք է, բավական չէ 350 տեղանոց մասնաշենքում 700 աշակերտ է սովորում,- սրտնեղում է 43 տարվա մանկավարժ Արմեն Խաչատրյանը,- դպրոցի 12 զուգարանից ընդամենը 4-ն է աշխատում, այն էլ սեփական նախաձեռնությամբ, նախկին գյուղապետի աջակցությամբ մի կերպ կարգի ենք բերել այս տարի: Դպրոցի վատթար վիճակից է, որ 100 աշակերտ Երևան է հաճախում: Այո, դժվար չէ պատկերացնել, թե 700- աշակերտանոց դպրոցի 5-10 րոպեանոց դասամիջոցները ի~նչ «էֆեկտիվ » են անցնում: Այս դեպքում «կարգի» բերելն էլ հարաբերական է, քանզի դպրոցը կոյուղի չունի և 700 աշակերտի կեղտաջրերն անարգել բակ են դուրս գալիս` ոչ միայն գարշահոտություն, այլև հազար տեսակ վարակ տարածելով շուրջբոլորը»:

Թերևս չէր խանգարի, որ կոճակ սեղմող մեր այդ պատգամավորները, մանավանդ նրանք, որ կողմ են քվեարկել  Դիլիջանում կառուցվելիք միջազգային դպրոցին հարկային արտոնություն տալու օգտին,  սեփական աչքերով տեսնեին այս «գորշ» իրավիճակն ու հետևություն անեին:  Եթե գնալու քաջություն ունենան, չմոռանան իրենց հետ տանել նաև մարզպետին ու նախարարին, որոնց համառ ջանքերով էլ, ըստ կառավարման խորհրդի նախագահ Խաչատրյանի, բոյկոտվում են տնօրենի ընտրությունները:

Իսկ դպրոցի խառնաշփոթը ստեղծվեց  2012 թ. նոյեմբերի կեսից, երբ նախկին տնօրեն, հայոց լեզվի և գրականության մասնագետ Մարիամ Պետրոսյանը ֆինանսական խախտում թույլ տվեց և սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից` 60 հոգանոց կոլեկտիվին ու բնակիչներին կրակի մեջ գցելով: Տնօրենի ժամանակավոր պարտականությունը դրվեց Աննա Մկրտչյանի վրա, նա էլ բացեց  փակագծերը: Ըստ նրա,  60 աշակերտի առկայության դեպքում միայն տնօրենը  3 դասարան  պահելու իրավունք ունի, պակասի դեպքում` 2:  Թեև հունվարից  աշակերտների թիվը պակասել էր, բայց դասարանների թիվը Պետրոսյանը 3-ն  էր թողել:

պռոշյանԸստ կանոնակարգի` երեք ամիս անց նոր տնօրեն պիտի ընտրվեր: Ճակատագրական այդ օրը հունվարի 17-ը դարձավ, որ շարունակվում է մինչ օրս: Եթե ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մկրտչյանը  3 ընտրությունների ձախողումը մարզպետարանի ներկայացուցչի և նախարարության փորձագետի բացակայությամբ պայմանավորեց, ապա այդքանից հետո տարօրինակ էր նրա  լավատեսությունը. «Հուլիսի 8-ին  երրորդ ընտրությունն է նշանակվել: Այս պահին մայրաքաղաքից երկու թեկնածու ունենք: Երկուսն էլ` մեր դպրոցից:  Չգիտեմ` 10 տարի այս դպրոցի տնօրեն աշխատած Դավիթ Դավթյանն իր թեկնածությունը կդնի, թե ոչ: Մեկն էլ մեր տնօրենի տեղակալն է (մասնագիտացված աջակցությունների գծով), որ նոր է հավաստագիրը վերցրել: Մեր միջոցներով նորոգած 4 սանհանգույց ունենք, այնպես չէ,որ չունենք, ինչպես ներկայացնում են…»:

Տիկին Մկրտչյանի` Դավիթ Դավթյանի թեկնածությունը դնել չդնելու մտահոգության առնչությամբ արժե հիշել, որ հունվարի 17-ի ընրությամբ  Դավթյանն արդեն ընտրվել է,  սակայն ընտրության արդյունքը ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ մարզպետարանը չեն ընդունել: Հիմա Դավթյանը արդարություն է փնտրում դատարանում: Ի դեպ, հունվարյան ընտրությանը մասնակցել է նաև Տաթևիկ Կյուրեղյանը, որը 1 ձայն է ստացել, իսկ Դավթյանը` 4:  «Քանի որ ընտրական կանոնակարգի 28-րդ կետը  երկրորդ ընտրություն անցկացնելու հնարավորություն տալիս է, որին կարող են մասնակցել  2 և ավելի ձայն ունեցողները, ապա  Տաթևիկը հաջորդ օրվա ընտրությանը չմասնակցեց, քանի որ 1 ձայն էր հավաքել: Իսկ Դավիթ Դավթյանը 5 ձայնի առավելությամբ տնօրեն ընտրվեց»,- պարզաբանում է մաթեմատիկայի ուսուցիչ պրն Խաչասրյանը: Քվորումն ապահովված էր,որովհետև 8 անդամն էլ մասնակցել են ընտրությանը: Բայց մարզպետն այդպես էլ չհաստատեց,որովհետև մարզպետի և նախարարության ներկայացուցիչները հատուկ կարծիք  էին հայտնել` իբր փոքր տարածքում է ընտրությունը կատարվել, ինչի պատճառով էլ ընտրության գաղտնիությունը չի ապահովել:

Ի վերջո, նախարարությունում երկու հանձնաժողով  է ստեղծվել: Դավթյանն էլ որոշել է իր իրավունքը  դատարանի միջոցով վերականգնել:

Հանելուկ է մնում, թե ինչո՞ւ ընտրվածին չեն ընդունում, մյուս ընտրություններն էլ բոյկոտում են: Ո՞րն է նախարարության ու մարզպետարանի կողմից բեմադրված երեք արարանոց այդ ներկայացման տրամաբանությունը:

Ի վերջո, 43 տարվա մանկավարժի նյարդերը տեղի տվեցին, ու նա խոստովանեց ողջ ճշմարտությունը.

Պարզվում է՝ առաջին անգամ ընտրված Դավիթ Դավթյանին մարզպետը չի հաստատել, որովհետև երկրորդ ընտրությամբ ուզում էին  տնօրեն ընտրել Ռուզան Վարդանյանին, որը  մինչ այդ հավաստագիր չուներ: Այդ ընթացքում նա դասընթացների է հաճախել, քննություններ հանձնել:Հավաստագիրը մայիսի 20-ից հետո է ստացել: Բոյկոտել են այնքան ժամանակ, մինչև մարզպետի ներկայացուցիչը` Ռուզաննա Խաչատրյանը, հավաստագիր ստանա:

Մարտ ամսին 262 ծնողի ստորագրությամբ մի նամակ են ուղարկել նախագահին,վարչապետին, թե ինչ վիճակում է Արցախում զոհված հերոսի  անվան դպրոցը: Խիստ են գրել: «Գրել ենք` պ-ն նախագահ, Դուք նրա հետ միասին խրամատում եք եղել, ճանաչում եք  Պետրոս Ղևոնդյանին, մի՞թե անհնար բան ենք խնդրում,- դառնացած ներկայացնում է բազմավաստակ մանկավարժն ու հիշեցնում, որ 1000 ստորագրությամբ մի նամակ էլ նոր պիտի ուղարկեն:-  Մենք ի՞նչ անենք, ինչպե՞ս  յոլա տանենք, երբ 15 միլիոն դրամ է անհրաժեշտ  հարցը կարգավորելու համար:  Հասկացանք` 350 տեղանոց դպրոցում 700 աշակերտ  մի կերպ խցկել ու յոլա  ենք տանում, երբ դպրոցի մասնաշենքերը, 1 հա ուսումնա-փորձնական հողամասը պ-ն մարզպետի թեթև ձեռքով վաճառված է: Թեև բալանսով մերն է, բայց սեփականության վկայականները տրված են ուրիշներին: Տարին երկու անգամ մարզպետը կարմիր կնիքով հաստատում է, որ մենք  9960 քմ. այգի ունենք, բայց իրականում այդ այգին մասնատված ու բաժանված է մարդկանց միջև: Քանի անգամ բարձրաձայնել ենք, գլխավոր դատախազին գրել, բայց ձայն բարբառո հանապատի: Ո՞վ է հաշվի առնում: Ո՞վ է տերը»:

Երբ գյուղամիջում զրուցեցի նաև մի քանի պռոշյանցիների հետ, համոզվեցի, որ դպրոցի  կարգավիճակը նրանց ոչ թե հոգնեցրել,այլ «զզվեցրել» է: Նորիկ Քոչարյանի ցավն էլ նույնն է, որի թոռնիկը նույնպես այդ դպրոցի սան է:«Երեք անգամ դպրոցի ընտրություն է եղել, բայց 7 ամիս է` այն անտեր է: Տնօրեն չի ընտրվել, որ դպրոցին տիրություն անի: Միակ ելքը երեխաներին դպրոց չթողնելն է, որ մեր կառավարությունը խելքի գա»: Նորիկի խոսքը մեկ այլ համագյուղացի կտրեց. «Ամեն օր փափուկ բարձ էին դնում գլխներիս տակ, թե այսօր, վաղը կանենք, ու չարին,իսկ հարևան Քասախում նոր դպրոց են կառուցում: Ոչինչ, սեպտեմբերի 1-ը յոթը սարի հետևում չէ, այն դասադուլով կսկսվի, նոր խելքի կգան»:

Որպեսզի նյութը միակողմանի չլիներ, ցանկացա նաև գուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմինեին հանդիպել: Սակայն  նա ինձ հետ հանդիպել չցանկացավ փաստելով, որ «ծախու լրագրողների հետ հանդիպելու ցանկություն չունի»: Որոշեցի արձանագրել տ-ն Արմինեի պաշտպան մի երիտասարդի տրտունջը: Նա խնդրեց ձայնագրիչն անջատել, անունն էլ չասաց: Մատնացույց արեց գյուղի՝ Շահումյանում անհայտ կորած Կարոտ Մկրտչյանի անվան մշակույթի պալատի շենքը՝ ասելով, որ 700 միլիոնը կերան, շենքն այդպես էլ անավարտ մնաց: Չհավատացի, այդքա~ն գումար փոքրիկ շենքը վերականգնելու համար: Ինչպես հետո իմացա, համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Վովա Սահակյանից, ոչ թե 700, այլ` 60-70 մլն:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ, հունիսի 17-ից Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Վրեժ Մնացականյանը, որը մարզպետի օգնականն է: Այս նշանակումից հետո, ինչպես ասում են, համայնքում հարաբերական հանգիստ է:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ