Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ

2838Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնանքի խոսքից և աղոթքից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
***

 

Վեհափա՛ռ Տեր,
Մեծարգո Նախագա՛հ Քոչարյան,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Մեծարգո Նախագա՛հ Ղուկասյան,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ հյուրեր, բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալ եմ նրանց, ովքեր վստահել են ինձ շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօրվա երդման արարողությամբ ես կրկին ստանձնեցի մեծ պատասխանատվություն, որի գիտակցումը անցած հինգ տարիների ընթացում ինձ չի լքել ոչ մի վայրկյան: Վեհամոր ավետարանը, որի վրա ես երդվեցի, հազար տարվանից էլ հին է: Նման պատմական ու մշակութային հենք ունեցող ազգի ղեկավար կարգվելը բացառիկ պատիվ է: Այս հանդիսավոր պահին ես խոստանում եմ այդ պատիվը բարձր պահել:

Որևէ նախագահի համար Սահմանադրությամբ նախատեսված երկրորդ ժամկետն ունի և՛ իր առավելությունները, և՛ իր բարդությունները: Հիմնական առավելությունը, իհարկե, կուտակված փորձն է, որ նման աշխատանքի դեպքում խիստ արժեքավոր է: Լրացուցիչ բարդությունները կապված են ժողովրդի ավելի մեծ ակնկալիքների և ավելի բարձր պահանջների հետ: Ես անելու եմ ամեն ինչ՝ այդ ակնկալիքներն ու պահանջները կյանքի կոչելու համար:

Առաջիկա հինգ տարիներին մեր պետության և ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են: Արդյունավետ և վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձևը:

Երկրորդ առաջնահերթությունը իրավունքի գերակայության ապահովումն է: Բոլորի հավասարությունը օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար:

Երրորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության խորացումն է: Համեմատե՛ք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ և կտեսնեք տարբերությունը: Համեմատե՛ք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատե՛ք հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ: Դա ես միայնակ չեմ անելու, դա անելու ենք միասին, սիրելի՛ հայրենակիցներ:

Արտաքին քաղաքականության ասպարեզում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը մնում և մնալու է մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման: Միաժամանակ մենք հետևողականորեն աշխատելու ենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ մենք չենք թերագնահատում միջազգային որևէ գործոն, մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց մենք պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին: Հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու կարևորությունը քննարկման առարկա չէ:

Մենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով: Առավել ևս չենք օգտագործել այդ հարցը իբրև պատրվակ՝ լռեցնելու համար ընդդիմադիրների ձայնը: Բայց մեր պարտքն ենք համարել անկեղծորեն և իրատեսորեն ասել, որ նման վտանգ գոյություն ունի:

Պատերազմ չտեսած և անպատասխանատու մարդիկ կարող են դրա հնարավորությունը դարձնել ցինիկ և ստորաքարշ շահարկումների առարկա: Ես նրանցից չեմ. ես գիտեմ և՛ ընկերոջ կորստի, և՛ հաղթանակի բերկրանքի գինը, դողացել եմ զինվորի կյանքի համար, նաև հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար: Ուստի Հայաստանի ժողովրդից ստացած վստահության քվեի ուժով հայտարարում եմ՝ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի: Ընդգծում եմ չըմբռնողների համար՝ յուրաքանչյուր մարտահրավերի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պարտադրանք, բռնություն, ահաբեկում, պատերազմ՝ սրանք են իրականության վերաբերյալ մեր հակառակորդի պատկերացումները: Այն իրողությունները, որ նրանք պարտադրում են սեփական ժողովրդին, նաև ցանկանում են պարտադրել մեզ:

Մենք նրանց այդ պայմանները մերժել ենք, և դրանք երբեք չենք ընդունելու: Մենք այլ իրականություն ենք կերտում. ինչպես արդեն ասացի՝ տնտեսական վերելք, օրենքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում: «Հայաստան» անունը առաջին հերթին պետք է զուգորդվի սրա՛նց հետ: Հենց սրանք են մեր հակափաստարկները, որ ներկայացնում ենք ինչպես մեր հակառակորդներին, այնպես էլ ողջ աշխարհին:

Մենք մեր հարևաններին առաջարկել ենք համամարդկային արժեքների վրա խարսխված արժանապատիվ խաղաղություն: Բայց անցած տարիների փորձը ցույց տվեց, որ նրանք պատրաստ չեն ընդունելու այդ առաջարկը: Որքան ավելի բարդ պայմաններ են նրանք, իրենց կարծիքով, ստեղծում մեզ համար, այդքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Եվ դա ավելի տեսանելի է լինելու:

Այսօր որքան անհավասար են մեր արտահանման պայմանները, այդքան ավելի ջանք մենք պետք է ներդնենք՝ հավելյալ արժեք պարունակող ապրանքներ ստանալու համար: Ներդնենք, որպեսզի ստանանք համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք ու ծառայություններ:

Մեր հիմնական առավելությունը մեր ժողովրդի, մեր մարդկանց նախաձեռնողականությունն ու տաղանդն է: Ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մեր տղաներն ու աղջիկները մեր զինվորների պես ամուր են պահում մեր երկրի անվտանգությունը: Իսկ նրանց հետ՝ նաև յուրաքանչյուր մարդ, ով ազնիվ աշխատում և արդյունք է տալիս:

Մեր հիմնական խնդիրն է՝ ավելացնել այդպիսի մարդկանց համար դրսևորվելու ուղիները: Տա՛նք մարդկանց հնարավորությունը՝ մնացած ամեն ինչ նրանք ինքնուրույն կանեն, կարարեն, կստեղծեն, կզարգացնեն:

Նաև այդ նպատակով մենք պետք է ապահովենք Հայաստան-սփյուռք գործակցության դինամիկ զարգացումը: Ես վստահ եմ՝ մենք միասին կարող ենք շատ ավելին անել: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք սփյուռքի ներուժը, առաջին հերթին՝ մարդկային կապիտալը: Մրցունակ և զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր կստանա Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ընտրարշավի ժամանակ մենք բոլորս խոսելու և մեր ծրագրերը ներկայացնելու լայն հնարավորություններ ունեցանք: Միաժամանակ, մեզնից յուրաքանչյուրը մտահոգված էր նրանով, որ իր ասելիքը հնարավորինս մանրամասն և ամբողջական կերպով տեղ հասնի: Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ: Այժմ եկել է տքնաջան ու հետևողական աշխատանքի փուլը: Այժմ ժամանակն է խոսքից գործին անցնելու, խոսքերը գործերով ամրագրելու:

Ուրեմն՝ ի գործ:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փառք հայ ժողովրդին:

 

Tags: