Գազի գնի բարձրացումը չպետք է կշտամբանքի պատճառ դառնա..

ՀրանտՄեր զրույցը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ Հայաստանի քաղաքակական համակարգի և դրա կարգավորման շուտափույթ ելքեր գտնելու թեմայի մասին է:

- Պրն. Շահնազարյան, ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքական համակարգն այսօր:

- Այն բարեփոխումների փուլում է: Քաղաքական ազատությունները` որպես մեխանիզմ, վերջին երկու-երեք տարվա ընթացքում բավական ազատականացվել են` նոր հնարավորություններ ընձեռելով ավելի քիչ պոտենցիալ ունեցող քաղաքական ուժերին: Դա պայմանավորված է նաև նրանով, որ նախկինում ընդդիմության գործունեությունը, որն այնքան էլ քաղաքական չէր և հիմնականում հիմնված էր քննադատության վրա, տարիների ընթացքում իրեն սպառեց, ու հասարակությունը սկսեց քաղաքական դաշտում բևռներ փնտրել: Այդ ուժը  կարծես ձևավորվում էր նախագահի ընտրությունների ժամանակ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ հետևողական քայլերը վերջին հաշվով հանգեցրին հասարակության հիասթափության:

- Հատկապես ո՞ր քայլերն էին անհետևողական:

- Նա մտել էր քաղաքականության մեջ առանց հստակ ծրագրի: Ր. Հովհաննիսյանի ծրագիրն ավելի լոզունգային էր և իրականացման համար մեխանիզմներ չուներ: Նրա երկրորդ բացթողումը քաղաքական թիմի բացակայությունն էր, ինչն էլ հանգեցրեց մարդկանց անվստահության:

- Ասացիք, որ բարեփոխումներ են կատարվում: Հատկապես  ո՞ր ոլորտներում:

- Իրավական, արդարադատության, իրավապահ մարմինների, սոցիալական (օրինակ՝ աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում), նաև տնտեսության ոլորտներում: Իհարկե, դեռևս անհաջող, բայց առաջընթացի ձգտումներ երևում են: Այդ բարեփոխումների վառ ապացույցը վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններն են, ինչը կարծես օլիգարխիայի հիմքերը թուլացնելու միտում ունի: Չեմ ժխտում, որ պետությունը չունի բավարար ռեսուրսներ ավելի արագ առաջընթացի համար, կամ գուցե լավ չի կարողանում  դրանք տնօրինել, քանի որ ունենք ստվերային տնտեսություն, օլիգարխիկ իրավիճակ, ամենաթողություն, հարկերից խուսափելու, նույնիսկ` բյուջեի մսխումների դեպքեր, բայց և շարժ տեսնում եմ:

- Այսինքն՝ ներկայիս ՀՀ քաղաքական  համակարգն ավելի շատ ռեֆորմիստական բնույթ ունի: Իսկ լավ քաղաքական գործիչների պոտենցիալի պակաս նկատո՞ւմ եք:

- Իրականում նոր դեմքեր ձևավորվում են: Քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնց արդյունքում ուշ թե շուտ կտեսնենք կա՛մ նոր քաղաքական ուժերի ձևավորում, կա՛մ եղածների արմատական վերափոխում: Կարծում եմ` այդ գործընթացները կսկսվեն այս աշնանը, քանի որ նախադրյալներ կան, սակայն մարտավարության խնդիր կլինի:

- Ընդդիմության դե՞րն ինչպես կգնահատեք:

- Քաղաքական ընդդիմությունը` որպես այդպիսին, ջախջախված է: Նրանք իրենք իրենց սպառեցին: Այդուհանդերձ, ընդդիմադիր տրամադրությունները հասարակության մեջ բավական մեծ են և լուրջ ազդեցություն ունեն երկրի ներքին զարգացումների վրա: Այսօր քաղաքական դաշտում մնալու բավարար պոտենցիալ ունի օրինակ՝ «Ժառանգություն» խմբակցությունը, ինչպես նաև ԲՀԿ-ն, որը դեռևս կարողանում է բարեհաջող խուսանավել իշխանության և ընդդիմության միջակայքում: Ընդդիմությունը հայտարարում էր, որ պետք է պայքարի բռնապետության դեմ, բայց դա քաղաքական պայքար չէ, քանի որ բռնապետությանը հնարավոր չէ քաղաքական մեխանիզմներով հաղթել, այլ պետք է հեղափոխության դիմել: Ուստի, եթե ընդդիմությունը շարունակի գործել նախկին մեթոդներով՝ իշխանությանը հայտարարելով չարիք և նրան չընդունելով որպես քաղաքական մրցակցի, կարժանանա նույն ճակատագրին, ինչ ժամանակին Լևոն-Տեր Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց եթե քաղաքական գործընթացներն ուղղված լինեն մեխանիզմներ մշակելուն և խնդիրներ լուծելուն, ապա տարբեր հատվածական ձևավորվող «բջիջներ» կկարողանան միավորվել՝ հանգեցնելով դրական արդյունքի, անկախ այն հանգամանքից, թե ով կգա իշխանության:

- Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ քաղաքական համակարգի ընդդիմությունը

- Այն պետք է գործի քաղաքականության շրջանակներում՝ խուսափելով լոզունգային ուժ լինելուց: Անհրաժեշտ պահին նաև համագործակցի իշխանությունների հետ՝ քաղաքական լուծումներ գտնելու և երկրին իսկապես օգուտ տալու ուղղությամբ: Միայն քարկոծելով հարց չի լուծվի, քանի որ այդ կերպ այլընտրանք չես թողնում՝ հանգեցնելով հասարակության հիասթափության:

-Մեր հասարակությունը պատրա՞ստ է հեղափոխության:

- Իհարկե ոչ: Հեղափոխության պատրաստ չէ նաև իշխանությունը: Իրականում հայ հասարակությունը, որքան էլ դժգոհ լինի իշխանությունից, այն բռնապետություն չի համարում: Այսօր մեր հասարակությունը պայքարելու այլ միջոցներ է գտել՝ ազատ խոսք, արտահայտման հնարավորություններ և այլն: Պետք է հասկանալ, որ հայ ժողովրդի պատմության մեջ երբեք չի եղել քաղաքացիական պատերազմ և կարծում եմ՝ երբեք չի լինի:

- Ի՞նչը միանգամից կքանդի օլիգարխիկ «սարդոստայնը»:

- Հեղափոխությունը, որին խիստ դեմ եմ: Խնդիրն այն է, որ օլիգարխիան մեծ կապիտալներ է տնօրինում և շատ աշխատատեղեր ստեղծում: Իսկ դա միանգամից քանդելը կհանգեցնի կապիտալի արտահոսքի, աշխատատեղերի փակման՝ էլ ավելի բարդացնելով առկա սոցիալական խնդիրները: Ուստի թույլ տնտեսություն ունեցող և ռազմական իրավիճակում գտնվող պետություններում ցանկացած փոփոխություն պետք է լինի փուլային, և ամեն ինչ հարթվի ժամանակի ընթացքում՝ օլիգարխներին օրենքի դաշտ բերելու ռազմավարությամբ:

- Ինչպիսի՞ն կլինի Հայաստանը հինգ տարի անց:

- Դժվար է կանխատեսել, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում այնքան արագ է փոփոխվում, որ նույնիսկ դժվար է ասել՝ պատերազմ կլինի՞ Ադրբեջանի հետ, թե՞ ոչ: Սակայն, եթե տրամաբանությամբ զարգանա, ապա նոր տեխնոլոգիաների կիրառմամբ միջին շերտ կձևավորվի: Դրական արդյունք ունենալու համար անհրաժեշտ է առաջնային խնդիրների շուտափույթ լուծում, ինչպիսին է, օրինակ՝ արտագաղթը և այլն:

- Հայաստանի ծաղկումը որքանո՞վ ձեռք կտա գերտերություններին:

- Ամուր Հայաստանը ձեռնտու է թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին: Ռուսաստանի համար տարածաշրջանում դաշնակից ունենալու, Իրանի, Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու, իսկ Արևմուտքի համար՝ Թուրքիայի տարածաշրջանի ակտիվացման նպատակով: Հայտնի է, որ Թուրքիան ակտիվ աշխատում է հարևան երկրների հետ, և Հարավային Կովկասում քաղաքական ակտիվությունը բացառապես Հայաստանի գործոնով է զսպվում: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բացի արցախյան խնդրից, գերտերությունները համաձայնեցնում են իրենց տարածաշրջանային քաղաքականությունը, և Հայաստանի պատճառով Թուրքիան մուտք չունի: Հայաստանը համաշխարհային քաղաքականության մեջ ընկալվում է որպես Հարավային Կովկասում խաղաղության և կանխատեսելիության պահպանման հիմնական երաշխիքներից մեկը, հետևաբար ՀՀ-ում կայունությունը ձեռնտու է բոլոր գերտերություններին, ինչպես նաև Իրանին:

- Իսկ վերջերս գազի բարձրացումն ի՞նչ նշանակություն ուներ:

- Ռուսաստանը վաղուց փոխել է իր էներգետիկ քաղաքականությունը բոլորի, այդ թվում նաև Ուկրաինայի, Բելառուսի նկատմամբ: Հայաստանի համար գազի գինը միջին շուկայականից ավելի ցածր է: Այլ հարց է, որ պատերազմական և սահմանափակման մեջ գտնվող երկրի համար դա ուժեղ հարված է, որը ռազմավարական գործընկերն իրավունք չուներ անելու, հատկապես այն ժամանակ, երբ ինքն էլ տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում: Այդուհանդերձ, գազի գնի բարձրացումը չպետք է կշտամբանքի պատճառ դառնա, քանի որ նույն Ռուսաստանը հայկական ռազմական ուժերին բավական լուրջ տեխնիկա է նվիրաբերել: Այդ հանգամանքին դիմակայելու համար պարզապես նոր մեխանիզմներ են անհրաժեշտ, ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնել:

 

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի

Tags: ,