«Բարով եկաք». հայրենադարձներն օգնում են նորեկներին հաստատվել հայրենիքում

hayrenadardz-2Օրեր առաջ երևանյան սրճարաններից մեկը վերածվել էր յուրօրինակ հայկական «խառնարանի». հավաքվել էին հայեր աշխարհի տարբեր ծայրերից: Բոլորին միավորել էր մեկ գաղափար` հայրենադարձությունը, իսկ նրանցից շատերն արդեն գաղափարը կյանքի էին կոչել` վերադառնալով և հաստատվելով հայրենիքում:

Նախաձեռնությունը «Վերադարձ Հայաստան» (www.repatarmenia.org) հիմնադրամինն էր, որը պարբերաբար նման հանդիպումներ է անցկացնում` նպատակ ունենալով ներկայացնել արդեն հաստատված հայրենադարձների հաջողված փորձը, ամրապնդել նոր եկածների սոցիալական կապերը: Հանդիպումներին մասնակցում են նաև տեղացիներ, որոնք նույնպես ցանկանում են օգտակար լինել նորեկներին: Միջոցառման անվանումն էր` «Բարով եկաք» (Meet and greet):

«Վերադարձ Հայաստանի» համահիմնադիր Վարդան Մարաշլյանը, որը մոտ երեք տարի առաջ հայրենադարձվել է Ռուսաստանից, ասում է, որ գոյություն ունեն պոտենցիալ հայրենադարձներ, որոնցից շատերը գալիս են Հայաստան, այսպես ասած, մթնոլորտն ուսումնասիրելու, բայց, ցավոք, նրանց մատուցվում է միայն բացասականը, որի մեջ արդեն չեն նկատում այն դրական տեղաշարժերը, որ տեղի են ունենում Հայաստանում: Այդ մարդիկ այլևս չեն ուզում վերադառնալ հայրենիք:

«Վերադարձ Հայաստանի» հիմնական խնդիրն է քարոզել և ճիշտ ներկայացնել  հայրենադարձության գաղափարը` հիմնվելով անձնական օրինակների վրա, կրթական և մշակութային ծրագրեր իրականացնել մինչև հայրենադարձությունը, մարդկանց ներկայացնել առաջնահերթ բոլոր տեղեկությունները Հայաստանի մասին` առավել դյուրին դարձնելով հայրենադարձության գործընթացը և բոլոր փուլերում լինելով այդ մարդկանց կողքին:

Վարդան Մարաշլյանն ասում է, որ կարճ ժամակահատվածում իրենց հաջողվել է լուրջ աշխատանք կատարել: Նախ` հիմնադրամի շուրջ են համախմբվել վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում հաստատված շուրջ 600 հայրենադարձներ, որոնք սեփական փորձով օրինակ են դառնում մյուսների համար: «Վերջին մեկ ամսվա ընթացքում միայն մենք գիտենք տասը հոգի, որ տեղափոխվել են Հայաստան, և աշխարհագրությունը շատ հետաքրքիր է` Կանադա, Ամերիկա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Լիբանան, Իրան»,-թվարկում է նա:

«Բարով եկաք»-ին մասնակցում էին մի քանի տասնյակ սփյուռքահայեր, որոնք հերթով ներկայացնում էին, թե որտեղից են եկել, ինչով են զբաղվում և այլն: Օրինակ` Սամսոնը ծնվել է Հայաստանում, հետո մեկնել է Շվեդիա, երկար տարիներ ապրել այնտեղ, իսկ 2010-ին վերադարձել է Հայաստան և ներդրումային կազմակերպություն հիմնել: Արշակը նույնպես Հայաստանում է ծնվել, հետո տեղափոխվել Ֆրանսիա, ապրել Փարիզում, սակայն մեկ տարի առաջ վերադարձել է հայրենիք և ծրագրեր է իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անին հանրային առողջության մասնագետ է, Ամերիկայից է եկել, հետազոտություն է անցկացնում կանանց վերարտադրողական առողջության ոլորտում: Թամարը Կանադայից է, առայժմ կայուն աշխատանք չունի, անգլերեն է պարապում: Անահիտն էլ Լոնդոնից է վերադարձել հայրենիք, աշխատում է «Վերադարձ Հայաստանում»` օգնելով նորեկներին աշխատանք գտնելու հարցում:

Վարդան Մարաշլյանը շնորհակալություն է հայտնում բոլորին և ցանկանում, որ ամուր կապեր հաստատեն Հայաստանում. «Կարևորն այն է, որ հոսքն ավելանա, և պահպանելով որակը` ձեռք բերենք նաև քանակ,- ասաց նա` կատակով ավելացնելով,- և տա Աստված, որ դուք ավելի քիչ առիթ ունենաք շփվելու Հայաստանի տաքսու վարորդների հետ և ավելի շատ շփվեք մեզ պես մարդկանց հետ»:

Դիմելով մասնակիցներին` նա ասաց, որ «Վերադարձ Հայաստանի» մասին տեղեկատվությունը դրսում տարածելու ամենալավ միջոցը հենց նրանք են: «Մեզ պիտի ճանաչեն և դիմեն, և մենք պիտի կարողանանք ավելի շատ մարդկանց օգնել, որպեսզի Հայաստան վերադառնալու որոշում կայացնեն: Մեր հիմնական ուժը հենց դուք եք` հայրենադարձներդ»:

Վարդան Մարաշլյանը ներկաներին նաև տեղեկացրեց, որ առաջիկայում մեկնելու են Օձուն` ցանկացողներին հրավիրելով միանալ իրենց:

Հանդիպմանն ու ծանոթությանը զուգահեռ նման միջոցառումների ժամանակ ամեն անգամ մասնակիցներին ներկայացվում է նաև սոցիալական մի ծրագիր: Այդ օրը ներկայացվեց «One Armenian» միջոցների հայթայթման ծրագիրը, որով բարեգործական ծրագրեր են իրականացվում Հայաստանի գյուղերում ու տարբեր վայրերում: Ցանկացողները միանում են նախաձեռնությանը:

Միջոցառման մասնակիցների մեջ, սակայն, կային սիրիահայեր, որոնք պատերազմի պատճառով էին վերադարձել Հայաստան և առայժմ աշխատանք չունեին, անորոշության մեջ էին: Իսկ, օրինակ` 18-ամյա Սարգսի ընտանիքը մեկ տարի է արդեն` Հայաստանում է և մեկընդմիշտ հաստատվել է այստեղ: Սարգիսն ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան, ծնողները բիզնեսով են զբաղվում, սեփական բնակարան ունեն:

Սիրիայից Հայաստան տեղափոխված երիտասարդ Մեղրիկը մինչև Սիրիայում իրավիճակի վատանալն էր եղել Հայաստանում ու Արցախում և շատ էր հավանել: Նրա երազանքն էր հայրենիք վերադառնալ: Սիրիայում սկիզբ առած դեպքերի պատճառով նրա ընտանիքը տեղափոխվում է Հայաստան: Ճիշտ է` դժվարությունները շատ էին, բայց արդեն հաստատվել են, սեփական փոքրիկ բիզնեսն ունեն: Մեղրիկն արդեն չի պատկերացնում իր կյանքը Հայաստանից դուրս: «Այլևս չեմ ուզում Սփյուռքի կոմպլեքսները ապրել, հոգնել եմ,- ասում է նա,- ես իմ մանկության ժամանակ շատ եմ տառապել: Մի օր ծնողներիս հարցրեցի, թե ինչու ենք մենք տանը հայերեն խոսում, դրսում` արաբերեն, մայրս ասաց` որովհետև մենք հայ ենք: Լավ, եթե հայ ենք, ինչո՞ւ Հայաստանում չենք,- զարմացա ես: Չեմ ուզեր, որ իմ երեխաներն էդ կոմպլեքսը ապրին: Թող իմ երեխաները լինեն սովորական հայ` սովորական հայրենիքին մեջ, թեկուզ և փողն ավելի քիչ լինի: Եվ թող ինձ չհամոզեն, որ դրսում կյանքն ավելի լավն է: Ես ինձ էստեղ ապահով եմ զգում: Առաջ ես կարող ա ծիծաղեի, երբ ինձ ասեին` հողի ուժը, իսկ հիմա շատ լավ եմ հասկանում այդ բառի նշանակությունը` իսկապես զգալով այդ հողի ուժը»:

Tags: ,