Միշտ պատրա՛ստ եղեք ատելության… Մարգարեթ ֆոն Թրոթան` կին ռեժիսորներին

MԿինոռեժիսոր Մարգարեթ ֆոն Թրոթան Երևանում էր իր յուրահատուկ պատմական դիմանկարով, որը պատմում է մի հրեա փիլիսոփայի` Հաննա Արենդտի մասին: Նա ֆիլմի վրա աշխատել է 2004-ից: Ներկայացնում ենք «Անկախի» հարցազրույցը Մ. ֆ. Թրոթայի հետ:

- Մարգարե՛թ, ինչո՞ւ որոշեցիք հենց այդ թեմայի` հրեա փիլիսոփայի մասին ֆիլմ նկարահանել:

- Գերմանիայում ապրող հրեուհին` Հաննան, շատ հետաքրքիր կենսագրություն է ունեցել: Նա ինձ շատ էր գրավում իր մտածելակերպով: Այդ փիլիսոփան դարձել է կուսակցության անդամ, ամուսնացել Վոլթեր Բենջամինի հետ և միասին գաղթել Ամերիկա: Փորձեցի նկարահանել նրա կյանքն ու հատկապես միտքը:

- Բայց ինչպե՞ս կարելի է նկատել և նկարահանել միտքը

- Հետաքրքիր հարց էր: Քանի որ միտքն անտեսանելի է, այն նկատելի կարելի էր դարձնել միայն Ադոլֆ Էյխմանի, այսինքն` Հաննայի դատավարության միջոցով, որը տեղի է ունեցել 1960-1964-ին:

- Ինչպիսի՞ն էր նախագծի վրա աշխատելու ընթացքը:

- Խոստովանում եմ` բարդ էր: Սկզբից իմ պրոդյուսերները չէին հասկանում` ինչո՞ւ եմ ընտրել հենց այս հերոսուհուն և ոչ թե այլ փիլիսոփայի: Նրանք ամեն ինչ կոմերցիոն տեսանկյունից էին դիտում:

- Հետաքրքիր է: Ուրեմն գեղարվեստական ֆիլմի Բարբարա Ջուկովայի հրաշալի և երկարատև ճառն իր մեջ ինչ-որ բան թաքցնում է:

- Այն շատ լավ ներկայացնում է Հաննայի մտքերը:

- Համաձա՞յն եք Հաննայի` «Մտածելը կարող է մարդուն պաշտպանել» մտքին:

- Հաննան այնքան էլ իրավացի չէ այդ տեսանկյունից: Ֆիլմում Հայդեգերի կարևոր դերի նպատակն էլ հենց մեզ ցույց տալն էր, որ մտածող մարդն էլ է սխալվում: Միաժամանակ չեմ մոռացել ներկայացնել հերոսուհու անձնական կյանքը:

- Ինչպիսի՞ն էին արձագանքները Գերմանիայում և Իսրայելում ֆիլմին ու հատկապես կերպարին:

- Իսրայելցի իմ գործընկերները սիրում են Հաննային, դրա համար էլ ֆինանսավորել են ֆիլմը, իսկ Իսրայելի պաշտոնական դիրքորոշման դեմ յուրաքանչյուր գործողություն, կարծիք Գերմանիայում դիտվում է որպես հակասեմականություն, ինչը սխալ է: Այդուհանդերձ, Քլոդ Լանզմանը չի սիրում ո՛չ իմ ֆիլմը, ո՛չ էլ Հաննային, քանի որ նա Բովուարի սիրեկանն էր, մինչդեռ Հաննան չէր սիրում Բովուարին, և այդկերպ շղթան շարունակվում է: Հաննային չհամակրողներ կարելի է գտնել նաև Նյու Յորքում:

- Ասում են` ֆիլմ նկարահանելը, ռեժիսուրան կնոջ գործ չէ:

 

- Այո՛: Կնոջ ճանապարհը կինոաշխարհում բնավ հեշտ չէ: Երբ նոր էի ասպարեզ ներխուժել, ուզում էի հասկանալ` արդյոք ուզո՞ւմ եմ ռեժիսոր դառնալ, թե՞ ոչ: Իհարկե, սկզբից հանդես եկա որպես դերասանուհի, այնուհետև նկարահանվելով, հարցեր տալով, ինքնակրթությամբ կատարելագործվեցի և սկսեցի ֆիլմեր նկարահանել:

- …Եվ դերասանական փորձը Ձեզ օգնեց ընդհանուր լեզու գտնելու Ձեր ֆիլմերի դերասանների հետ

- Միանշանակ: Մինչ կինո նկարելը պետք է մտնել դերասանի մաշկի տակ:

- Բացի դրանից, ի՞նչ պետք է հաշվի առնեն ռեժիսորներն իրենց ամենօրյա աշխատանքում:

- Եթե նրանք տեսնում են գեղեցիկ մայրամուտ, պետք չէ այն միանգամից նկարահանել, այնուհետև մտածել` ինչպես կարելի է այն ֆիլմում օգտագործել: Կին ռեժիսորներին էլ կասեմ հետևյալը. պատրա՛ստ եղեք ատելության, տարբեր հարվածների, քննատական կարծիքների… Իսկ մյուսներին խորհուրդ կտամ շատ ֆիլմ դիտել և դրանք ինքնուրույն վերլուծել` չհետևելով ուրիշների համոզմունքներին:

- Ի դեպ, դա բոլոր ռեժիսորներն են ասում:

- Դե, ռեժիսորներս պե՞տք է, չէ, մի ընդհանուր հատկանիշ ունենայինք…

Ելենա Չոբանյան

Tags: