Արամ Սարգսյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում

IMG_0861“Բարձր գնահատելով ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Հակոբի Սարգսյանի հսկայական ներդրումը հայրենական և մասնավորապես` Գյումրու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդը, ինչպես նաև վաստակած հեղինակությունն ու համբավը, Գյումրի համայնքի ավագանու 2013թ. հունիսի 18-ի 66-Ա որոշմամբ Արամ Հակոբի Սարգսյանին շնորհել «Գյումրի պատվավոր քաղաքացի» կոչումը»: Այս տողերով վկայականն այսօր պաշտոնապես հանձնվեց գյումրեցի ըմբիշ, վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին` քաղաքապետի մասնակցությամբ:

Արամ Սարգսյանը ծնվել է 1948 թվականին Լենինականում, ավարտել թիվ 7 դպրոցը, ապա Պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը: 1973 թվականից աշխատել է որպես հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ: Մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է բազում հանրապետական չեմպիոններ ու մրցանակակիրներ. օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու գավաթակիրներ: Երկար տարիներ եղել է հանրապետության հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ հավաքական թիմի մարզիչ:

1996 թվականին ՀՀ հավաքական թիմը նրա ղեկավարությամբ մասնակցել է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում անցկացվող օլիպիական խաղերին, որտեղ Արմեն Նազարյանը դարձավ օլիմպիական խաղերի չեմպիոն: Այժմ մարզական գործունեությունը շարունակում է Մոսկվայում` ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում:

Օգտվելով առիթից, որ մարզիչ այս օրերին Գյումրիում է` նրան հանձնվեց պատվավոր կոչումը: Ստանալով պարգևը Սարգսյանը նշեց. “Լավ է ուշ, քան երբեք: Խորին շնորհակալություն: Եթե 1991-96թթ. Սարգսյան Արամն իր ուսերի վրա տարավ հայրենիքի տնտեսական ծանր վիճակը և դիմացավ, առավել ևս հեշտ պայմաններում կդիմանար, բայց իմ էստաֆետը հանձնեցի իմ աշակերտներին` Ալեքսանյան Գևորգին, Ջուլֆալակյան Լևոնին: Ես նույն մարդն եմ, ինձ մոտ ոչինչ չի փոխվել: Ես սիրելիներ չեմ ունեցել, ինձ մոտ ազնիվ մրցակցություն է եղել` դրա համար էլ շատ չեմպիոններ եմ տվել: Նույնիսկ Գևորգ Ալեքսանյանը Կրասնադոնում հաղթել է Արսեն Ջուլֆալակյանին: Հունահռոմեական ըմբշամարտն ապահով ձեռքերում է, ապահով վիճակում է և շատ ուրախ եմ, որ քաղաքապետը սպորտային տրամադրություն ու նպատակներ ունի”, – այսպես եզրափակեց իր խոսքը:

Tags: