Աշխարհի առաջնություն` առանց Հայաստանի հավաքականի ծանրորդուհիների

ծանրամարտՀայաստանի ծանրորդները վերջին շրջանում հազվադեպ են ուրախացնում իրենց երկրպագուներին: Տխուր պատկերը կրկնվեց նաև վերջերս Թաթարստանի մայրաքաղաք Կազանում Համաշխարհային ուսանողական խաղերի  ծրագրով կազմակերպված ծանրամարտի մրցումներում: Մեր երկրից երեք մարզիկ էր մրցահարթակ դուրս եկել. երեքն էլ մնացին ձեռնունայն: Պատճառը պարզելու համար դիմեցինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանին:

 - Մեր ծանրորդները թույլ մասնակցեցին: Տվյալ ժամանակահատվածում նրանց պատրաստվածության մակարդակն այդքան էր:  Ի դեպ, Հայաստանի հավաքականը կարող էր այդ ստուգատեսին ավելի մեծ կազմով ներկայանալ, սակայն չունենք  այնպիսի ծանրորդներ, որոնք կարող էին պայքարել մեդալների համար: 

- Ո՞րն էր պատճառը, չէ՞ որ նախորդ Համաշխարհային ուսանողական խաղերում ունեցել ենք ոսկե և բրոնզե մեդալակիրներ: Չեմպիոն էր դարձել Աղասի Աղասյանը, երրորդ մրցանակակիր` Հայկ Հակոբյանը: Խնդիր չկա՞ր հաջողությունը զարգացնելու:

- Ամեն անգամ գետը գերան չի բերի:  Պարզապես, այս անգամ բախտը մերոնց ուղեկից չէր: Աղասյանն էլ լավ արդյունք  ցույց տվեց, սակայն դա այն չէր, որը նա մարզումների ընթացքում էր կատարել: Ի դեպ, եթե անգամ նա դա էլ աներ, լավագույն դեպքում 4-րդ տեղը կզբաղեցներ: Աղասին նախկինում հանդես էր գալիս 77 կգ քաշային կարգում, այս անգամ նա հայտավորվել էր 85 կգ քաշայինների մրցաշարում, սակայն դա խանգարիչ հանգամանք չէր, քանի որ արդեն մրցելույթներ ունեցել էր այդ քաշային կարգում:  Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել, 2-րդն էր ճանաչվել աշխարհի ուսանողական առաջնությունում: Աղասյանը  շուրջ մեկ տարի է, որ նոր քաշային կարգ է տեղափոխվել: 56 կգ քաշային փորձառու մարզիկ Սմբատ Մարգարյանն էլ բավարարվեց սոսկ 8-րդ տեղով: Վարդան Դավթյանն էլ (94 կգ), հրում վարժությունը կատարելիս չկարողանալով բարձրացնել իր իսկ պատվիրած ծանրությունը, 0 ստացավ և դուրս մնաց պայքարից: 

- Նրա ներուժը գերագնահատվե՞լ էր, թե՞ կատարվածը տակտիկական սխալ պայքարի հետևանք էր:

- Մոտեցումներից մեկի ժամանակ մեր ծանրորդը գլխավերևում պահեց 195 կգ-ոց ծանրաձողը, սակայն մրցավարները համարելով, որ տեխնիկական սխալ է թույլ տրվել, ցուցանիշը չգրանցեցին: Որպես մրցավար կարծում եմ, որ կատարման ժամանակ  փոքր սխալ կար, սակայն այն կարելի էր նաև անտեսել: Բացթողումը մեծ չէր: Հաջորդ երկու մոտեցումների ժամանակ Դավթյանը փորձեց ավելի մեծ ծանրություն հաղթահարել` 202 կգ, որը կոպիտ սխալ էր:

 - Մարզիկը հոգեբանորեն տրամադրված չէ՞ր այդ ծանրությունը բարձրացնելու: Նա կարո՞ղ էր այն գլխավերևից վեր հանել:

- Կարծում եմ, որ եթե 195 կգ ծանրությունը մրցավարներն արձանագրած լինեին, Վարդանը կկարողանար նաև ցուցանիշը բարելավել: Նա մրցահարթակ դուրս եկավ, երբ արդեն ձախողման սպառնալիք կար:

 - Վաղուց է, որ փորձառու Մարգարյանը բարձր արդյունքներով չի փայլում, ի՞նչն է պատճառը:

- Նա ծնկահոդի վնասվածք ուներ, շուրջ մեկ տարի դժվարություններ էր կրում: Անցյալ տարի աշխարհի ուսանողների առաջնությունում 3-րդը ճանաչվեց, աստիճանաբար փորձում է վերագտնել իր լավ մարզավիճակը: Այժմ նա առավել կարևորում է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակցությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 22-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է կատարվում: Դրա հետ պետք է համակերպվել: Առաջիկա մեկ-երկու տարին մեր մարզիկների արդյունքները ցածր են լինելու: Միայն 2014-ից ընտրանին նոր թափ կհավաքի, իսկ 2016-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներն են սկսվելու: Այդ ժամանակահատվածում է, որ պետք է բացահայտվի, թե ինչ հնարավորություններ ունենք, օլիմպիական խաղերում մեր երկրի որ մարզիկները կարող են հավակնել պարգևների:

 - Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ներկայումս ի՞նչ վիճակում է:

- Թեև սերնդափոխություն է կատարվում, սակայն հավաքականի հնաբնակներին ևս չենք անտեսում: Նրանք էլ մարզվում են, նախապատրաստվում են առաջիկա մեկնարկներին: Կարևորվում է 2014-ի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մեր ընտրանու լավ մասնակցությունը: Մերոնք պետք է օլիմպիական խաղերի ուղեգրերի տիրանալու լուրջ հայտ ներկայացնեն: Հաշվի են առնվելու առաջիկա երկու տարիներին աշխարհի առաջնություններում  ցույց տրված արդյունքները: Եթե օլիմպիական խաղերում ունենանք 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի, լավ արդյունք կհամարվի:

 - Հավաքականում տիտղոսակիրներից ովքե՞ր են մնացել:

- Հոկտեմբերին Լեհաստանում կայանալու է աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը մասնակիցների մեծ կազմ չի ունենա: Կփորձարկենք նաև մեր տիտղոսակիրներից ոմանց: Առաքել Միրզոյանը անհատական ծրագրով է մարզվում, Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը` նույնպես: Ռուբեն Ալեքսանյանն ապաքինվել է և աշխարհի առաջնությունում նրանից սպասելիքները մեծ են:

 - Գևորգ Դավթյանի մասին տեղեկությունները հակասական են: Ոմանք կարծում են, որ նա այլևս անելիք չունի, սակայն մարզիկը վստահեցնում է, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ մեծ սպորտին:

- Լավ է, որ նա այդպիսի ցանկություն ունի: Չպետք է բացառել, որ Դավթյանը կարող է նոր նվաճումների հասնել: 

- Ե՞րբ է նախատեսվում աշխարհի առաջնության վերջին նախապատրաստությունը:

- Առաջնությունը կսկսվի հոկտեմբերի 6-ին, Լեհաստանում: Ծանրորդները շուրջտարին նախապատրաստվում են: Իսկ աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական երկու հավաք է նախատեսվում: Դրանցում կընդգրկվեն այն մարզիկները, որոնք կարողություններն են փորձելու աշխարհի առաջնությունում:

 - Ոչինչ չասացիք մեր ծանրորդուհիների մասին, մինչդեռ, 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրամարտի հավաքականին պարզերես անողը բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանն էր:

- Մեր մարզուհիները խնդրել են, որ այս անգամ աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս չգան: Պատճառները տարբեր են: Շատ են վնասվածքներ ունեցողները: Մելինե Դալուզյանի ձեռքը վիրահատվել է, սակայն նրան դեռ ծնկահոդի վիրահատություն է սպասում: Քրիստինե Պետրոսյանի ծնկահոդն է վիրահատվել և նա ապաքինվում է: Էլեն Գրիգորյանը որակազրկված է և հանդես գալու իրավունք չունի, սակայն 2014-ի գարնանը` Եվրոպայի առաջնությունում արդեն մեկնարկի դուրս կգա: Խուրշուդյանն էլ մայր է դարձել, նրան էլ ժամանակ է պետք, որպեսզի կրկին վերադառնա մրցահարթակ: Դա մարզուհին ինքը պետք է որոշի: Նազիկ Ավդալյանն էլ բնակության է տեղափոխվել Երևան, պատրաստվում է մայր դառնալ: 

- Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը միջամտո՞ւմ է Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախապատրաստական աշխատանքներին:

- Ակտիվ միջամտություն չկա, բայց քննարկումներ լինում են: Նա հաճախակի է հետաքրքրվում հավաքականի վիճակով: Լինելով ծանրորդ, այն էլ` հռչակավոր, նաև հայկական սպորտի ղեկավար, անհնարին է անտարբեր մնալ: Բացի այդ, նրա որդին` Նորայրը, Հայաստանի հավաքականի թեկնածուների թվում է:

 - Որևէ հակասություն չկա՞ Յուրի Վարդանյանի և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանի միջև:

- Ոչ: Ամռանը, երբ Մոսկվայում բնակվող ֆեդերացիայի նախագահը Երևանում էր, հանդիպել է Վարդանյանին, նրանք զրուցել են, քննարկել են անելիքները, որոշել, թե ինչ պետք  է արվի, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպվի և ամեն ինչ լավ լինի:

 - Առաջիկայում մեր ծանրորդներին ի՞նչ փորձություն է սպասում:

- Սեպտեմբերի 1-9-ը Լիտվայի Կլայպեդա քաղաքի մարզասրահը հյուրընկալելու է պատանիների աշխարհի առաջնության մասնակիցներին: Առաջին անգամ առանձին կարողություններն են փորձելու 13-15 տարեկանները և 16-17 տարեկանները: Փաստորեն, երկու թիմ ենք մրցասպարեզ հանելու: Չենք ցանկանում թույլ մարզիկներով մասնակցել: Թիմերում ընդգրկվել են հեռանկարայինները: Կրտսեր տարիքի պատանիների մրցաշարում հանդես կգա 5 մարզիկ, 4 ծանրորդ կմասնակցի ավագ տարիքի պատանիների մրցաշարին: Վերջնական կազմը կորոշվի օգոստոսի վերջին: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա դատարկաձեռն չենք մնա: Սպասելիքները մեծ են հատկապես աշխարհի պատանիների չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանից (+94 կգ), որը կմասնակցի ավագ տարիքային խմբի մրցաշարին: 

- Չի՞ անհանգստացնում, որ հատկապես այս տարի շատ է պակասել միջազգային մրցաշարերում մեր ծանրորդների նվաճած մեդալների թիվը:

- Իհարկե, սակայն պատճառների մասին արդեն ասացի: Կարևորն այն է, որ մեդալներ կան:

 

 

Tags: ,