«Եվրաինտեգրման գործընթացը կարող է մի քիչ դանդաղել, բայց անշեղորեն առաջ կգնա». Վազգեն Մանուկյան

707779Մոսկվա կատարած այցից հետո մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող թիվ մեկ հարցի` Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետը հայտնեց ԱԺՄ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, փոխելով 3 նախագահ, 5-6 խորհրդարան ու 6-7 վարչապետ, տարվել է միևնույն արտաքին քաղաքականությունն իր հիմնական գծերով` ստրատեգիական գործընկերությունը և կապվածությունը Ռուսաստանի հետ, որտեղ հիմնականում դրված են եղել ոչ միայն տնտեսական, այլև պաշտպանության և անվտանգության հարցեր»,-ասաց նա:

Սակայն, Մանուկյանի դիտարկմամբ, դրա հետ միասին քայլ առ քայլ Հայաստանը գնացել է դեպի Եվրամիություն` վերցնելով եվրոպական արժեքները, եվրոպական ռեֆորմները տեղափոխելով մեր հողի վրա և մեծ արդյունքներ է գրանցել (ինչը նաև Եվրոպայի գնահատականն է)` ի տարբերություն հետխորհրդային շատ այլ հանրապետությունների:

Մանուկյանը նաև հիշեցնում է, որ Հայաստանը կապված է ՆԱՏՕ-ին, մասնակցել է  ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և դա որևէ հակասություն չի առաջացրել:

«Այժմ մի այսպիսի իրավիճակ եղավ` մի կողմից Ասոցացման համաձայնագիրը, մյուս կողմից` Մաքսային միությունը: Երկու կողմն էլ սկսեցին քաղաքական հակասություն տեսնել, որ կա´մ այստեղ պիտի լինես, կա´մ այնտեղ: Հայաստանը պետք է որոշում ընդուներ»:

Մանուկյանը կարծում է, որ Մաքսային միություն մտնել չհամաձայնելը վտանգավոր կլիներ Հայաստանի համար` էապես խաթարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ այդ հարաբերությունները, ըստ նրա, բավականին կարևոր նշանակություն ունեն մեզ համար: «Կա´մ, կա´մ-ի ժամանակ ոչ միայն պիտի նայես, թե որն է ավելի օգտակար, այլ պիտի նայես` որն է ավելի վտանգավոր: Ի վերջո, մենք ապրում ենք մի երկրում, որն ունի իր պաշտպանության հարցերը և բազմաթիվ հարցեր, որոնք պետք է կոմպլեքս լուծում ստանան, ամեն սցենար մտովի պետք է առաջ տանել և տեսնել` ինչով կարող է վերջանալ: Այս առումով, կարծում եմ, մեզ արվեց մի առաջարկություն, որը հնարավոր չէր մերժել, և մենք ընդունեցինք այդ առաջարկը»:

Բայց միաժամանակ Մանուկյանը կարծում է, որ երկրորդ պրոցեսը` եվրաինտեգրացումը, Հայաստանում նույն կերպ շարունակվելու է: «Ճիշտ է` վերջերս այդ գործընթացն արագացավ, հիմա կարող է մի քիչ դանդաղի, բայց անշեղորեն առաջ կգնա: Եվրամիությունն էլ է շահագրգռված այդ գործում, և ես կարծում եմ, որ նախկին բոլոր պայմանավորվածությունները Եվրոպայի հետ կատարվելու են»:

Մանուկյանի խոսքով` ճիշտ է` շահագրգռվածությունները Ռուսաստանի հետ շատ են, բայց մեր ներքին կյանքի, մեր ազատությունների, դեմոկրատիայի առումով մենք ավելի շատ օրինակ ենք վերցնում Եվրոպայից, քան Ռուսաստանից: «Կարծում եմ` և´ մեր հասարակությունը, և´ պետության ղեկավարները, և´ Եվրոպան շահագրգռված են, որ եվրաինտեգրման պրոցեսը Հայաստանում շարունակվի»,-ամփոփեց նա:

 

 

 

 

 

Tags: ,