Պատմամշակութային շենքի շուրջ հերթական աղմուկն ու հարակից շենքի բնակիչների պահանջը (տեսանյութ)

220px-Բունիաթյան1924 թվականին Մոսկվայում բնակվող անվանի ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը (Նիկոլայ Բունիաթով) Ալեքսանդր Թամանյանի հրավերով գալիս է Հայաստան և ստանձնում Երքաղխորհրդի ճարտարապետական արվեստանոցի ղեկավարի և  Երևանի առաջին գլխավոր ճարտարապետի պաշտոնը:

Անուրանալի է նրա դերը մայրաքաղաքի քաղաքաշինական վերելքի գործում: Բունիաթյանի անմիջական ղեկավարությամբ են բացվել մայրաքաղաքի մայրուղիներն ու հրապարակները, կառուցապատվել նոր թաղամասեր, իրականացվել Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկի երկու նմանատիպ բնակելի տներով (1925) քաղաքաշինական լուծումը: Նրա նախագծով են կառուցվել «Երևան», «Սևան» հյուրանոցները (վերջինս քանդվեց 2004-ի դեկտեմբերին):

655454_900Բունիաթյանի նշանավոր կառույցներից է նաև Գյուղբանկի շենքը, որը կառուցվել է 1927 թ. Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ: Հենց այս շենքն էլ այսօր հանրային տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել, ըստ որոնց` շենքի ներկայիս սեփականատերը պատրաստվում է քանդել այն:

Սեփականատերը «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ն է, որի տնօրենների խորհրդի նախագահը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է: Ընկերությունն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում կառուցապատման կառավարման և վարման ծառայություններ:

IMG_0756«Անկախի» հետ զրույցում ընկերության տնօրեն Արտաշես Կազախեթյանը հայտնեց, որ դեռևս 2010 թ. դեկտեմբերի 21-ին հայտարարել է Երևանի Վ. Սարգսյանի, Դեղատան և Խորենացու փողոցների հատույթում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ, որի արդյունքներն ամփոփվել են 2011 թ. մարտի 14-ին: Մրցույթին ներկայացվել է 16 աշխատանք: Ժյուրիի կազմում են եղել ճարտարապետության և շինարարության ոլորտների անվանի մասնագետներ: Քննարկման արդյունքում ժյուրին համատեղ որոշում է կայացրել առաջին մրցանակ չշնորհելու վերաբերյալ: Երկրորդ մրցույթի ժամանակ ընտրվել է Ռուբեն և Միքայել Հասրաթյանների ներկայացրած նախագիծը:

Կազախեթյանը նաև տեղեկացրեց, որ 2012 թ. հուլիսին նախագիծը ներկայացվել է ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին և Երևանի քաղաքապետի քաղաքաշինական խորհրդի հանձնաժողովի նիստին: Կազմակերպվել են նաև հանրային լսումներ: Ընկերության ղեկավարը հավաստեց, որ այն, ինչ արվում է իրենց կողմից, ամբողջությամբ օրենքի սահմաններում է, և իրենք պատրաստ են ապացուցել դա փաստաթղթերով:

Ինչ վերաբերում է Գյուղբանկի շենքի քանդման մասին խոսակցություններին, ապա Կազախեթյանն ասաց. «Գյուղբանկի շենքը չի քանդվելու: Դա ոչ միայն բազմիցս հայտարարվել է մեր կողմից, այլև արտացոլված ու ամրագրված է մեր բոլոր նախագծերում և պահպանման պարտավորագրերում»:

Հարց է ծագում` եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, ապա ինչո՞ւ են նման խոսակցություններ պտտվում: Կազախեթյանի խոսքով` շենքի շուրջ հիմնական բողոքները գալիս են Դեղատան 4 հասցեում գտնվող շենքի բնակիչներից:

IMG_0740Այս հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1927 թ. Գյուղբանկի շենքի հետ միասին` որպես աշխատակիցների հանրակացարան: Շենքում 11 բնակարան է: Ի դեպ, դա տարածքում միակ բնակելի շենքն է, և տարիների ընթացքում դրա շուրջ այնքան բազմահարկ շենքեր են կառուցվել, որ այն կարծես խոնարհվել ու կուչ է եկել:

Շենքի ձախ հատվածում վեր է խոյացել 19-հարկանի «Էլիտ պլազա» բիզնես համալիրը, որն ամենևին համահունչ չէ Հանրապետության հրապարակի ճարտարապետական ոճին:

«Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի»-ի կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ 9-հարկանի շենքը պետք է կառուցվի բնակելի շենքի աջ հատվածում, որն էլ ավելի խոցելի կդարձնի այն լուսավորության, բակային տարածքի և ընդհանրապես  հարմարավետության տեսանկյունից:

Բնակիչներն ակտիվորեն պայքարում են շենքի կառուցման դեմ, ինչպես ժամանակին պայքարել են «Էլիտ պլազայի» դեմ: Սակայն Կազախեթյանը պնդում է, որ բնակիչների պայքարն այլ ենթատեքստ ունի. նրանք ուզում են, որ ընկերությունը գնի իրենց բնակարանները և  հնարավորինս բարձր գին վճարի դրանց դիմաց: «Իրենց տեսանկյունից մեզ վրա ճնշում են գործադրում: Դա արդար չէ»,- ասաց Կազախեթյանը` նշելով, որ իրենք բնակիչներին դեռևս 2 տարի առաջ տեղեկացրել են, որ տարածքում կառուցելու են բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն, որպեսզի բնակիչները որոշեն իրենց հետագա անելիքը: Այդ ժամանակ նրանց նաև առաջարկվել է բնակարանները վաճառել իրենց, սակայն, ըստ Կազախեթյանի, բնակիչների կողմից հնչել են անտրամաբանական գներ. «Մենք պատրաստ էինք անգամ դա քննարկել, սակայն եղան նաև մի քանի բնակիչներ, որոնք ընդհանրապես չցանկացան վաճառքի մասին խոսել, իսկ նման դեպքում անիմաստ էր շարունակել բանակցությունները»:

Այսպիսով, նախագիծը մշակվել է առանց Դեղատան 4 հասցեի շենքի, և այս պահին Կազախեթյանը բնակիչների հետ առուվաճառքի վերաբերյալ քննարկումներն այլևս ժամանակավրեպ է համարում:

Բնակիչները դիմել են Հանրային խորհուրդ: Հանրային խորհրդի Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովին ուղղված դիմումի մեջ նշված է, որ շինարարությունն ապօրինի է, հաստատված նախագիծ չկա, իսկ իրենք հայտնվել են շինհրապարակում` աղմուկի, փոշու, ծանրաքարշ մեքենաների մեջ, հաշվի չի առնվում իրենց կարծիքը, ոտնահարվում են իրենց իրավունքները:

IMG_0763Կազախեթյանն առարկում է. «Մեր ընկերությունն աշխատում է Հայաստանի լավագույն շինարարական ընկերության հետ, քանդման աշխատանքները մեծ զգուշությամբ են իրականացվում, ջրում ենք ողջ միջավայրը` օրական 15-20 տոննա ջուր օգտագործելով, որպեսզի փոշու արտանետումները նվազեցնենք: Բայց եթե շինարարություն է, հնարավոր չէ աղմուկից ու փոշուց ամբողջությամբ զերծ մնալ: Մենք այդ շենքի բնակիչներին ասել ենք` կամա թե ակամա հարևաններ ենք, եկեք լավ հարևաններ լինենք, հակառակ դեպքում ոչ ոք չի շահելու»:

Ինչ վերաբերում է պատմամշակութային արժեք ունեցող շենքերին, ապա նա վստահեցնում է, որ իրենք ուսումնասիրել են և վեր հանել այնպիսի փաստեր, որոնց մասին անգամ Հայաստանի ճարտարապետներն ու մշակութաբանները տեղյակ չէին:  «Վավերագրական ֆիլմ էլ ենք նկարահանել: Դա մեր հիմնավորված հետաքրքրության արդյունքն է, որն ունի նաև կոմերցիոն նշանակություն, որովհետև որքան արժեքավոր է շենքը, այնքան դա մեր շահերից է բխում»:

IMG_0731Կազախեթյանը մի հետաքրքիր փաստ ներկայացրեց Կովկասյան առևտրային բանկի շենքի մասին, որը կառուցվել է 1910 թ.: Այժմ այդ շենքը նույնպես ներառված է նրանց նախագծում: «Մինչ օրս գիտեին, որ այդ շենքի ճարտարապետը Մեհրաբյանն է, սակայն մենք պարզեցինք, որ դրա հեղինակը թիֆլիսաբնակ հայ ճարտարապետ Օհանջանովն է: Մենք Թիֆլիսից ձեռք ենք բերել նաև այդ շենքի օրիգինալ նախագիծը` Օհանջանովի ստորագրությամբ: Ընդհանուր առմամբ, լուրջ գումարներ ենք ծախսել ուսումնասիրելու այն, ինչի տերն ենք և բնականաբար այդ ամենը պահպանելու ենք ինչպես հարկն է»:

IMG_0727Ի դեպ, ինչպես ընկերության կայքում, այնպես էլ շինհրապարակի տարածքում «Պահպանելով հինը` կերտենք նորը» կարգախոսով տեղեկատվական վահանակ է տեղադրված, որտեղ համակողմանիորեն ներկայացված են Գյուղբանկի շենքի պատմությունը, հարակից տարածքներում տեղակայված հաստատությունները, շենքի վիճակը, վերակառուցման անհրաժեշտությունն ու հետագա ճակատագիրը և այլ տեղեկատվություն:

Նշվում է, որ ժամանակն անդառնալի հետք է թողել այս կառույցների վրա` խարխլելով ամրությունը և սկզբնական դիզայներական տեսքը, և շենքի ենթակառուցվածքները չեն համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին, բազմամյա օգտագործման և մթնոլորտային ազդեցությունների հետևանքով ստացել են տարբեր բնույթի և աստիճանի բազմաթիվ վնասվածքներ, և վնասվածության մակարդակը, ըստ գործող նորմերի սանդղակի, դասվում է 3-րդ աստիճանի: Այս պահին տարածքում իրականացվում են ամրացման և մաքրման աշխատանքներ, իսկ շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս, երբ քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի կողմից կլինի վերջնական եզրակացությունը:

Ընկերությանը պատկանող ողջ տարածքը 2800 քմ է, որը գնվել է մաս-մաս` 2008-ից սկսած: Բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել երկու տարուց:

IMG_0734ՀԽ Ազգային արժեքների ենթահանձնաժողովի անդամների այցը Դեղատան 4 հասցե

Սեպտեմբերի 18-ին ՀԽ Ազգային արժեքների ենթահանձնաժողովի անդամները` ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի գլխավորությամբ, այցելեցին նշված հասցե և հանդիպեցին բնակիչների հետ: Երբ բակում բնակիչների հետ քննարկվում էր ստեղծված իրավիճակը, հանկարծ նրանց մոտեցավ Արտաշես Կազախեթյանը և եռակողմ հանդիպման շրջանակներում քննարկում ծավալվեց: Բնակիչները կրկին բարձրացրեցին իրենց բողոքի ձայնը` նշելով, որ աղմուկ է, փոշի, բակը գրավված է, երեխաները խաղահրապարակ չունեն, ջուրն էլ ժամանակ առ ժամանակ կտրվում է, իսկ բարձրահարկ շենքի կառուցման դեպքում կզրկվեն արևի լույսից:

Ինչ վերաբերում է բնակարանները վաճառելուն, ապա բնակիչներից ոմանք կտրականապես դեմ արտահայտվեցին այդ մտքին` ասելով, որ չեն պատրաստվում լքել այն վայրը, որտեղ ծնվել ու մեծացել են. «Մեզ համար այս տարածքն ավելի թանկ արժե, քան առաջարկվող ցանկացած գումար»,- ասաց բնակիչներից մեկը:

IMG_0764Այնուհետև Կազախեթյանը Հանրային խորհրդի ներկայացուցիչներին հրավիրեց շինհրապարակ, որտեղ քանդման և մաքրման աշխատանքներ էին իրականանում: Որոշ շենքերի ճակատային սալիկներ համարակալված էին, ինչը նշանակում էր, որ դրանք քանդվելու և նորից շարվելու են:

Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց բանավոր խոսակցությունը շարունակել Հանրային խորհրդում` փաստաթղթերի և համապատասխան պետական կառույցների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա:

Տեսանյութ

Tags: