Զինծառայությունից խուսափելու նպատակով անդամախեղման համար կպատժվեն ավելի խիստ

զինվոր2011թ.-ին զինծառայողների կողմից անդամախեղման 103 դեպք է գրանցվել, 2012թ.-ին՝ 110-ը: Այս հանցագործության աճի միտումով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է վերանայել Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածը՝ խստացնելով այս արարքի համար նախատեսված պատժաչափը:

Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ՔրՕր-ում փոփոխությունների և լրացումների նախագիծը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ հիմնականում զինծառայության հանցագործությունների հետ կապված ՔրՕր-ի հոդվածներում փոփոխություններով և լրացումներով նախատեսվում են նոր կարգավորումներ, սահմանվում է նոր պատժատեսակ, որը բնորոշ է բացառապես զինծառայության մեջ գտնվողներին:

Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, տարբերակվում են անդամախեղելու և հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու համար սանկցիաները՝ այս հանցագործությունների վտանգավորության աստիճանից ելնելով: Խստացվում են ՔրՕր-ի գործող 363-րդ հոդվածով անդամախեղելու և հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար սահմանված պատժաչափերը՝ 3 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինելով 4 տարով:

Ըստ այդմ, անդամախեղության համար առաջարկվում է սահմանել պատիժ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առաջարկվում է պատժել կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

Զինծառայողի կողմից հիվանդության սիմուլյացիան կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը կամ խաբեությունը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, նախատեսվում է պատժել կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հեղինակ:
Tags: