Որակյալ և ապահով երթևեկություն ` 100 դրամով

տրանսպորտԱյսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ    «Հասարակական պաշտպան» ՀԿ-ի նախագահ Արամ Գրիգորյանը հայտնեց, որ որակյալ և ապահով երթևեկություն կարելի է ապահովել  100 դրամով:
-Բոլոր խոսակցությունները գնում են չիրականացված ծառայության գնի մասին։ Քաղաքապետը որոշում է ընդունել, որ հնում կնքված պայմանագրերի մեջ փոփոխություն լինի միայն սակագնի վերաբերյալ, որակի և մնացածների մասին չի խոսվում, հաշվարկ էլ չկա,- ասաց նա։
Նա նաեւ ներկայացրեց տրանսպորտի սակագնի իր հաշվարկները:
-Երթուղային տաքսիի համար 80-85 դրամ է կազմում, իսկ ավտոբուսինը՝ մի քիչ ավելի: Հաշվի ենք առել ծախսերի այսօրվա շուկայական գները,- նշեց Արամ Գրիգորյանը:
Անդրադառնալով տրանսպորտի սակագնի ձևավորման հարցով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, ՀԿ ղեկավարն ասաց, որ հանձնաժողովի կայացրած որոշումները որևէ իրավական ուժ չունեն.
-Այս հանձնաժողովի ստեղծումը իմիտացիոն քայլ էր,- եզրափակեց նա:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը խոսեց այն մասին, որ արդեն մի քանի ամիս է անցել, սակայն  տրանսպորտի սակագնի հարցով դեռ ասում են՝ մտածենք, քննարկենք, ուսումնասիրենք:
-Վաղուց ամեն ինչ ուսումնասիրված է, ո՞ւր է Երեւան քաղաքի ավագանին: Գինն ու որակը ածանցյալ են, մենք պետք է խոսենք ինչն է պատճառը, որ այս վիճակում ենք: Կա ստվերային շրջանառություն, եւ տրանսպորտի ոլորտը ամենահարմարավետ բիզնեսի տեսակն է: Այստեղ հնարավոր է թաքցնել շահույթի կեսը: Մի երթուղում ձեւակերպված է երեք վարորդ, եւ քառասունինը միկրոավտոբուս,- հավելեց նա:

Մարիամ Հովհաննիսյան

Tags: