Ոստիկանը դատարանում գաղտնազերծեց իր գործակալին

ոստիկանԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց ոստիկանության 2 օպերլիազորների դեմ գործով բերման ենթարկել դատարան չներկայացող  3 վկաներին:

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը և քննությամբ չպարզված ոստիկանության երկու աշխատակիցներ, ակնհայտորեն դուրս գալով իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, տուժող Ռոբերտ Հովսեփյանին ապօրինի պահել են աշխատասենյակում, ձեռնաշղթայով կապել ձեռքերը ու ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով հարվածելով դեմքին և մարմնին, ստիպել խոստովանել նախկինում արձանագրված և չբացահայտված գողությունների մեջ նրա մասնակցությունը։

Այսօր դատարանում ցուցմունքներ տվեց վկա Սանթուր Սիմոնյանն, ով տուժող Ռ.Հովսեփյանի հետ միաժամանակ ոստիկանության բաժին բերման ենթարկված Քերոբ Սիմոնյանի հորեղբայրն է: 6 անգամ դատապարտված նրա եղբորորդին, ըստ վկայի, անծանոթ հեռախոսահամարից զանգահարել է իրեն և ասել, որ ինքը ոստիկանությունում է: Դա, ըստ նրա, սովորական իրավիճակ էր «միշտ էլ իրեն բռնում են»՝ «մանր-մունր խուլիգանության, կռվի, ծեծի» համար: Փոխարենը վկան գովեստով խոսեց ամբաստանյալներից Արտակ Բարսեղյանի մասին, ով իրենց «թաղային լիազորն է» և «կարգին մարդ է»:

Ոստիկանության կենտրոնականի բաժնի ավագ օպերլիազոր, գործով վկա Սամվել Առաքելյանը բացահայտեց ծառայողական գաղտնիքը, ինչը թաքցրել էր անգամ Հատուկ քննչական ծառայությունից՝ Քերոբ Սիմոնյանն իր հետ համագործակցող անձն է, այսինքն՝ գործակալը, և դրանով են բացատրվում իր հեռախոսահամարից նրա հեռախոսահամարին կատարված զանգերը: Ի պատասխան դատավարության մասնակիցների հարցերի, Ս.Առաքելյանը հայտնեց, որ բերման ենթարկվելու օրը՝ 2012թ. հոկտեմբերի 4-ին, Քերոբ Սիմոնյանի դեմքին վնասվածքներ չի նկատել, իսկ առհասարակ Ք.Սիմոնյանն այն մարդկանց տեսակից է, որ ամեն օր էլ կարող է վնասվածքներ ունենալ: Վկան հայտնեց նաև, որ չի հիշում Ռոբերտ Սիմոնյանի մարմնին վնասվածքներ եղե՞լ են, թե ոչ: Վկան բաժնում չի տեսել նաև «աղջիկների շորերով տղաների»: Ըստ տուժողի ցուցմունքի՝ ոստիկաններն իր վրա ճնշում գործադրելու համար հրավիրել էին երկու արվամոլների:

Ի դեպ, տուժող Ռոբերտ Հովսեփյանը հայտարարեց, որ դատարանում որպես  վկա ցուցմունք տվող ավագ օպերլիազոր Սամվել Առաքելյանը եւս  մյուս  ամբաստանյալների հետ միասին ոստիկանության բաժնում  ծեծի է ենթարկել, ինչին արձագանքեց վկան՝ հայտարարելով, որ   ինքը Ռոբերտ Հովսեփյանի հետ «չի աշխատել», ուստի չէր կարող նրա նկատմամբ բռնություն գործադրել:

Հեղինակ:
Tags: ,