Ինչո՞ւ է մարզօջախի ճակատից անհետացել Վահան Չերազի անունով ցուցատախտակը

Vahan_cherazՎահան Չերազը մեծ ներդրում ունի ֆիզիկական կուլտուրան և սպորտը, սկաուտական շարժումը Հայաստանում զարգացնելու գործում: Ցավոք, դեռևս արժանին չի հատուցվել անվանի գործչի հիշատակը վառ պահելու համար: Եվ այս առումով պարտք ունենք:

Խորհրդային տարիներին նրա անունը փորձում էին չհիշատակել, թեև Չերազը անկուսակցական է եղել: Իսկ պատճառն այն էր, որ նա  XX դարի սկզբին հայ ազատագրական պայքարի մարտիկներից էր, զինվորագրվել էր Անդրանիկի կամավորական գնդին և զորավարի անձնական թարգմանիչն էր:

1886-ի օգոստոսի 16-ին Պոլսում ծնված Չերազը փայլուն կրթություն էր ստացել. 1896-1904 թթ. սովորել էր Փարիզում, Լոնդոնում և ոչ միայն օտար լեզուների էր տիրապետում (անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, թուրքերեն), այլև ուսումնասիրել էր ֆրանսիական մարմնամարզության ու անգլիական մարզական խաղերի համակարգերը: Նրան 1920-ին Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները, մասնավորապես, կրթության նախարար Նիկոլ Աղբալյանն էր հրավիրել, և Ստամբուլից գալով` Չերազը լայնածավալ աշխատանք էր իրականացնում, անում հնարավորը, որպեսզի  Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցներում պատանիները և աղջիկները համակողմանի դաստիարակություն ստանան, լինեն ֆիզիկապես ամուր և ուժեղ: Նա առաջինն էր, որն օգնեց հայ պատանիներին, որպեսզի ծանոթանան ֆուտբոլ, բռնցքամարտ, ջրացատկ, թենիս, աթլետիկա, լող մարզաձևերին: Ընդ որում, երեխաները լողով զբաղվում էին շուրջտարին, մարմինը կոփում էին նաև ձմռանը` ակոսելով Արփա գետի ջրերը:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վտանգավոր ժամանակներ էին, սակայն մասնագետը չցանկացավ հեռանալ և շարունակեց հայրենանվեր գործունեությունը, մինչդեռ արտասահման տեղափոխվելով` կունենար բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Այդուհանդերձ 1927-ին Չերազը գնդակահարվեց  Թբիլիսիի Մետեխի բանտում. դահիճն անձամբ Լավրենտի Բերիան էր:

Երկար ժամանակ արգելվում էր Վահան Չերազի անունը հիշատակելը: Միայն անկախացումից հետո քայլեր ձեռնարկվեցին տխուր ժամանակների հանիրավի զոհ դարձած հայորդու հիշատակը հավերժացնելու համար: 1991-ին Գյումրիում նախաձեռնող խումբ ստեղծվեց, նախագիծ կազմվեց, ըստ որի` նախատեսվում էր Գյումրիի փողոցներից մեկը, նաև Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանը կոչել Վահան Չերազի անունով:

Սակայն տարիներ պահանջվեցին, որպեսզի մտահղացումն իրականություն դառնար: Միայն XXI դարի սկզբին Գյումրին Չերազի անունով փողոց ունեցավ:

դպրոցըԵվ քանի որ մի շարք անվանի գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ դիմել էին Գյումրիի քաղաքապետին, 2002 թ. անվանակոչության ցուցատախտակ փակցվեց նաև Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանի պատին: Տոնախմբություն էր կազմակերպվել, հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ղեկավար այրեր, Վահան Չերազի հարազատները:

Թվում էր, թե սայլը տեղից շարժվել է, սակայն, ինչքան էլ տարօրինակ է, դարձյալ խնդիրներ կան:

Վահան Չերազի հիշատակին նվիրված ֆիլմ ստեղծելու նպատակով այս տարի Երևանից Գյումրի այցելած խմբի անդամներին, նաև նրա դստերը` երջանկահիշատակ անվանի հայագետ Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Անդրեասյանին, նրա որդուն` լրագրող Վահան Իշխանյանին, անակնկալ էր սպասում: Պարզվում է, որ անհետացել է շենքի պատին փակցված անվանակոչության ցուցատախտակը:

Մարզօջախի տնօրենը պատճառաբանել է, որ հաստատությունը քաղաքային ենթակայության չէ, մինչդեռ անվանակոչելու որոշումը Գյումրիի քաղաքապետարանն է կայացրել, որը իրավասու չէ այդ հարցում: Ստացվում է` ամեն ինչ օրինականացնելու համար պետք է մարզօջախի` այժմ արդեն Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի վերադաս կազմակերպությունը` Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անվանակոչություն իրականացնելու հարցին հավանություն տա, առաջարկ ներկայացնի և Հայաստանի կառավարությունն էլ այն վավերացնի:

Ի դեպ, նման անախորժ նախադեպեր կան: Նախկինում մի շարք մարզադպրոցներ, որոնք հիմնադրել էին հայկական սպորտի անվանի մարզիկները,  ժողովուրդը տարիներ ի վեր նրանց անունով էր կոչում դրանք, սակայն օրինական անվանակոչություն չէր կատարվում: Խոսքը վերաբերում է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի, հնգամարտիկ Իգոր Նովիկովի, ըմբիշ Նորայր Մուշեղյանի մարզադպրոցներին:  Բայց սա առանձին խոսակցության նյութ է:

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Պապոյանը, որը «Սկաուտական շարժման տարածումը Հայաստանում» (1991 թ.) և մի շարք այլ գրքերի հեղինակ է, 1990-ականներից  գլխավորում է նախաձեռնող խումբը, որը զբաղվում է Վահան Չերազի հիշատակը հավերժացնելու հարցերով: Նա չթաքցրեց, որ վեճ է եղել մարզօջախի տնօրեն Հակոբ Փանոսյանի հետ: Պապոյանի վկայությամբ` մարզօջախի ղեկավարությունը պատճառաբանել է, որ համապատասխան որոշում չկա վերին ատյաններից,  բացի այդ, հաստատության անվանումը փոխվել է, այդ իսկ պատճառով` ցուցատախտակը հանվել է:

Դա կատարվել է տարիներ առաջ, երբ ուսումնարանը դարձել է քոլեջ:

չերազ

«Տորք» ֆուտբոլային թիմը Կոստանդնուպոլսում, հիմնադիր` Վահան Չերազ (երկրորդ շարք, մեջտեղում)

- Ստացվում է, որ փաստաթղթերով ոչինչ չկա, միայն խորհրդանշական ձևով կարելի է ուսումնարանը կոչել Վահան Չերազի անունով: Ինքս Վահան Չերազի մեծադիր նկարն եմ տվել, որը փակցվել է: Կարծում եմ, որ որևէ խնդիր չէր լինի, եթե ցուցատախտակը չհանվեր: Համենայն դեպս, մարզօջախի ղեկավարությունը ներկայումս այնքան էլ շահագրգռված չէ, որ ցուցատախտակը լինի: Մտադիր ենք առաջիկայում դիմել Հայաստանի և սպորտի երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, որպեսզի խնդրին ընթացք տրվի` ամեն ինչ վավերացվի մեր երկրի սպորտի նախարարության ղեկավարի, նաև Հայաստանի կառավարության որոշումներով: Այն ժամանակ, երբ գործին հետամուտ էր Գյումրիի քաղաքապետարանը և ցուցատախտակը տեղադրվել էր, տեղյակ չէինք, որ կարող է հետագայում Հայաստանի կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելու անհրաժեշտություն ծագել: Հույս ունենք, որ հարցը կկարգավորվի: Ցավոք, այս հարցը կարգավորելու գործում անտարբերություն են դրսևորում ոչ միայն սպորտի, այլև սկաուտական շարժման ներկայացուցիչները: Կատարյալ անտարբերության մթնոլորտ է: Ինչ վերաբերում է Վահան Չերազի անունով փողոցին, ապա այն կա: Հուշատախտակ է փակցված նաև  այդ փողոցում գտնվող Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի պատին, որտեղ ժամանակին ապրել է Չերազը: Ի դեպ, 1937-ին գնդակահարվել է նաև նրա կինը` Վարդանուշը»,- ասաց Պապոյանը:

Հավելենք, որ այս մարզօջախը մեր երկրում լավագույններից է: Այն հիմնվել է 1986-ին և սկզբում եղել է մարզական թեքումով գիշերօթիկ դպրոց, ապա` ուսումնարան, հետո էլ` քոլեջ: Հաստատության սաները ուսում են ստանում և հմտանում տարբեր մարզաձևերում: Մարզօջախի սովորողներից շատ են միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում աչքի ընկած մարզիկները. 320 անգամ ի պատիվ մարզօջախի սաների մարզական հաջողությունների`  միջազգային տարբեր ստուգատեսներում հնչել է Հայաստանի օրհներգը, բարձրացվել եռագույնը: Մարզօջախը  հիանալի պայմաններ ունի,  ի լրումն` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ այժմ նոր մարզահամալիր է կառուցվում:

Քանի որ լուրեր են շրջում, թե նպատակ կա մարզօջախը կոչել  Գագիկ Ծառուկյանի անունով, հետաքրքրվեցինք, թե որքանով են դրանք արժանահավատ: Հակոբ Փանոսյանը, որը  կրթօջախի հիմնադրման օրից աշխատել է փոխտնօրեն, իսկ 1999-ից տնօրեն,  հայտնեց, որ հաստատությունը Գագիկ Ծառուկյանի անունով կոչելու մասին խոսակցությունները մտացածին են: Մեր այն հարցին, թե երբ է նախատեսվում ավարտել քոլեջի նոր համալիրի շինարարությունը, նա հայտնեց, որ դա միայն կարող է ասել կառուցողը:

Ինչ վերաբերում է կրթօջախը Վահան Չերազի անունով կոչելուն, ապա այդ մասին այսպիսի պարզաբանում տրվեց. «Գյումրիի քաղաքապետարանը ժամանակին խորհրդանշական ձևով է այն կոչել Վահան Չերազի անունով: Բայց քանի դեռ Հայաստանի կառավարության որոշում չկա, իրավունք չունենք պաշտոնապես այդ անունը նշելու մեր կնիքի վրա, պաշտոնական փաստաթղթերի վրա: 2005-ից առաջ եղած ցուցատախտակի վրա Վահան Չերազի անունը գրված էր, բայց հետո, երբ այն քոլեջ դարձավ, ասացին, որ չի կարելի, սխալ է, քանի դեռ այդ մասին Հայաստանի կառավարության որոշում չկա, և պետք է գրվի այն, ինչ կա կրթօջախի կնիքի վրա: Բայց  Վահան Չերազի նկարը փակցված է կրթօջախում: Նա շատ բան է արել սկաուտական շարժումը, սպորտը Գյումրիում զարգացնելու համար, և քոլեջը Վահան Չերազի անունով ենք կոչում,  և այն մեկ այլ մարդու անունով կոչելու մասին խոսակցություն էլ չի եղել»:

Թվում է, թե խնդիրը պարզ է, իսկ թե ինչքան ժամանակ կպահանջվի այն կարգավորելու համար` ցույց կտա մոտ ապագան: 

 

Tags: ,