Գ. Էմին-Տերյանի մտքերի շուրջ

Վահե ՍԱՐԳՍՅԱՆՕրերս «Հրապարակ» թերթի կայքում երևաց «Ջավախքը՝ ոչ թե Վրաստանին փետրահան անելու գործիք, այլ շրջափակումը ճեղքելու միջոց» վերտառությամբ մի ակնարկ, որի մեջ սպրդած մի շարք մտքերի և եզրահանգումների կուզենայինք անդրադառնալ ստորև:

Հոդվածագիր Գ. Էմին-Տերյանը, ներկայացնելով Վրաստանը որպես բարեկեցիկ, եվրոպական քաղաքակրթության օրրան հանդիսացող մի երկիր, ինքնին ապացուցում է, որ, կամ վերջինս բոլորովին տեղյակ չէ Վրաստանում տեղի ունեցած իրական գործընթացներից և այդ երկրին ճանաչում է միայն արտաքնապես, կամ` 1963 թվականից ի վեր «Ջավախքի կյանքին ու իրադարձություններին աչալրջորեն հետևած» և Վ. Տերյանի շառավիղը հանդիսացող Գ. Էմին-Տերյանն իր, մեղմ ասված, անգրագետ ու տեղ-տեղ խիստ վտանգավոր մտքերն արտահայտում է դիտավորյալ կերպով:

Եվ այսպես` հոդվածագիրը, հերքելով «Ջավախքի խնդրի» (չակերտները Գ. Էմին-Տերյանինն են) գոյությունը, ՀՀ-ում բնակվող բոլոր քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին, ովքեր բարձրաձայնում են Ջավախքի այս կամ խնդրի մասին, ներկայացնում է որպես ՀՀ-ի ու Վրաստանի թշնամիներ: Ավելին, հոդվածագիրը բոլորովին չի երկմտում այս ցանկի մեջ ներառել նաև ջավախքաբնակ գործիչ, Վրաստանի նախորդ իշխանությունների կողմից շուրջ 4,5 տարի անօրինական դատապարտված Վ. Չախալյանին:

Իհարկե` ցավալի է, որ այս խիստ վտանգավոր թեզերի հեղինակը հայազգի լրագրող է, ավելին` կրկնակի ցավալի է, որ այդ հայազգի լրագրողը Տերյանի տոհմի ներկայացուցիչ, արմատներով ջավախահայ մեկն է: Այստեղ ջավախքագիտական դասեր տալը Գ. Էմին-Տերյանին բոլորովին անիմաստ գործ է` հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ բնագավառում վերջինս անցել է արդեն հիսնամյա ճանապարհ : Սույն ակնարկով պարզապես կուզենայինք մի քանի հիշեցումներ անել նրան` հուսալով, որ դրանից հետո վերջինս կսկսի գրել միայն իր գիտակցությանը հասանելի թեմաներով, բայց ո’չ Ջավախքի թեմայով:

Նախ այն մասին, որ չկա Ջավախքի խնդիր: Առնվազն զավեշտական է, որ Ջավախքին 50 տարի “աչալուրջ հետևող” Գ. Էմին-Տերյանը մինչ օրս չի տեսել, թե ինչպես էին սահակաշվիլիական ռեժիմի ներկայացուցիչները վախի ու սարսափի մթնոլորտում պահում իր հայրենակիցներին, թե ինչպես էին սահմանային աշխատակիցները ստորաբար խլում գրքերն ու մշակութային առարկաները նույն մարդկանց ձեռքից, թե ինչպես էին դպրոցներում  օրավուր կրճատվում հայրենագիտական դասաժամերը և փոխարինվում վրացերենով, թե ինչպես էին հայերենի կարգավիճակի բացակայության պայմաններում հայ աշխատակիցները մաքրազարդվում պետական հիմնարկներից` փոխարինվելով վրացիներով կամ ազգանվամբ հայերով, թե ինչպես էին ստորաբար աշխատանքից ազատվում այն ուսուցիչները, մտավորականներն ու մշակութային գորիչները, որոնց հարազատները բարձրաձայնում էին Ջավախքին հուզող բազմապիսի հարցերը, թե ինչպես էին հալածվում, հայրենիքը թողնում կամ անօրինական բանտարկվում ջավախահայության արդարացի իրավունքները պաշտպանող գործիչները, էլ չեմ խոսում Վրաստանի օրենսդրական բազայի և միջազգային փաստաթղթերի բնագավառի խնդիրների, հոգևոր-կրոնական, նահանգային-վարչատարածքային, ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխման, տնտեսական և այլ հարցերի մասին: Կարծում ենք` այս աղաղակող փաստերն անհնար էր չտեսնել, մանավանդ, որ հեռացող Սահակաշվիլին մանավանդ վերջին շրջանում ամեն ջանք թափեց` ապացուցելու իր հակահայ կեցվածքը, և Գ. Էմին-Տերյանի այս վարքագծի մեջ գերիշխում է ոչ թե անտեղյակությունը, այլ` սեփական արմատների ու հայրենակիցների խնդիրների հանդեպ ցինիկ պահվածքը:

Ինչ վերաբերում է “սուտ տեղը արհեստականորեն խնդիրներ բարձրաձայնող” ջավախահայ գործիչներին կամ քաղաքագետներին, ապա` հիշեցնենք պ. Գ. Էմին-Տերյանին, որ իրականում այդ մարդիկ արել են ամեն ինչ, որ իր պապ Վահան Տերյանի միջոցառմանը սահակաշվիլիականները չփորձեն անարգել ու ցեխատրոր անել Տերյանի լեզուն` ստիպելով ելույթ ունենալ ռուսերեն կամ վրացերեն, արել են ամեն ինչ, որպիսի իր պապ Վ. Տերյանի ու հայազգի այլ մեծերի գրքերը սահակաշվիլիականները չփորձեն արգելել մտցնելու Ջավախք, արել են ամեն ինչ, որ իր հայրենի Գանձայի և Ջավախքի դպրոցներում դասավանդումը չպարտադրվի իրականացնելու վրացերենով, արել են ամեն ինչ, որ ջավախահայը չբռնի գորիահայության, կախեթահայության, սղնախահայության՝ դեպի ուծացում տանող ճամփան. Ջավախքում հայկական շարունակականությունն այս տարիներին ապահովվեց նաև ա՛յս մարդկանց շնորհիվ, որոնց այս կամ այն պիտակներ կպցնելը, մեղմ ասված, բարոյական չէ: Ի դեպ, Գ. Էմին-Տերյանի նշած նույն “սադրիչ” քաղաքագետները կամ “արտաքին թշնամական ուժերը” դեռ չկային, երբ ընթանում էր քարթվելիզացման գործընթացն՝ իր մեջ կլանելով բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ, և զավեշտի ժանրից է, երբ Գ. Էմին-Տերյանը ջավախահայության խնդիրների ի հայտ գալու մեղավոր է համարում ոչ թե իշխող ռեժիմին, այլ` ոչ ավել, ոչ պակաս, նշյալ անձնավորություններին, որոնց բողոքների արդյունքում ծնվեցին խնդիրները. փաստորեն, ըստ Գ. Էմին-Տերյանի մանկական դատողության, Ջավախքում կրթական համակարգը կմնար հայկական, դասագրքերը չէին արգելվի, ուսուցիչները կվերապատրաստվեին Հայաստանում, եթե այդ “վատ” քաղաքագետները նախապես չբողոքեին: Հոդվածագիրը պարզապես գլխիվայր շրջում է իրերի զարգացման տրամաբանությունը` իրեն վերջնականորեն դասելով վանբայբուրդների շարքը: Մեր այս եզրահանգման վառ ապացույցն է Գ. Էմին-Տերյանի հաջորդ ապատեղեկատվությունն առ այն, որ Ջավախքում առկա է բնակչության աճ, բարվոք է ժողովրդագրական վիճակը և Ջավախքը չի հայաթափվում: Եթե անգամ Գ. Էմին-Տերյանին հասու չեն ժողովրդագրական տվյալները, գոնե այդ մասին Երևանում հարցուփորձ աներ իր հայրենակիցներից: Մենք այլևս կասկածում ենք, որ վերջին տարիներին հոդվածագիրը եղել է Ջավախքում, այլապես` կտեսներ իրենց հարևան Փոկա գյուղի օրավուր վրացականացվող վիճակը, դիմացի Ասփարա գյուղը, որի 331  ընտանիքներից (1970 թ.) մնացել են ընդամենը երկուսը և այլն: Համաձայն ենք, որ Աշոցքում կամ այլ շրջաններում առավել վատ է վիճակը, բայց դա ամենևին խնդրի անտեսման կամ վրացական իշխանությունների փառաբանման հիմք չէ: Հոդվածագիրը, որպես բարի գործ, նշում է Ջավախքի ճանապարհների մի մասի վերանորոգումը, և, քանի որ նրա խոսքի սկզբում հիշատակություն կա Ստալինի մասին` նշենք, որ Ջավախքի լավագույն լեռնանցքային ճանապարհները սարքվել են նրա օրոք, բայց ջավախահայությունը լավ չի ապրել, քանի որ նրա սերուցքը աքսորվել ու գնդակահարվել է: Նույնկերպ ջավախահայությունը լավ չի ապրել Սահակաշվիլու բարենորոգ ճանապարհների պայմաններում, քանի որ հոգևոր դաշտում կրել է դաժան հալածանքներ, քանի որ նրա խնդիրը հոգևոր և ազգային-քաղաքական դաշտում է:

Գ. Էմին-Տերյանի հաջորդ և վերջին մտազեղումը, որին կարելի է անվանել ոչ թե կարճատեսություն, սխալ հաշվարկ կամ ոչ իրատեսկան մոտեցում, այլ` սովորական քաղաքական չիմացություն, դա վերաբերում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու գործարկմանը, որն, ըստ հեղինակի, ոչ միայն “ջավախահայությանը կկապի Եվրոպայի հետ, ինչի հետևանքով Ջավախքը փակուղուց կվերածվի խաչմերուկի”, այլև “կօգնի Հայաստանին ճեղքելու բլոկադան”: Թուրք-ադրբեջանական ամենավտանգավոր նախագիծը, որի մուտալուտ գործարկմամբ արդեն օրավուր թուրքանում է Ջավախքը, իսկ ՀՀ-ին սպառնում շրջափակում, ըստ մեր մտածողի, փրկում է և՛ Ջավախքը, և՛ ՀՀ-ն: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Չենք կարող ասել, թե ինչ է իրականում թաքնված Գ. Էմին-Տերյանի այս տարօրինակ վարքագծի հետևում,սակայն  կարող ենք հաստատորեն ասել, որ Գ. Էմին-Տերյանն  դատողություններով մեծ վնաս հասցրեց  Տեր-Սուքիասի (Վ. Տերյանի հոր) գերդաստանի, այդ մտավորականների ու ուսուցիչների աստղաբույլի պատիվին: Հաստատենք նաև, որ ջավախահայության խնդիրները ձևախեղողների կամ դրանց գոյությունը մերժողների թիվը մեծ տեմպերով նվազում է, և այժմ Գ. Էմին-Տերյանի նման վանբայբուրդիզմով տառապողները գրեթե հաշվվում են մատների վրա:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հոդվածում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «archive2.ankakh.com»կայքի և “Անկախի ” խմբագրության տեսակետի հետ:

Tags: ,