Նորը և հինը` հայկական բռնցքամարտում

Կարեն Աղամալյան13704Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը: Նա  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է: Գևորգյանը  նախկինում բռնցքամարտիկ է եղել, միջազգային կարգի սպորտի վարպետ է, տեղյակ է  այս մարզաձևի խնդիրներին: Հիշեցնենք, որ ՀԲՖ-ի նախկին նախագահը Արման Մուրադյանն էր, որի ընտանիքին է պատկանում նաև Երևանի մարզահամերգային համալիրը: Նա հրաժարական էր տվել պատճառաբանելով, որ Մոսկվայում է լինում, զբաղված է: Իսկ հրաժարականի հիմնական պատճառ կարելի է համարել մեր մարզիկների ձախողումները վերջին շրջանի միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, մասնավորապես` 2012-ին կայացած օլիմպիական խաղերում, օրերս անցկացված աշխարհի առաջնությունում:

Նորընտիր նախագահը երկու շաբաթ ժամանակ է խնդրել, որ ամիջականորեն ծանոթանա իրավիճակին և հստակեցնի, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը գխավորում է Կարեն Աղամալյանը: Հետաքրքիր է, թե նա ինչն է համարում պատճառը, որ օրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգ դուրս եկած մեր երկրի 6 մարզիկներն էլ անմասն մնացին աշխարհի առաջնությունում խաղարկված պարգևներից:

Աղամալյանը հայտնեց, որ բոլոր մարզիկներից էլ սպասելիքներ ունեցել է, սակայն աշխարհի առաջնությունում մրցակցությունը մեծ է: Ընդ որում, Հայաստանի հավաքականի 4 մարզիկ առաջին հանդիպումները տանուլ է տվել և պայքարից դուրս է մնացել` մրցակիցներին զիջելով 1:2 հաշվով: Այնուամենայնիվ, նա չթաքցրեց, որ վստահ է եղել, որ  49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը մյուսներից ավելի հաջող հանդես կգա:

Ի պատասխան մեր այն հարցին, թե հնարավո՞ր է`  նրա պարտվելու պատճառն այն է, որ նա երկար ժամանակ խոշորամասշտաբ ստուգատեսների չի մասնակցել, մասնագետը հայտնեց, որ  օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներից հետո ավելի ներկայացուցչական ստուգատեսներ չեն եղել, բայց Կորյունը դարձել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի չեմպիոն: Աղամալյանն այն կարծիքին է, որ Սողոմոնյանը երիտասարդական բռնցքամարտ է վարում, որը մեծահասակների ռինգում հաջողություն չի կարող բերել: Աշխարհի առաջնությունում էլ նա հավասար պայքարում է պարտվել Կոստա Ռիկայի ներկայացուցչին, որը հետագայում դարձել է մրցանակակիր:

«Թեև մեր մարզիկներն աշխարհի առաջնությունում մեդալի չտիրացան, սակայն մեծ աճ կա: Հավաքականը երիտասարդ է, միջին տարիքն է` 20-20,5-ը, և բոլորն էլ պայքարող են: Իմ կարծիքով, ոչ մի բռնցքամարտիկ չի ձախողվել: Հովհաննես Բաչկովի (60 կգ), Արման Հովիկյանի (75 կգ) մրցամարտերն անկողմնակալ չէին: Բայց չեմ ցանկանում մեդալ չստանալու համար մրցավարներին մեղադրել: Այդուհանդերձ, ցանկալի է, որ Հայաստանն այսպիսի ստուգատեսներում մրցավար ունենա: Կարծում եմ, որ մեր բռնցքամարտիկներն աճելու տեղ ունեն, և հետագայում հաղթանակները նրանց ուղեկից կլինեն: Բոլորից էլ մեծ սպասելիքներ ունեմ: Հայաստանի հավաքականի անդամներից երեքին հրավիրել են ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալների մրցումների` Արամ Ամիրխանյանին, Արամ Ավագյանին, Հովհաննես Դանիելյանին: Ընդ որում, պրոֆեսիոնալների մրցումներում հնարավոր է վարկանիշ լրացնել հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այս կարգը նորություն չէ, 4-րդ տարին է գործում, սակայն նախկինում Հայաստանից բռնցքամարտիկներ չեն մասնակցել այդ մրցումներին: Իսկ 2014-ի մրցումների օրացուցային պլանը դեռևս հստակեցված չէ: Փետրվարին անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, սակայն ինձ համար կարևոր է միջազգային մրցաշարերի արդյունքը: Բռնցքամարտիկ կա, որ մեր երկրի եռակի չեմպիոն է դարձել, բայց դրսում կազմակերպված միջազգային մրցաշարերում ոչ մի հաղթանակ չի կարողացել տանել»,- ասաց  Աղամալյանը:

Tags: