Հայ և թուրք դերասանները 43 ժամ շարունակ իրար ձեռք սեղմելով դարձել են Գինեսի ռեկորդակիրներ

Հայ,թուրք, դերասաններ, 43 ժամ,Գինեսի ռեկորդակիրներ Օրերս Վրաստանում 35-ամյա թուրք դերասան Դենիզ Բարըշը և հայազգի դերասան 32-ամյա Օհանես Աջիյանը Գինեսի ռեկորդ են սահմանել՝ որպես աշխարհում ամենաերկար ձեռք սեղմած մարդիկ: Դերասանները երկու օր շարունակ ոտքի վրա են մնացել՝ ժամանակ առ ժամանակ նստելով բեմին դրված աթոռների վրա:

Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ դերասանները 43 ժամվա ընթացքում միայն շաքարապատ մրգեր են կերել և թեյ ու ջուր խմել, այդ պատճառով էլ բավական ուժասպառ են եղել: Պատմելով, որ ռեկորդ սահմանելը այնքան էլ հեշտ գործ չէր, դերասանները նշել են. «Խոստովանենք, որ հոգնել ենք, սակայն մեր արածը դրան արժեր: Չնայած մեր երկրների միջև պատմությունից մնացած մի շարք խնդիրներ են առկա, սակայն մենք ցույց տվեցինք, որ դրանք չեն ազդում հասարակ մարդկանց հարաբերությունների վրա»:
Նշենք, որ հայ և թուրք դերասանները գերազանցել են 2011 թվականին Նյու Յորքում գրանցված ռեկորդը: Այն ժամանակ կողմերը իրար ձեռք էին սեղմել 42 ժամ 35 րոպե շարունակ:

Tags: , , , ,