Երևանը առաջիկա 4 տարիներին` ըստ քաղաքական ուժերի պատկերացումների

qaxaqakanԵրևանի քաղաքապետի աթոռի համար թեժ մրցապայքար է ծավալվել. մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններից առաջ քարոզարշավը և պայքարը երևանցիների քվեների համար եռում է: Յոթ քաղաքական ուժերը հնարավոր բոլոր միջոցներով երևանցիներին են ներկայացնում  մայրաքաղաքի ապագայի իրենց տեսլականը:

«Անկախը» կփորձի ծաղկաքաղ անել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից` ներկայացնելով նրանց հիմնական մոտեցումներն ու առանցքային դրույթները:

Նշենք, որ  բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ունեն ընդհանուր դրույթներ, օրինակ` գրեթե բոլորն էլ խոստանում են ավելացնել կանաչապատ տարածքների մակերեսը, մետրոպոլիտենի կայարանների թիվը, բարելավել ջրամատակարարման որակը, տրանսպորտը հասանելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց:

Այսպես, ՀԱԿ-ն ընտրություններին մասնակցում է «Իշխանությունը` քաղաքացուն» կարգախոսով,  ցուցակը գլխավորում է Վահագն Խաչատրյանը:

«Հաղթելով Երևանում, մենք ճանապարհ կբացենք Հայաստանի ամբողջ իշխանությունը կարճ ժամկետում իր տիրոջը` ժողովրդին վերադարձնելու համար»,- ասվում է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում:

Այն  երկու մասից է բաղկացած: Առաջինը քաղաքական ծրագիր է, երկրորդը՝  Երևանի զարգացման ծրագիրը: Ծրագրի երկրորդ մասն ուշագրավ է նրանով, որ մանրակրկիտ, ոլորտ առ ոլորտ ներկայացնում է կուսակցության անելիքները` բաց չթողնելով ներկայում արդիական որևէ խնդիր:

Ըստ քաղաքական ծրագրի` Երևանում իշխանության գալու դեպքում ՀԱԿ-ը նախատեսում է «Սահմանադրական դատարան դիմելու միջոցով վերացնել  Երևանի մասին օրենքով սահմանված` Սահմանադրությանը և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային հակասող դրույթները. մասնավորապես կբացառվի ՀՀ կառավարության կողմից Երևանի ավագանին լուծարելու հնարավորությունը, Երևանի բյուջեի որոշ ծախսերի ուղղությունները բացառապես կառավարության կողմից սահմանելը, Երևանի վարչական շրջանի ղեկավարներին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ վերապահելն ու համայնքային սեփականությունը տնօրինելը»:

Համաքաղաքային նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով  ՀԱԿ-ը նախատեսում է  համաքաղաքային հանրաքվեներ անցկացնել: Նաև նախատեսում է Երևանում ստեղծել  կաբելային հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները։

Անդրադառնալով Երևանի ապագային՝  ՀԱԿ-ը խոստանում է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առցանց հետևելու  բյուջեի ծախսերին ու մուտքերին, ստեղծել  կանաչ գոտիների և պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող մշտական դիտորդական խումբ, որի իրավասությունները կսահմանվեն  իրավական ակտով:  Տրանսպորտի ոլորտում ուշագրավ է  մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածի կառուցումն ավարտելու և  Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս – Մալաթիա – Չարբախ երթուղու կառուցման խոստումը:

Բնապահպանության ոլորտում  ՀԱԿ-ը խոստանում է  միջոցներ ձեռնարկել`  վերականգնելու և ավելացնելու Երևանի կանաչապատ տարածքները` զանգվածային ծառատունկերի, նոր պաշտպանիչ անտառաշերտերի հիմնման միջոցով: «Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար` Երևանի կանաչ տարածքներն աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին: Կվերականգնվի բուսաբանական այգին` իր ենթակառուցվածքներով: Պատշաճ ուշադրության կարժանանա Երևանի կենդանաբանական այգին: Կվերականգնվեն կանաչ գոտիները, այդ թվում` սիզամարգերը, կկատարվի դրանց գույքագրումը և դասակարգումը ըստ գործառնական նշանակության: Այգիներում և պուրակներում կբացառվի կապիտալ շինություններ կառուցելը»,- ամրագրված է ծրագրում:

Նախատեսվում է բազմազավակ ընտանիքների համար տրամադրել  ամսական հավելավճարներ և տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում, երկարատև խնամքի կարիք ունեցող և քրոնիկ հիվանդների համար ստեղծել  հատուկ հաստատություններ ու ցերեկային խնամքի կենտրոններ, երիտասարդների համար կառուցել թաղամասեր և այլն:

ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցում է «Երևան, փոխիր Հայաստանը» կարգախոսով: Կուսակցության ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը:

«Մեր ծրագրերը համարձակ են, հավակնոտ, միաժամանակ` ծանրակշիռ ու իրատեսական: Մենք խոստումներ չենք շռայլում, մենք լուծումներ ենք առաջարկում»,- ասում է ՀՅԴ-ն ու կետ առ կետ ներկայացնում իր պլանները:

Կառավարման համակարգում, օրինակ, ՀՅԴ-ն մտադիր է ստեղծել Երևանի բյուջեի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագանու վերահսկիչ մշտական հանձնաժողով` ղեկավարումը տալով ընդդիմությանը, ներգրավելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների:  Կուսակցությունը խոստանում է ապահովել Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը, ընդլայնել վարչական շրջանի աշխատակազմի լիազորությունները, գործելու իրական դաշտ տալ նրանց,   փոքր կենտրոնում արգելել բնակարանային շինարարությունը, դադարեցնել մայրաքաղաքի կառուցապատման լոկալ սկզբունքը, Երևանը մաքրել ապօրինի և ինքնակամ շինություններից, ընդլայնել բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, հաստատել ձեղնահարկերի միասնական նախագծեր, սահմանել քաղաքաշինական, ազգային ճարտարապետական-մշակութային հատուկ պահպանության գոտիներ, քաղաքաշինական գործունեության ընթացքում ապահովել հասարակայնության իրազեկության և մասնակցության գործուն մեխանիզմներ, մինչև 2017 թ. առնվազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները, կառուցել մետրոպոլիտենի նոր երթուղիներ և կայարաններ:  Ծրագրով նախատեսվում է նաև արդիականացնել տարեցների խնամքի հաստատությունների, տնային պայմաններում խնամքի կազմակերպման համակարգը, ձևավորել ծերապարտեզների ցանց, մեծացնել երեխաների ընդգրկվածության աստիճանը նախադպրոցական հաստատություններում, ակտիվ քաղաքականություն իրականացնել երիտասարդների զբաղվածության ապահովման ուղղությամբ և այլն:

«Առաքելություն»  կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով» և «Երևան՝ մեր առաջին առաքելություն» կարգախոսներով: Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը:

Կուսակցությունը Երևանը տեսնում է որպես քաղաք, որի բնակիչները կունենան բարեկեցիկ, անվտանգ կյանք, քաղաք, որի այցեքարտը կլինեն հարմարավետությունն և մաքրությունը:

Ըստ նախընտրական ծրագրի`  նախատեսվում է  կրկնակի նվազեցնել մետրոյով երթևեկության ուղեվարձը,  կառուցել մետրոպոլիտենի նոր կայարաններ, հասարակական տրանսպորտը մատչելի դարձնել հաշմանդամների համար, բոլոր վերելակները փոխարինել նորերով, վերանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները, գետնանցումներն ու մայթերը, ապահովել բոլոր փողոցների գիշերային լուսավորությունը, հիմնել նոր անտառներ, բարեկարգել բուսաբանական այգին, կառուցել նոր առևտրային կենտրոններ, խիստ վերահսկողություն սահմանել պատմամշակութային շինությունների ճարտարապետական տեսքի պահպանման նկատմամբ և այլն:

ՕԵԿ-ի կարգախոսն է «Մենք կարող ենք ավելին», կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Երիցյանը: ՕԵԿ-ը խոստանում է ձևավորել «քաղաքացիների համար աշխատող իշխանություն»` նշելով, որ «երևանցիները պետք է համոզված լինեն, որ իրենց կարծիքը ոչ միայն «լսելի է,  այլև անպայման հաշվի է առնվելու»:

ՕԵԿ-ի ընդարձակ ծրագիրը, սակայն, այդպես էլ Երևանի հստակ տեսլական չի տալիս. կուսակցությունը խոստանում է գործող ինչ-ինչ կարգեր արդիականացնել, հստակեցնել, ստեղծել անհրաժեշտ միջավայր` ինչ-ինչ զարգացումներ ապահովելու համար, ամրապնդել օրինականությունը,  սակայն այդ ամենն այնքան անորոշ է ներկայացվում, որ ծրագիրն ընթերցելուց հետո այդպես էլ չես հասկանում` ընտրվելու դեպքում  ինչ են նախաձեռնելու, ինչից են սկսելու: Նման լղոզված ծրագրի պարագայում ցանկացած քայլ կարելի է ներկայացնել որպես ծրագրից բխող:  Ընդ որում, ՕԵԿ-ի ծրագիրն այնքան ընդհանուր է, որ մի փոքր շտկումներով կարելի է ներկայացնել նաև համապետական ցանկացած ընտրության ժամանակ որպես նախընտրական ծրագիր:

ԲՀԿ-ի նախընտրական կարգախոսն է «Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք»: Կուսակցության ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը:

ԲՀԿ-ն նախատեսում է բացառել «Երևանի դեմքը աղճատող որևէ փոփոխություն և ապօրինի կառուցապատում»` նշելով, որ Երևանի գլխավոր հատակագծով սահմանված պահանջները պետք է լինեն պարտադիր բոլորի համար: Առաջարկում են  ամրացնել և վերականգնել 3-րդ աստիճանի վնասվածության բազմաբնակարանային շենքերը,  պարզեցնել կառուցապատման համար  ճարտարապետա-շինարարական փաստաթղթերի տրամադրման կարգը, ապահովել բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը, շքամուտքերում անվտանգության համակարգերի տեղադրումը, վերելակների անվտանգ շահագործումը: Բնապահպանության ոլորտում ԲՀԿ-ն առաջարկում է կանաչ տարածքներում միամյա  բույսերը փոխարինել բազմամյա կուլտուրաներով, զբոսայգիները վերակառուցել` դրանք առավել հարմարավետ դարձնելով բնակիչների հանգստի ու ժամանցի համար, արգելել կանաչապատ տարածքներում հիմնական շինությունների կառուցումը և այլն: Տրանսպորտի ոլորտում ԲՀԿ-ն առաջարկում է ավելացնել ավտոբուսների և տրոլեյբուսների թիվը, կառուցել մետրոպոլիտենի նոր կայարաններ. «Երևանը միայն Աբովյան և Թումանյան փողոցները չեն, որ  ցուցադրականորեն բարեկարգվում և ծաղկապատվում են: Երևանը պետք է զարգանա համաչափ: Հարավ-Արևմտյան թաղամասում կամ Նոր-Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածներում ապրող բնակիչը նույնպես պետք է իրեն հարմարավետ զգա իր քաղաքում: Քաղաքի տարբեր հատվածների միջև «անհավասարության» նշանը պետք է վերանա»:

ԲՀԿ-ն ներկայացնում է նաև առողջապահության, կրթության ոլորտներում իր նպատակներն ու ցանկությունները`  հավելելով, որ ծրագիրը կենսունակ է և վստահության արժանանալու դեպքում մայրաքաղաքը կդարձնեն «բոլորի երազած Երևանը»:

ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Ավելի լավ Երևան» կարգախոսով, ընտրական ցուցակը գլխավորում է ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նախընտրական ծրագրում ներկայացված են քաղաքապետարանի 2009-2013 թթ. միջոցառումները, ապա ներկայացված է 2013-2017 թթ. ավելի լավ Երևանի տեսլականը:  Նախընտրական ծրագրում անդրադարձ է կատարվում 9 ոլորտների` հիմնականում խոստանալով շարունակել ներկայիս քաղաքականությունը. «Մենք պատրաստակամ ենք շարունակելու ամեն դրականն ու լավը` բոլորիս համար ստեղծելով  ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ,  ավելի մաքուր, ավելի կանաչ, ավելի լուսավոր, ավելի անվտանգ, ավելի գեղեցիկ, ավելի լավ Երևան»:

Քաղաքաշինության ոլորտում ՀՀԿ-ն խոստանում է ընդունել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենք, բեռնաթափել տրանսպորտային հանգույցները,  ավարտին հասցնել  Լենինգրադյան փողոցն Ադմիրալ Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու շինարարությունը և այլն:

Աղբահանության և բնապահպանության ոլորտում ՀՀԿ-ն խոստանում է  հիմնել աղբի վերամշակման  ձեռնարկություն, նոր այգիներ և զբոսայգիներ, ավելացնել կանաչ տարածությունները, իրականացնել Եռաբլուրի, Հաղթանակի զբոսայգու, Փարոսի բլուրի անտառավերականգնման ծրագիր և այլն:

«Բարև Երևան» դաշինքի նախընտրական ծրագիրը դեռևս հրապարակված չէ, «Ժառանգության» գրասենյակից տեղեկացրին, որ առաջիկա օրերին ծրագիրը վերջնական տեսքի կբերվի ու կհրապարակվի: Դաշինքի կարգախոսն է` «Բարև Երևան», իսկ ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը:

Tags: ,