Որտեղ հույզերն են, այնտեղ փաստարկներին տեղ չկա

Haykuhi-Barseghyan1Ամենից բարձր գողն է գոռում` բռնեք գողին: Ժողովրդական այս իմաստությունն արդիական է նաև մեր օրերում:
Թուրք ազգայնականի` Հայաստան կատարած այցի շուրջ բարձրացրած աղմուկը ևս մեկ անգամ տեղիք տվեց մտածելու, թե մեր հասարակությունն իրադարձություններն ինչպես է ընկալում ու ինչպես արձագանքում: Ցավոք, ևս մեկ անգամ համոզվեցի, որ ոչինչ չի փոխվել. հասարակությունը նույն հուզական մակարդակում է, իսկ որտեղ հույզերն են, այնտեղ փաստարկները տեղ չունեն:
Վաղուց եմ նկատել` հայերիս մեջ հուզական արձագանքն ավելի մեծ դրսևորում ունի: Դպրոցական տարիներին ֆորումների էի մասնակցում, որտեղ քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը: Հենց ֆորումի շնորհիվ հասկացա, որ թեև հուզական արձագանքը սրտից է բխում ու անկեղծ է, արժեք չունի, միայն փաստարկված խոսքն է, որ կարող է դիմացինին համոզել, արժեք ներկայացրել: Իսկ եթե չունես փաստեր, ստիպված բացը լրացնում ես հուզախառն ածականներով: Սա հասկանալուց հետո այլևս կանոն է` բանավիճելիս կա՛մ ունեցիր փաստարկներ, կա՛մ էլ պարզապես բանավեճի մի բռնվիր, այլապես խղճուկ վիճակում կհայտնվես:
Սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, այս դասը ոչ բոլորն են սերտում: Եվ նաև դրանով է պայմանավորված, որ մեր հանրության մի ստվար զանգված չի կարողանում տարբերակել կարևորն անկարևորից, փաստը հույզից:
Տարբեր ոլորտների ներկայացուցիչ-մասնագետները հաճախ են դժգոհում լրագրողներից, թե նրանք թացն ու չորը, կարևորն ու անկարևորը չեն տարբերում, ասուլիսի են գալիս, բայց բուն թեման թողած ինտրիգային, սկանդալային հարցերի վրա են կենտրոնանում ու միայն դա լուսաբանում: Բայց տխուր իրականությունն այն է, որ լրատվամիջոցի որակյալ արտադրանքն էլ հանրության կողմից պահանջարկված չէ. մարդիկ նախընտրում են լուրջ տոնով քննարկել որևէ աստղի վարտիքի գույնը, ինչ-որ երգչի կամ պաշտոնյայի սիրուհիներին կամ սիրեկաններին, հաշվել այլոց փողերը և այլն: Իսկ երբ լրատվամիջոցը լուրջ վերլուծություն է մատուցում, օրինակ` տնտեսական վիճակի մասին կամ հանրության կյանքին վերաբերող որևէ այլ ոլորտից, մարդիկ դրանով չեն հետաքրքրվում: Ստացվում է, որ հանրությունը մեծ մասամբ ցանկանում է կարդալ էժանագին, գրոշի արժեք չունեցող նյութեր` միաժամանակ քննադատելով դրանք մատուցած լրատվամիջոցներին: Պարադոքս:
Վերջերս հանրության ոչ ադեկվատ արձագանքի պատճառ դարձավ թուրք ազգայնականի այցը Հայաստան, որը ոչ առաջինն էր, ոչ էլ հավանաբար վերջինը: Բայց այս այցելության նպատակը բացառիկ էր` Հայաստանում թուրքական լրատվական գործակալության գրասենյակ բացել: Հանրությունը, փոխանակ մտածելու, թե թուրքերն ի՜նչ հեռուն գնացող նպատակներ ունեն, մտածելու, թե մենք ինչպես կարող ենք հակադարձել, թույլ չտալ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքերն իրենց ժխտողական քաղաքականությունն առաջ տանեն ու հայերի մեջ էլ այս հարցում պառակտում սերմանեն, աղմկում է, թե «ինչպե՞ս եք համարձակվել թուրքի հետ հաց կիսել», «ինչո՞ւ եք թուրքին հյուր ընդունել», «ո՞վ է թույլ տվել, որ թուրքը Հայաստան այցելի» և այլն:
Ստացվում է, որ «ինչո՞ւ» հարցի պատասխանը փնտրելու փոխարեն մեր հանրությունը հռետորական հարց է բարձրացնում` ո՞նց թե: Միայն թե հռետորական հարցը պատասխան չի ենթադրում, հետևաբար շոշափելի լուծման էլ չի հանգեցնի:
Այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ ամեն մարդ իրեն ազգի դավաճան չի զգում, երբ իր հանգիստն անցկացնում է Անթալիայում ու վերադարձին էլ գոհ-գոհ թուրքերին գովերգում, նրանց փոխվելու մասին հեքիաթներ պատմում: Ինչո՞ւ հանրությունը չի դատապարտում, որ շատ հայեր Հայաստանում վաստակած գումարը վատնում են Թուրքիայում հանգստի վրա` իմանալով հանդերձ, որ զբոսաշրջության եկամուտների մի մասն ուղղվում է բանակի կարիքներին, իսկ թուրքական բանակն էլ զենք և «ուղեղներ» է մատակարարում Ադրբեջանին: Ինչո՞ւ հանրությունը չի բոյկոտում թուրքական ապրանքները, որով ողողված է շուկան, կամ ազգադավ չի հանում այն վաճառողին, որն իր ապրանքի որակը գովելու համար հպարտությամբ հայտարարում է` թուրքական է: Ինչո՞ւ է հանրությունը հանգիստ ընդունում բազմաթիվ ծրագրեր, որոնք երկու հասարակությունների երկխոսություն են քարոզում` ապահովելով երկկողմանի այցելություններ ու հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Սակայն, չգիտես ինչու, հանրությունը դատապարտում է իրեն թուրք ազգայնական հռչակած մեկի այցելությունը Հայաստան կամ հանդիպումը նրա հետ:
Էլ ո՞ւր մնաց սթափ դատողությունը:
Այստեղ մի միտք էլ է առաջանում` իսկ ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Գուցե պետք է, որ դպրոցներում երեխաների մեջ վերլուծական մտածողությունը ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ աշխատեն: Չի խանգարի նաև բանավեճի մշակույթի ձևավորումը: Եթե երեխան դպրոցական տարիքից սովորի բանավիճելուն ու իր ճշմարտացիությունը փաստարկներով ապացուցելուն, ապա նույն կերպ կշարունակի վարվել նաև հասուն կյանքում` դրսևորելով ճիշտ քաղաքացիական վարք: Մինչդեռ այդ ունակության կամ մշակույթի բացակայության պայմաններում հասարակական արձագանքը ցանկացած հարցի շուրջ կողքից միայն քմծիծաղի է արժանանում ու լուրջ չի ընդունվում:
Կարծիք կա նաև, որ հանրային կարծիք ձևավորողները պետք է հանրությանը ճիշտ հունով ուղղորդեն` նման հարցերում շեշտադրությունը ճիշտ, էական խնդրի վրա կատարելով: Բայց ովքե՞ր են այսօր Հայաստանում հանրային կարծիք ձևավորում… Մի բան է պարզ, Հայաստանում լավ է գործում հանրության ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու մեխանիզմը, փոխարենը կաղում է հանրության ուշադրությունն իսկապես կարևոր, կենսական հարցերի վրա կենտրոնացնելու, կարծիք ձևավորելու մեխանիզմը, կամ էլ գուցե դա որևէ մեկին ձեռնտու չէ:
Չնայած վերջին շրջանում այս առումով կան որոշ բացառություններ, ինչպես, օրինակ` «100 դրամի» շարժումը կամ «Դեմ եմ» նախաձեռնությունը` ուղղված կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ: Հետևաբար, գուցե և կարելի է հույս փայփայել, որ առաջիկայում, շնորհիվ գիտակից ու կրթված քաղաքացիների, հնարավոր կլինի կենսական հարցերին հանրության ճիշտ արձագանքը օրինաչափություն դարձնել, բայց առայժմ դա երազանք է: Ընդ որում, դպրոցն ու ուսուցիչներն այս երազանքն իրականություն դարձնելու գործում որոշիչ դեր ունեն:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Tags: , , ,