Ֆրիտյոֆ Նանսեն

նանսեն«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են»

Ֆրիտյոֆ Նանսեն

Հայ ժողովուրդն իր ցավի, տառապանքի ճանապարհին շատ սրտակից բարեկամներ է ձեռք բերել: Նրանցից է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, ճանապարհորդ և հումանիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը:

Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է 1861 թ. հոկտեմբերի 10-ին, Օսլոյի մոտ գտնվող Ստորֆռոն փոքրիկ քաղաքում` փաստաբանի ընտանիքում:

Մանկության և պատանեկության տարիներին հրապուրվել է սպորտով` լող, չմշկավազք, դահուկային սպորտ: Ապա իր հնարավորությունները փորձել է նկարչության ասպարեզում: Սակայն Նանսենի իրական ձգտումը ճամփորդությունն էր:

Միանգամայն պատահաբար 19-ամյա Նանսենը մասնակցում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հինգ ամիս տևած դժվարին ճանապարհորդությանը: Սա թերևս վճռեց նրա ճակատագիրը, և ծնվեց ապագա բևեռախույզը: Նանսենը ճամփորդության ավարտից հետո ընդունվում է Քրիստիանա համալսարանն ու տրվում գիտական հետազոտություններին, որտեղ էլ 1897 թ. ստանում է կենդանաբանության պրոֆեսորի կոչում: Ուսումնառությունից հետո նա որպես կենդանաբան աշխատանքի է անցնում Բերգենի կենդանաբանական այգում:

Սակայն շատ չանցած` թողնում է պաշտոնն ու դարձյալ տրվում գիտական հետազոտությունների Պարմայի համալսարանում, որտեղ աշխատել է անվանի պրոֆեսոր Գոլջիի մոտ, Եվրոպայի առաջին ծովային կենսաբանական այգում: Այդտեղ աշխատելու տարիներին էլ` 1886 թ., Նորվեգիայի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից պարգևատրվում է ոսկե մեդալով:

Նանսենի երազանքն էր Գրենլանդիա կղզու մանրամասն ուսումնասիրումը: Նա կազմակերպում է փոքրիկ` հինգ հոգանոց արշավախումբ, որի նպատակը Գրենլանդիա կղզին հատելն էր` արևելքից արևմուտք:

Արշավախումբը Օսլոյից ճանապարհ ընկավ 1888 թ. մայիսի 5-ին: Ուղիղ հինգ ամսվա ընթացքում Նանսենի արշավախումբը, հաղթահարելով անասելի դժվարություններ, հատում է Գրենլանդիան և հասնում կղզու արևմտյան ափ`  դահուկներով անցնելով շուրջ 660 կմ ճանապարհ:

Ավարտելով նախադեպը չունեցող արշավանքը` Նանսենը դրա արդյունքները ամփոփեց մի քանի գրքում:

Շատ չանցած` 1890 թ. նա իր իսկ կառուցած «Ֆրամ» նավով հասավ Հյուսիսային բևեռ, որի համար դարձավ Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի պատվավոր անդամ:

Արշավանքից անմիջապես հետո նա գտավ իր մեծ սիրուն` Եվա Սարսին` անվանի գիտնական Միքայել Սարսի դստերը և ամուսնացավ: Եվան մասնագիտությամբ երաժշտագետ էր և դաշնամուրի մասնավոր դասեր էր տալիս: 1893 թ. ծնվում է նրանց առաջնեկը` դուստրը, որին Լիվ անունն են տալիս: Հետագայում Նանսենը Եվայի և Լիվի պատվին Ֆրանս Իոսիֆի արշիպելագում կղզի անվանակոչեց:

Նանսենը և Եվան հինգ երեխա ունեցան: Բայց նրանց ամուսնական կյանքը երկար չտևեց: 1907 թ., երբ Նանսենը Լոնդոնում Նորվեգիայի թագավորության դեսպանի պաշտոնն էր վարում, Եվա Նանսենը մահացավ հիվանդությունից:

Սակայն գիտությունը չէր Նանսենի մղումը: Չթողնելով գիտական ուսումնասիրությունները` նա անցավ դիվանագիտական ծառայության:

1905 թ. Նորվեգիան անկախացավ Շվեդիայի թագավորությունից: Նանսենը Նորվեգիայի անկախության համար պայքարի առաջամարտիկներից էր, և մի քանի հանձնարարականներ կատարելուց հետո, Նորվեգիայի կառավարությունը նրան վստահեց Մեծ Բրիտանիայում Նորվեգիայի դեսպանի պաշտոնը, որը նա զբաղեցրեց 1906-1908 թթ.:

Անգլիայից Նանսենը վերադառնում է հայրենիք և դարձյալ զբաղվում գիտությամբ` մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Աշխարհավեր այս պատերազմում մեծ հումանիստը կեղեքվող ժողովուրդների կողքին էր: 1918 թ. նա ստանձնեց ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպանի պարտականությունները:

Ապագա մեծ հումանիստը, որպես դիվանագետ, Նորվեգիայի կառավարության կողմից նշանակվում է Ազգերի լիգայի ներկայացուցիչ: Սկզբնական շրջանում` 1920-1922 թթ. նա աշխատում էր Ռուսաստանում, որտեղ էլ հղացավ Նանսենյան էմիգրանտների անձնագրի գաղափարը: Նա Ռուսաստանից ռազմագերիների հայրենադարձման գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատարն էր: Ռուսաստանում աշխատելու տարիներին էլ` 1921 թ., նա Միջազգային Կարմիր խաչի հանձնարարությամբ ստեղծում է «Նանսենյան օգնության հանձնաժողովը»:

1922 թ. Ֆրիտյոֆ Նանսենը Ազգերի լիգայի կողմից նշանակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատար: Հենց այս պաշտոնում էլ նա իրականացնում է իր առաքելությունը Հայաստան և անգնահատելի նպաստ բերում ցեղասպանությունից մազապուրծ հայ բնակչության գոյատևման գործին:

Նանսենի խաղաղասիրական, մարդասիրական առաքելությունը աննկատ չի մնում և նույն 1922 թ. նա արժանանում է Նոբելյան մրցանակի` անօգնական մարդկանց օժանդակելու ջանքերի համար: 1938 թ. նրա՝ Գաղթականների միջազգային գրասենյակը նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի, «Նանսենյան անձնագրերի» ստեղծման համար:

1925 թ. Նանսենը Ազգերի լիգայի հանձնարարությամբ ուսումնասիրում է հայ փախստականների իրավիճակն ու կազմում հանձնաժողով` նրանց կարիքները հոգալու համար: Այցելելով Հայաստան` նա ոչ միայն զբաղվում է փախստականների խնդիրներով, այլև փորձում է որոշ սոցիալական խնդիրներ լուծել երկրում, մասնավորապես ուսումնասիրում է Հայաստանի շրջաններում արհեստական ոռոգման ցանցի ստեղծման հնարավորությունները: Նա մասնակցել է Շիրակի ջրանցքի բացման արարողությանը:

Նանսենին փառավոր ընդունելություն ցույց տվեցին Հայաստանում: Նրան Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհեցին: Եղավ Հայաստանի տեսարժան վայրերում, այցելեց Մարտիրոս Սարյանին, որը նկարեց մեծ մարդասերի դիմանկարը:

Նանսենը շատ է ջանք թափում, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայ փախստականները հավաքվեն Խորհրդային Հայաստանում: Նրա ջանքերը մասամբ են հաջողություն ունենում  խորհրդային վարչակարգի պայմաններում և Ազգերի լիգայի անգործության հետևանքով:

Հայ ժողովրդի ցավին ծանոթանալով որպես Ազգերի լիգայի հանձնակատար` նա ընդմիշտ մնաց հայերի բարեկամը: «Ինձ համար դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը` առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։ Հայ ժողովուրդը, հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան, հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ»։ «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ սկսված ջարդերի հետ։ Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ»։

1928 թ. նա մասնավոր այցով մեկնում է ԱՄՆ, ուր վճարովի դասախոսություններ  կարդում և ողջ հասույթը տրամադրում հայ ժողովրդի խնդիրների լուծմանը, որի արդյունքում շուրջ 7000 գաղթական հայրենադարձվեց Հայաստան:

Նա հրատարակեց  բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ` նվիրված Հայաստանին: 1927 թ. նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդը»:

Կյանքի մայրամուտին Ֆրիտյոֆ Նանսենը նորից գիտությամբ է զբաղվում: Նա նախապատրաստեց երկրորդ` համեմատաբար ավելի մեծ արշավախմբի այցելությունը Արկտիկա, սակայն այդ իղձը իրականություն դարձավ միայն բևեռախույզի մահից հետո:

Մեծ հումանիստը մահացավ 1930 թ. մայիսի 13-ին, Լյուսակերում` իր տան պատշգամբում, թոռնուհու հետ խաղալիս:

Նրա մահից 8 տարի անց Նորվեգիայի Լիլիհամեր քաղաքում բացվեց Նանսենյան ակադեմիան:

«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են», – ահա մեծ մարդասերի կյանքի հավատամքը:

 

 

Tags: , ,