Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառում Թբիլիսիում

SONY DSCՄայիսի 8-ին, Թբիլիսիի «Կովկասյան տանը», Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ «Կովկասյան տուն-մշակութային կապերի կենտրոնը» կազմակերպեցին  Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, վրաց հասարակության եւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Դեսպան Մանուկյանը, շնորհավորական մաղթանքներ հղելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ, արժեւորեց եւ’ Հայրենական մեծ պատերազմում, եւ’ Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած հայ քաջասիրտ կամավորականների եւ ռազմական գործիչների անձնվեր պայքարի արդյունքները` խաղաղ եւ կայուն ապագա կերտելու հարցում: «Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում յուրաքանչյուր հայի սիրտ, քանզի քսաներկու տարի առաջ այս օրը` մայիսի 9-ին, հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ: Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայ ժողովրդին, որն այլեւս վճռական է՝ ապրելու ազատ եւ չհանդուրժելու որեւէ բռնություն »,-իր խոսքում նշեց ՀՀ դեսպանը:

Տոնական միջոցառումը բաղկացած էր երկու մասից` ցուցահանդեսից եւ համերգից: «Ուրարտուի արձագանքը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին թբիլիսահայ նկարչուհի Ալլա Անտոնյանցի աշխատանքները: Միջոցառման համերգային մասում հանդես եկան թբիլիսահայ կատարողներ:

 

Tags: