Գյումրեցի դյուցազնը վերադառնում է

Gevorg Davtyan (3)Գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո մրցահարթակ էվերադառնում գյումրեցի ծանրորդ Գևորգ Դավթյանը: Նա մեջքի վնասվածքից հետո երկար ժամանակ է չէր մարզվում, սակայն բարեհաջող բուժումից հետո, արդեն 6 ամիս է ինտենսիվորեն մարզվում է այս տարվա առաջնություններին մասնակցելու համար:

“Արդեն 6 ամիս է մարզվում եմ, պատրաստվում եմ հուլիսին Հայաստանի գավաթի առաջնությանը, դրանից հետո` հոկտեմբերին, աշխարհի առաջնությանը, – archive2.ankakh.com-ին փոխանցեց ծանրորդը: – Բուժմանս համար երկար ժամանակ պահանջվեց: Սկզբում ճիշտ ուղու վրա չէինք, տարբեր տեղեր բուժման կուրսեր անցա, բայց անօգուտ, հետո, երբ գնացի Մոսկվա` պրոֆեսորի մոտ, առաջարկեց վիրահատոթյուն, ուրիշ ոչ մի բուժում: Վիրահատությունից մեկ ամիս հետո լրիվ վերականգնվել եմ”: Գևորգը Մոսկվայում վիրահատվել է հոկտեմբերին, և ինչպես ինքն է նշում` 1-1.5 ամիս անց լիարժեք մարզավճակում կլինի:
Գևորգն այժմ նախապատրաստվում է Հայաստանի գավաթին և նպատակադրվել` Գյումրի բերել աշխարհի չեմպոնի տիտղոսը:
“Կարևորը Հայաստանի գավաթում բարձր արդյունքով հաղթելն է. բայց հաղթել չի նշանակում քեզանից թույլ մարզիկին գերազանցել, այլ պետք է աշխարհի, Եվրոպայի առաջնություններում քո բարձրացրած արդյունքները կրկնես”, – ասում է մարզիկը:
Արդեն երրորդ տարին է լրանում, երբ Գևորգը Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում միջազգային առաջնություններում հանդես չի եկել, և նշում է, որ շատ է կարոտել մրցահարթակն ու ծանրաձողը: Այս դադարի ընթացքում լուրեր տարածվեցին, թե Գևորգն ու Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը նեղացած են հավաքականից ու ֆեդերացիայից: Մարզիկը դա բամբասանքներ որակեց. “Խոսակցություն եղավ, որ մեզ հավաքականից հանել են. այդ մասին էլի եմ ասել` հավաքականից ոչ ոք չի կարող հանել կամ հավաքական մտցնել, ով ուզում է լինի: Հավաքականի կազմ մտցնելը պաշտոն չէ, որ հանեն ու նշանակեն: Հավաքականի կազմ մտնում է այն մարզիկը, որը Հայաստանի առաջնությանը կգրավի առաջին տեղը. այսինքն, դա կախված է մարզիկից: Թույլ մարզիկին կարող են հավաքականի կա՞զմ մտցնել, չի լինի”:
Նույն ժամանակահատվածում շատերն էին նշում, թե Գևորգն այլևս հավաքական չի վերադառնա, քանի որ լավ առաջարկներ է ստացել այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու համար: “Այլ երկրից առաջարկներ միշտ եմ ստացել, ոչ թե Անթալիայում տեղի ունեցած առաջնությունում իմ անհաջողությունից հետո: Հիմա էլ կան առաջարկներ: Բայց չեմ համաձայնվում. ինձ թվում է` համաձայնելը սխալ է”, – ասում է մարզիկը, ու միևնույն ժամանակ փաստում, որ դրսում պայմանները շատ ավելի լավն են` թե’ ֆինանսական, թե’ մնացած բոլոր առումներով:
Լինել օլիմպիական խաղերի մեդալակիր, հետո ունենալ նման անհաջողություն, արդյոք հուսահատություն չի ապրել հարցին` Գևորգը նշեց. “Օլիմպիական խաղերից առաջ արդեն հուսահատված էի, որովհետև շատ լավ մարզավիճակում էի, բայց օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ ոտքի վնասվածք ստացա: Մինչև վերականգնվեցի` խաղերին մասնակցելու ժամանակը հասավ, և դա էր պատճառը, որ բավարարվեցի երրորդ տեղով: Ես օլիմպիական խաղերին գնացել էի հենց ոսկե մեդալի համար: Դրանից հետո մեջքիս վնասցվածքը, և, անշուշտ, հուսահատվել էի, դժվար էր այդ ապրումները հաղթահարել, բայց, փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է”:
Ասում են` ծանրորդը 25-27 տարեկանից հետո պետք է հրաժեշտ տա կարիերային, որին Գևորգը բնավ համաձայն չէ. “Տարիքը նշանակություն չունի: 15 տարի առաջվա մեր հավաքականի հիմնական կազմում էին Խաչատուր Քյափանակցյանը, և էլի շատերը, որ 30-ից բարձր տարիք են ունեցել: Քյափանակցյանը 34 տարեկանում աշխարհի ռեկորդ էր սահմանել: Մինչև 35-36 տարեկան շատ մարզիկներ են եղել, որ բարձր արդյունքներ են ցույց տվել”:
Որպես սպորտի մարդ, ով երկար տարիներ այս ոլոտում է, Գևորգ Դավթյանը դժվարանում է մեկնաբանել վերջին տարիների մեր ծանրամարտի հավաքականի անհաջողությունների պատճառները: “Առաջին հերթին պետք է ձգտում, աշխատասիրություն լինի, երևի դա է պակաս շատերի մեջ: Մասնագետներ են պետք, հոգեբանական կարիք էլ ունի թիմը: Հավաքականի ելույթներին միշտ հետևում եմ, վնասվածքներ են շատ տեղի ունենում: Օրինակ մեր Տիգրան Գ.Մարտիրոսյանը, արդեն երկրորդ անգամն է վնասվածքի պատճառով չմասնակցեց կարևոր մրցումների` օլիմպիական խաղերին ու այս տարվա Եվրոպայի առաջնությանը: Այսինքն, պետք է լուրջ բժիշկ, մեր թիմը սպորտային բժիշկ չունի: Մյուս երկրները զարմանում են, որ մենք սպորտային բժիշկ չունենք: Այնտեղ ամեն թիմում 3-4 հատ բժիշկ կա, մեզ մոտ` մեկն էլ չկա: Հոգեբան չկա: Այս բացերը լրացնում են գլխավոր մարզիչը, անձնական մարզիչները, որի` ծնողները: Օրինակ իմ կողքին միշտ կանգնած են եղել հայրս, եղբայրս, ովքեր ևս ծանրամարտով են զբաղվել, անձնական մարզիչս`Վահան Բիչախչյանը:
Հայկական ծանրամարտին մեծ կորուստ էին Աշոտ Մխիթարյանն ու Խաչատուր Քյափանակցյանը. այսօրվա անհաջողություններիում պատճառներից մեկը”:
Գևորգը մարզվել և շարունակում է մարզվել Գյումրիում, անձնական մարզիչն է Վահան Բիչախչյանը: Ծանրամարտում է 11 տարեկանից, և գրեթե 20 տարի հանդես է գալիս այս մարզաձևում: Սակայն դահլիճը, որտեղ մարզվում է Գևորգ Դավթյանը, ինչպես մարզիկն է ասում, ունի ոչ “նորմալ պայմաններ”, դա սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի անվան դպրոցն է. “Հաջորդ տարի հիմքից նոր դահլիճ է կատռուցվելու, որքան ես եմ տեղյակ”, – ավելացնում է ծանրորդը:
Նշենք, որ Գևորգ Դավթյան այն մարզիկներից է, ով ամեն տարի հաղթական դափնին ուսերին է վերադառնում հայրենի քաղաք:
Իր կարիերայում Գևորգը նվաճել է.
1997թ.` պատանիների Եվրոպայի երրորդ կարգի մրցանակ:
1998թ., 1999թ.` Եվրոպայի պատանիների չեմպիոն:
2001թ.` երիտասարդների աշխարհի չեմպիոն:
2003թ.` երիտասարդների աշխարհի 3-րդ կարգի մրցանակ,
2003թ.`մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն:
2006թ.` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
2007թ.` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
2007թ.` աշխարհի փոխչեմպիոն:
2008թ.` Պեկինի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր:
Առջևում 2013թ. աշխարհի չեմպիոնի մրցանակն է:

Tags: