ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ. «Կանանց տոնին ծաղիկներն իմ ամենասիրելի նվերներն են»

Nelli 2Մարտի 8-ը, որով Հայաստանում մեկնարկում է «կանանց միամսյակը», նրանց սեր խոստովանելու և շնորհակալություն հայտնելու օր է: Այս կապակցությամբ  խոսեցինք ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ:

- Տիկին Դուրյան, 1857 թ. մարտի 8-ից, որից սկիզբ առավ կանանց իրավունքների պաշտպանության օրը նշելու ավանդույթը, անցել է ավելի քան 157 տարի, բայց կանայք դեռ պայքարում են իրենց իրավունքների համար:
- Կանայք սիրում են պայքարել, բայց մի պայմանով, որ անպայման պետք է հաղթեն: Երկաթյա լեդին՝ Մարգարետ Թետչերը, ասում էր. «Ես կարող եմ շատ երկար և համբերատար սպասել, բայց վերջում պետք է իմ ուզածով լինի»: Կանանց իրավունքերի պայքարը խիստ կապված է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Հետաքրքիր բան է, չէ՞, մեր եկեղեցին, օրինակ, սահմանում է տեր և հնազանդ կարգավիճակը: ՀՀ Սահմանադրության ու Եվրոպայի խորհրդի իրավական (ոչ միայն) ակտերի, նախադեպերի պահանջները ուրիշ են. պահանջը ձևակերպված է հստակ՝ կնոջ և տղամարդու հավասար իրավունքներ:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում ավելի շատ աշխատում են կանայք, քան տղամարդիկ: Սա արդեն ենթադրում է, որ նախկին կարծրատիպերը մի քիչ կոտրվել են, և կանայք տղամարդկանց հետ հավասար լինելու հնարավորություն ունեն:
Բայց ասեմ նաև, որ 157 տարի հետո էլ կանայք պայքարելու են իրենց ոտնահարված իրավունքների համար:

- Դուք հիշեցիք Երկաթյա լեդիին, ես՝ ադամանդե փիլիսոփա Անդրե Մորուային: Նա ասում էր, որ ղեկավարման հատկությունը մարդուն տրվում է ի ծնե:
- Այո՛, ես էլ եմ այդպես կարծում: Գիտեք, դա պետք է քեզ ժառանգաբար տրվի: Այստեղ միանշանակ մեծ դեր ունեն նաև ծնողները, իսկ իմ ծնողները եղել են ոստիկաններ: Ես կարծում եմ, որ նախ կայացած մարդ, կայացած քաղաքացի, հետո նոր ղեկավար լինելու համար հիմնական մեխը, ողնաշարը հիմնավոր ու կայուն կրթությունն է:
Եթե դպրոցում առաջինն ես, բոլորի համար օրինակ ես, չէ՞, եթե համալսարանում լավագույնն ես, բնականաբար, աչքի ես ընկնում: Ես ուսանել եմ Վոլգոգրադի լավագույն քննչական դպրոցում, բայց պետք է ասեմ, որ իմ ամբողջ կյանքում սովորել եմ, և այսօր էլ շարունակում եմ սովորել:

- Տիկին Դուրյան, գրեթե բոլոր ոլորտներում էլ կան մրցակիցներ, խանգարողներ: Հետաքրքիր է իմանալ՝ Ձեր ճանապարհին եղե՞լ են խանգարողներ:
- Ընդհանրապես մրցակցությունը լավ բան է, եթե դա բերում է զարգացում, առաջընթաց: Ես տասնյակ տարիներ է, ինչ ոստիկանությունում եմ, երբեք լարվածություն գործընկեր-գործընկերուհիներիս նկատմամբ չեմ ունեցել: Կին ոստիկաններն այն ժամանակ շատ քիչ էին, տղամարդիկ էլ չեմ կարծում, որ փորձել են խանգարել: Քրեական հետախուզությունն, այնուամենայնիվ, թիմային աշխատանք է պահանջում, և այստեղ անհատի խնդիր գրեթե չկա: Կին ոստիկաններից ոմանք ինձնից սովորել են, ինչ-ինչ բաներ վերցրել են, հարցրել, հետաքրքրվել: Իսկ ես սիրով փորձել եմ իմ գիտելիքները նրանց հաղորդել:

- Ասում են` կանայք պետք է լինեն խոհանոցում, իսկ տղամարդիկ` ղեկավար աթոռներին:
- Դրա մեջ, իհարկե, կա իմաստ, և կնոջ առաջին դերն իրոք երեխաների դաստիարակությամբ զբաղվելն է: Իմ երեխաներն արդեն չափահաս են ու չեմ կարծում, որ պաշտոնավարման ընթացքում մատների արանքով եմ նայել. միշտ էլ ընտանիքը իմ կյանքում եղել և մնում է առաջին տեղում: Խոհանոց շատ եմ սիրում, որքան էլ հոգնած լինեմ, մեկ է, խոհանոցը կարծես գերբնական ուժ ունի ու դրական լիցքեր է հաղորդում:

- Դուք միշտ խոսում եք ոստիկանի տեսանկյունից, բայց ուզում եմ մի հարց տալ, որ պատասխանեք հայուհու տեսանկյունից: Կհիշե՞ք կանանց մասին գրված մեկ օրենք, որն արտոնություններ է տալիս կնոջը:
- Ասեմ: Մեր աշխատանքային օրենսգիրքն ամենամեծ արտոնություններն է տալիս մայրերին: Մեր երկրում 3 տարի կնոջն իրավունք է տրված նստել տանը և երեխա դաստիարակել, խնամել: Շուրջ մեկ տարի պահպանվում է մեր մայրերի ամբողջ հաստիքային աշխատավարձը: Մեր երկրում նախածննդյան և ետծննդյան արձակուրդները բավական երկար են: Ես չեմ ասում, որ այս օրենքը միայն ու միայն մեր երկրում է գործում, շատ պետություններ կան, որոնք օրինաչափ են համարել կանանց արտոնությունները բարձրացնելը: Սովորաբար հաշվի է առնվում այն հանգամանքը, որ դա իսկապես խթանում է բնակչության թվի աճը ու, միանշանակ, հրաշալի հնարավորություններ ընձեռում նորաստեղծ ընտանիքներին:

- Բայց ամեն դեպքում կնոջ և տղամարդու ընդունակությունները տարբեր են, չէ՞:
- Մոտեցումները կյանքի նկատմամբ, անշուշտ, տարբեր են:
Տղամարդիկ ավելի պրագմատիկ են, ավելի կոնկրետ են նայում կյանքին, նրանք ավելի շատ զբաղվում են, ասենք, ֆինանսներով, բանկերով, իսկ կանայք զբաղվում են բնապահպանական խնդիրներով, սոցիալական, կրթական, մշակութային խնդիրներով:
Եվ եթե ուզում ես, որ հասարակությունը լիարժեք լինի, երկուսն էլ անհրաժեշտ են: Հետևաբար, երկուսի գումարը կարող է տալ ներդաշնակ հասարակության զարգացում, և այստեղ ես կարծում եմ` կանայք, երեխաներ ունենալով, միշտ հետ են մնում տղամարդկանցից, քանի որ ստիպված են զբաղվել երեխայով: Այստեղ կանանց դերը ավելի դժվարանում է, քանի որ կանայք ավելի օժտված պետք է լինեն, որ կարողանան ամեն ինչ հասցնել:

- Դուք տասնյակ տարիներ է՝ ոստիկանությունում եք: Ի՞նչ եք կարծում, կնո՞ջն են ավելի շուտ հավատում, վստահում, թե՞ տղամարդուն:
- Ընդհանրապես հասարակությունը տղամարդկային է: Դա այդպես է ոչ միայն Հայաստանում: Աշխարհում մոդելը գծում են տղամարդիկ, կանայք այդ մոդելի մեջ, այսպես ասած, խաղում են: Կարող է կանացի մի գեղեցիկ շարժումը, խոսքը, ձայնի երանգն ավելի տպավորիչ լինել, քան տղամարդունը, և հակառակը` տղամարդու մեկ խոսքը կարող է վերջնական լինել բոլորի համար: Բայց բոլոր դեպքերում պետք է ընդունենք, որ հասարակությունը սովոր է տղամարդու խոսքը լսել և ոչ թե կնոջ:
Գուցե այս մտածողությունը կապված է այն հանգամանքի հետ, որ դարեր շարունակ ղեկավար կերպարները եղել են տղամարդիկ, կանայք չեն եղել:

- Արդեն մոտենում է կանանց միամսյակը: Եվ այս հարցազրույցն էլ կիսով չափ նվիրված էր հենց ցետկինյան տոնին:
- Երբ դեմոկրատական ուժերը իշխանության եկան, այն, ինչ կապված էր սոցիալիզմի հետ, վերացրին: Այդ ճակատագրին արժանացավ նաև մարտի 8-ը` որպես հենց Կլարա Ցետկինի տոն: Բայց եթե Ցետկինը կանանց իրավունքների պայքարի մասին էր խոսում, խորհրդային ժամանակահատվածում դա դարձել էր ուղղակի կանանց նվիրված տոն:
Անգամ եղավ ժամանակ, որ մենք կարծես իներցիայի ուժով էինք նշում մարտի 8-ը: Օրենքը գրված չէր, բայց չգրված օրենքի պես գործում էր: Եվ այստեղ մեծ դերակատարում ունեին մեր տղամարդիկ, որովհետև հենց նրանք էին առաջինը հիշում:
Մարտի 8-ը միջազգային տոն է. որևէ մեկը դա տոնացույցից չի հանել. մենք սկսում ենք մարտի 8-ին և ավարտում ապրիլի 7-ին: Չնայած ապրիլի 7-ն ինձ համար այլ խորհուրդ ունի: Այդ օրը Մարիամի հայտնության օրն է: Իսկ ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն իր մայրերի նկատմամբ անսահման սեր, հարգանք, հոգատարություն ունի:

- Առաջինն ո՞վ է Ձեզ շնորհավորում:
- Տղաս: Նա ամեն տարի յուրօրինակ անակնկալներ է անում, որ ուղղակի զարմացնում ու հիացնում է ինձ:

- Ոչ բոլորն են սիրում նվերների մասին խոսել, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:
- Ես ընդհանրապես ծաղիկներ եմ ստանում, որևէ ուրիշ բանի մասին խոսել չեմ կարող: Իմ շրջապատը գիտի, որ ես նվեր ընդունել էլ չեմ սիրում: Եվ այս առումով ծաղիկները իմ ամենասիրելի նվերներն են:

 

Tags: , ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>