«Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը

բռնցքամարտՄարտի 9-ին «Դինամո»  մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների  առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: 49 կգ քաշային կարգում դինամոյական Ալեն Դանիելյանը դժվարին հաղթանակ տոնեց Կոտայքի մարզը ներկայացնող Ջանիկ Սահակյանի նկատմամբ: Դժվարին  և միևնույն ժամանակ վիճահարույց ստացվեց Արտյոմ Ալեքսանյան-Արթուր Հովհաննիսյան մենամարտը: Ի վերջո մրցավարները հաղթանակը շնորհեցին Արթուր Հովհաննիսյանին:
52 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներ տոնեցին Դավիթ Ասատրյանն ու Արսեն Պողոսյանը, ովքեր եզրափակչում կպայքարեն չեմպիոնի կոչման համար:
56 կգ քաշային կարգում Հրայր Շահվերդյանը առավելության հասավ Էրիկ Պետրոսյանի, Սպարտակ Թամարյանն էլ Էդուարդ Ավետյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Շիրակի մարզը ներկայացնող Ժորա Համազարյանը և ՖԻՄԱ-ի սան Սամվել Մելքոնյանը: 64 կգ քաշային կարգում դիտարժան մենամարտ անցկացրեց գյումրեցի Արարատ Գյուլբանգյանը, որը  առավելության  հասավ Լոռիի մարզադպրոցի սան Գառնիկ Պապիկյանի նկատմամբ: Այս քաշային կարգի մյուս զույգում Արմեն Մխիթարյանը հաղթեց Ղազար Գասպարյանին: 75 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում  կմրցեն Արմեն Մինասյանն ու Գևորգ Պետրոսյանը: 81-ում մրցակցի հրաժարվելու պատճառով եզրափակիչ դուրս եկավ Նարեկ Մանասյանը: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Մանասյանի մրցակիցը կլինի Էջմիածնի մարզադպրոցի սան Ռազմիկ Հարությունյանը, ով առանց մեծ դժվարության առավելության հասավ Նարեկ Քամալյանի նկատմամբ: 91 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Սերյոժա Հակոբյանը վստահ հաղթանակ տոնեց Դավիթ Չալոյանի նկատմամբ : Այս քաշային կարգի մյուս մենամարտում մրցակցի հրաժարվելու պատճառով հաղթանակը շնորհվեց Արտյոմ Միքայելյանին:

բռնցքամարտԵվ վերջապես գերծանր քաշային կարգ : Այստեղ չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արամ Աբրահամյանը և Էջմիածնի մարզադպրոցի սան Գնել Մուրադյանը:

Այսօր՝ մարտի 10-ին , կկայանան եզրափակիչ մենամարտերը: Մրցումների սկիզբը 15:00-ին:

 

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն
Անկախ

 

Tags: