ՙՙԱմոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար՚՚ Քայլարշավի ամփոփում

կանանց իրավունքՍույն թվականի մարտի 8-ին, ժամը՝ 13:00,ՙՙՖեմինիստ պլատֆորմ՚՚ նախաձեռնությունը իրականացրեց քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Երթը մեկնարկեց  13:00՝ Իսահակյանի արձանի մոտից և ավարտվեց Ազատության հրապարակում:

Ամենամյա ավանդույթ դարձած երթն այս տարի տարբերվեց իր յուրահատկությամբ, քանի որ այն իրականացվեց է ոչ միայն Կանանց ռեսուրսային կենտրոնի, այլև մի շարք կամզկերպությունների և անհատների համատեղ աշխատնքի արդյունքում՝ Ֆեմինիստ պլատֆորմի շրջանականերում: Քայլերթը պարբերաբար ընդհատվեց կանանց իրավունքների պաշտպանության խորագրեր կրող և հաջողակ հայ կանանց պատմություններ արտացոլող ֆլեշմոբերով:

Երթի հիմնական նպատակն էր` բարձրացայնել կանանց իրավունքների պաշտպանության կարևորության և  մեր իրականությունում առկա սեռադերիային փոխհարաբերություններին վերաբերող կարծրատիպերում առկա վտանգների մասին, որոնք նպաստում են կանանց նկատմամբ բռնության տարածմանն ու ամրապնդմանը:

«Ամո՜թ չէ» պնդումը որպես քայլարշավի հիմնական հաղորդագրություն ընտրելով` երթի մասնակիցները բարձրաձայնեցին  հայ հասարակությունում ամոթի շղարշի տակ թաքնված բռնությունների մասին:

Երթի ընթացքում բաժանվել են հետևյալ բովանդակություններով թռուցիկներ`

Ամոթ չէ աշխատելը
Աշխատանքի իրավունքը բոլոր մարդկանց անքակտելի իրավունքն է:

Ամոթ չէ չամուսնանալը
Ամեն օր կանանց իրենց ընտանիքը, ընկերները, ծանոթները, հասարակությունը և ԶԼՄ-ներն ասում են, որ նրանք պետք է ամուսնանան և եթե դա չանեն ապա այս կյանքում իրենց նպատակին ծառայած չեն լինի: Ամուսնանալը կյանքի նպատակ չէ:

Ամոթ չէ բռնության մասին բարձրաձայնելը
Հայաստանում յուրաքաչյուր 4-րդ կինը ենթարկվում է բռնության: Հիշիր, որ միշտ կան մարդիկ, ովքեր քեզ կաջակցեն:

0 800 01 280

099 88 78 08

0800 80 850

 

Ամոթ չէ աղջիկ երեխա ունենալը
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն՝ վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց 
հարաբերակցությունը: Եթե սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը 
շարունակվի, ըստ կանխատեսումների, մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին:
Ամոթ չէ ուշ տուն գալը

ժամանակը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքը բոլորինն է, ճիշտ այնպես ինչպես ազատ տեղաշարժվելու և կարծիք արտահայտելու իրավունքը:

Տարիներ շարունակ աշխատելով կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում և անմիջականորեն առնչվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում ապրող կանանց խնդիրներին` կարևոր ենք համարել հենց այս հաղորդագրությունների փոխանցումը քայլարշավի ընթացքում:

Հակիրճ անդրադառնանք թռուցիկների  բովանդակությանն ու դրանց մեջ զետեղված իմաստին:

ՀՀ -ում` հատկապես փոքր քաղաքներում և գյուղերում լայնորեն տարածված է այն կարծրատիպը, որ կինը չպետք է աշխատի, քանի որ տղամարդու գերագույն պարտականությունն է տունը պահելը, իսկ կինը պետք է զբաղվի բացառապես երեխաների և տան մասին հոգ տանելով: Հաճախ շրջանառում է տեսակետ «Ամոթ չէ՞, բա ես մեռե՞լ եմ, որ կինս աշխատի…», կան այլ` ավելի ծայրահեղ դեպքեր, երբ կնոջը թույլ չեն տալիս աշխատել` վերջինիս խանդելու պատճառով, չեն ցանկանում կնոջը տեսնել այլ տղամարդկանց հետ նույն տարածքում, անգամ եթե դա աշխատավայր է: Կան նաև դեպքեր, երբ կնոջը թույլ չեն տալիս բարձրագույն կրթություն ստանալ` վստահ լինելով, որ կինը և կարիերան անհամատեղելի երևույթներ են և որ միևնույն է` նրա ինքնաիրականացումը պետք է դրսևորվի ընտանիքի ներսում, միայն, ուրեմն` ինչու՞ աշխատել:

Երթի մասնակիցներն արձագանքում են`

Ամոթ չէ աշխատելը
Աշխատանքի իրավունքը բոլոր մարդկանց անքակտելի իրավունքն է:

Ինչ վերաբերում է «Ամոթ չէ չամուսնանալ» դատողությանը,

Ամուսնությունը յուրաքանչյուրի որոշման հարցն է: Դրական, հարգանքի վրա հիմնված փոխհարաբերություններ ունենալու համար ամուսնությունն ինքնանպատակ չպետք է լինի, այլ միայն գիտակցական որոշում:

Կարծում ենք` նորություն չէ «տանը մնացած» արտահայտությունը, որը բացառապես վերաբերում է որոշակի տարիքը հատած աղջիկներին, որոնք հասրակության մեջ արմատացած սովորության համապատասխան` պետք է արդեն ամուսնացած լինեին: Եվ եթե նրանք դեռևս ամուսնացած չեն, ապա դեպքերի մեծամասնությունում արժանանում են բազմազան պիտակների` անհրապույր լինելուց մինչև անբարոյականություն:

Մենք` երթի մասնակիցներս, մեր վրդովմունքն ենք հայտնում նման վերաբերմունքի դեմ և հայտնում, որ ամուսնանալը կյանքի նպատակ չէ, այլ գիտակցական ընտրություն: Ոչ ոք իրավունք չունի պիտակներ կպցնելու մարդկանց նրա պատճառով, որ վերջիններս չեն արդարացնում իրենց ակնկալիքները:

Ամոթ չէ բռնության մասին բարձրաձայնելը

Հայաստանում յուրաքաչյուր 4-րդ կինը ենթարկվում է բռնության, սակայն շատերը լռում են դրա մասին, քանի որ հասարակությունը չի ողջունում «տան ներսում կատարվածը դուրս հանելը»: Հիմնվելով վերջին երկու տարիների ընթացքում  ընտանեկան և սեռական բռնության դեպքերի ուսումնասիրությունների վրա, կարող ենք ասել, որ կանայք շատ հաճախ չեն բարձրաձայնում իրենց հետ կատարված բռնության մասին, չեն դիմում համապատասխան մարմիններ, քանի որ նրանց հարազատները, բարեկամները և հենց իրենք հավատացած են, որ ամոթ է խոսել դրա մասին, քանի որ դա կնոջ թերացումն է`չի կարողացել ընտանիքում համապատասխան մթնոլորտ առաջացնել և այլն: Ամոթը, վախը, հնարավոր և առկա սպառնալիքները պատճառ են դառնում ընտաիքում և դրանից դուրս կանանց նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքերի գոյության: Ցավոք,  լռությունը բռնության հետևանքով մահվան պատճառ է դարձել որոշ կանանց համար:

Քայլերթի ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են այս երևույթի անթույլատրելիության մասին, և կոչ արել մարդկանց ձերբազատվել այդ կործանարար կարծրատիպից: Ամոթ չէ’ բարձրաձայնել բռնության մասին, ամոթ չէ’ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար:

Ամոթ չէ աղջիկ երեխա ունենալը
Եթե սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ըստ կանխատեսումների, մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին:

Տարիներ շարունակ ՀՀ-ում պահպանվել է այն տեսակետը, որ ընտանիքում առաջնեկը պետք է տղա ծնվի: Այս նախապատվությունը կա նաև այսօր, հատկապես` ավելի փոքր բնակչություն ունեցող վայրերում, որտեղ ավանդույթներն ավելի ամուր ուժ ունեն: Երբեմն ընտանիքներում աղջիկ ունենալը առաջացնում է խոր հիասթափություն, մեղադրվում է կինը:

Տղա ունենալը պատիվ է բերում տան հարսին, գովասանք, հակառակ երևույթն էլ` պարսավանք է առաջացնում:  Տղա ունենալը համարվում է ավելի ռեսուրսային, քանի որ նրա ամեն ջանքը մնում է տանը, իսկ աղջկան մի օր ուրիշին են տալու:

Այսօր առավել քան ակնհայտ է ՀՀ-ում սեռով հիման վրա աբորտների թվաքանակի աճը: Անցյալ տարվա տվյալներով` ՀՀ-ն երրորդ երկիրն է Չինաստանից և Ադրբեջանից հետո` սեռի հիման վրա աբորտի ցուցանիշներով:

Ամոթ չէ ուշ տուն գալը

Տարածված կարծրատիպ` «լավ աղջիկնրը երեկոյան տանն են լինում»: Այս կարծրատիպի գոյության մեջ համոզվելու համար բավարար է միայն մի քանի անգամ մի քանի մարզ այցելել, որտեղ երեկոյան ժամերին կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել հանդիպած աղջիկներին: Այս ամենը կապված չէ դուրս գալու ցանկության կամ անհրաժեշտության բացակայության հետ, այլ  դեպքերի մեծամասնությունում` բացասական համբավ ձեռքբերելու հետ:

Այս կարծրատիպն իր մեջ նաև այլ վտանգներ է պարունակում, երեկոյան ժամին դրսում գտնվող աղջկա անվտանգությանն էլ սպառնացող վտանգներ ավելի հաճախ են լինում, քանի որ նրանց հաճախ դիտարկում են որպես անբարո, հետևապես թույլ տալիս անառակաբարո պահվածք, որն ուղեկցվում է սեռական ոտնձգություններով և բռնությամբ:

Ակցիայի մասնակիցներն ընդվզում են այդ վերաբերմունքի դեմ, որը բռնություն է ծնում:

Երթի մասնակիցները հայտնել են վերոնշյալ երևույթների անընդունելի լինելու մասին և ընդգծել սույն և մի շարք այլ կարծրատիպերից ձերբաատվելու անհրաժեշտությունը:

Մի երկրում, որտեղ  Սահմանադրությունն ապահովում է հավասար իրավունքներ և հնարավորություններ տղամարդկանց և կանանց համար, անընդունելի է իրավական որևէ հիմք չունեցող, կարծրատիպերի և նախապաշարմունքների վրա հիմնված նման երևույթների ընդունումը, պահպանումը: Սա կանանց նկատմամբ բռնության դրսևորում է, որն անընդունելի է :

 

 

Էլվիրա Մելիքսեթյան, հասարակության հետ կապերի պատասխանատու

Ֆեմինիստ պլատֆորմի անդամ

Անկախ

 

 

Tags: ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>