2014 թվականի «Արի տուն» ծրագրի շրջանակներում շուրջ 1000 երիտասարդներ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում

արի տունԿառավարության առաջիկա նիստում հավանություն կտրվի Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2014 թվականի «Արի տուն» ծրագրին և միջոցառումների ցանկին:
Ծրագիրը մեկնարկում է 2014 թվականի հունիսին և շարունակվելու է մինչև սեպտեմբեր ամիսը, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջանների 13-18 տարեկան մինչև 1000 երիտասարդներ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում:
Ծրագրի յուրաքանչյուր փուլի տևողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: 2014 թվականի ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-15 և 16-18 տարեկանների համար, բացառությամբ ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով սահմանված դեպքերի:
Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերը ձևավորվելու և Հայաստան են տեղափոխվելու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների աջակցությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդներն իրենց ճանապարհածախսերը հոգում են սեփական կամ համայնքային կազմակերպությունների և այլ հովանավորների միջոցներով:
Ծրագրի շրջանակներում Սփյուռքի նախարարությանը հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցներով կմշակվի և կիրականացվի միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են երիտասարդների հայաստանյան հասակակիցների հետ շփումներ և հաղորդակցություն, կապերի ստեղծում, էքսկուրսիաներ` պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների դիտումներ, այցելություններ ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ, ուսուցողական դասընթացներ` տարբեր թեմաներով:
Ծրագրի շրջանակներում կապահովվեն նաև միջոցառումների մասնակցության համար անհրաժեշտ փոխադրամիջոցները, մասնակիցների սնունդը, ծրագրային միջոցառումների լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, մասնակիցներին տրամադրվելիք` ծրագրի տարբերանշանով պարագաները, ծրագրին առնչվող անհրաժեշտ տպագիր և էլեկտրոնային նյութերը, ինչպես նաև մասնակիցների սնունդն ու գիշերումը «Արի տուն» ամառային ճամբարում` ծրագրի ճամբարային փուլի իրականացման ընթացքում:
Հյուրընկալող ընտանիքների ընտրությունն իրականացվում է Երևան քաղաքի և երևանամերձ քաղաքային ու գյուղական համայնքների, նրանց կողմից երաշխավորված կրթական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության բարձրագույն և այլ ուսումնական հաստատությունների, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների միջոցով: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց:

Tags: ,