Հայաստանի և Սփյուռքի միջև փոփոխվող փոխհարաբերությունները

Հարութ ՍասունյանՀայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ: «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկման մասնակիցները եկել էին Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից և Հայաստանից:

 

Քննարկումը նվիրված էր Սփյուռքի ձևավորումներին, առկա մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայաստանի և Սփյուռքի միջև առավել սերտ համագործակցության կատարելագործմանը, աշխատանքի նոր ձևերի և միջոցների  փնտրտուքին ու հեռանկարներին:

 

Ստորև ներկայացնում եմ հատվածներ հանդիպման ժամանակ իմ ունեցած ելույթից.

 

Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքը կանգնեց բոլորովին մի նոր կացության առջև: Շատ սփյուռքահայեր անակնկալի եկան ազատ Հայաստանի վաղեմի բաղձալի երազանքի հանկարծակի իրականացումից: Նոր բառեր հայտնվեցին նրանց բառապաշարում. Արցախ, երկրաշարժ, շրջափակում, արձանագրություն, ընդիմություն, կոալիցիոն կառավարություն, իշխանափոխություն:

 

Սփյուռքահայերի մեծ մասի համար շատ դժվար էր տարանջատել անհատի, համայնքի կամ կազմակերպության գործողությունները պետության իրավասություններից ու պարտավորություններից: Միաժամանակ, Հայաստանի նոր ղեկավարները լիովին չըմբռնեցին սփյուռքահայերի հայրենասիրական զգացումները, ցանկություններն ու իղձերը, ինչի հետևանքով անախորժ խրամատ առաջացավ երկու կողմերի միջև:

 

Հարցն ավելի բարդ է, քանի որ Սփյուռքը միաձույլ գոյություն չէ, այլ կազմված է բազմաթիվ և բազմատեսակ սփյուռքներից,  յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները` հաստատվելով և ապրելով տարբեր ժամանակշրջաններում, օտար երկրներում և գոյատևելով տարբեր լեզվամշակութային ազդեցությունների տակ:

 

Երբ Հայաստանում լրագրողներն ինձ հարցնում են այս կամ այն հարցի վերաբերյալ Սփյուռքի տեսակետների մասին, ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկն ընդհանրական ներկայացնել յոթ միլիոն սփյուռքահայերի բազմաբնույթ տեսակետները: Սփյուռքի մեծամասնության կարծիքն արտացոլելու համար պետք է կազմակերպել համահայկական մի կառույց կամ ընդլայնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները հանգանակությունից անդին կամ էլ ստեղծել բոլորովին նոր կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս ամբողջ աշխարհի հայությանը` «մեկ հայ, մեկ քվե» սկզբունքի հիման վրա: Այս ձևով ընտրված ներկայացուցիչներն իրավասու կլինեն խոսել սփյուռքահայերի անունից և պարբերաբար հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հետ` ճշտելու համազգային առաջնահերթությունները և խորհրդակցելու խնդրահարույց հարցերի շուրջ:

 

Հայ ժողովրդի բոլոր երեք թևերի (Հայաստան, Արցախ և Սփյուռք) ղեկավարները կարող են այնուհետև քննարկել իրենց դիրքորոշումները և համաձայնել դերերի բաժանմանը: Այսպիսի քաղաքակիրթ և ազգային շահերից բխող մոտեցումն ավելի նախընտրելի է, քան հարատև ներքին պայքարներն ու բախումները,  որոնք երբեմն տեղ են գտնում, ինչպես դա եղավ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ:

 

Նախընտրելի է, որ Հայաստանի իշխանություններն ավելի նրբանկատ լինեն սփյուռքահայերին հուզող կարևոր հարցերի նկատմամբ և խորհրդակցեն նրանց հետ նախքան այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կայացնելը:

 

Հասկանալի է, անշուշտ, որ Հայաստանի ղեկավարները պարտավոր չեն ընդունել որևէ մեկի հրահանգները երկրի սահմաններից դուրս: Միաժամանակ, բոլոր հարցերի շուրջ վերջնական որոշում կայացնելիս, այնուամենայնիվ նրանք բարոյական և ազգային պարտավորություն ունեն` նկատի ունենալու սփյուռքահայ գլխավոր կազմակերպությունների դիրքորոշումը` Սփյուռքի ընտրովի կառույցի բացակայության պայմաններում: Ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունները պատասխանատու են ազգի առաջ իրենց ընդունած որոշումների համար: Նրանք կգնահատվեն, երբ ճիշտ որոշումներ կկայացնեն և կքննադատվեն սխալներ գործելիս:

 

Պետք է նշել, որ Սփյուռքի ընտրովի կառույցի ստեղծումը, թեև խիստ դժվար իրագործելի է, սակայն շատ ավելի ընդգրկուն և ներկայացուցչական է, քան թե նշանակովի մարմինները կամ կազմակերպությունները, չնայած նրանց ազգանվեր աշխատանքին, որոնք ներկայացնում են սոսկ իրենց անդամներին: Անհրաժեշտ է ներգրավել մեր ժողովրդի լայն խավերին, որպեսզի ավելի արդյունավետ դառնան մեր ազգային աշխատանքները, մանավանդ այս օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կազմակերպում են իրենց սփյուռքները և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում խոչընդոտելու համար մեր արդար պահանջները Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին:

 

Ինչպես հաճախ սիրում ենք կրկնել` «Ադրբեջանը նավթ ունի, Վրաստանը` ծով, իսկ Հայաստանը` Սփյուռք»: Սակայն, անկազմակերպ և հետզհետե հյուծվող Սփյուռքը շատ քիչ արժեք կներկայացնի մեր ազգային հարցերում և ոչ կարող է ինքն իրեն պահել և գոյատևել, ոչ էլ օգտակար լինել Հայրենիքին:

 

Բոլորս պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի հզոր Հայրենիք և ուժեղ Սփյուռք ունենանք: Դրանցից յուրաքանչյուրի գոյությունն ու գոյատևումը կախված է մյուսի կենսունակությունից:  Չնայած Սփյուռքի նախարարության արդյունավետությանը` պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ աշխատանքն այնքան վիթխարի է, որ այն դուրս է գալիս մեկ նախարարության կարողությունների շրջանակից: Խիստ պահանջ կա Հայաստանի ողջ ղեկավարության և ժողովրդի մասնակցության և աջակցության համար, որպեսզի սփյուռքահայերը զգան Հայրենիքի հետաքրքրությունը և հոգատարությունը իրենց հանդեպ:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

 

Tags: , ,