Նախընտրական Թուրքիա. հայացք ներսից

թուրքիա,ընտրություններ Հայտնի է, որ մարտի 30–ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում քաղաքական կուսակցությունները հերթական անգամ պայքարի մեջ կմտնեն իրենց թեկնածուների հաղթանակի ակնկալիքով: Ընտրական գործընթացը, ինքնին լինելով բարդ, հաճախ անկանխատեսելի մի երևույթ, թուրքական միջավայրում կրում է մի շարք առանձնահատուկ գործոնների ազդեցություն, որոնք կարծես թե դարձել են այս պետության քաղաքական օրակարգի անբաժան մասը: Դրանք ունեն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հիմքեր:

Ինչպես գիտենք, հանրության քվեարկությանը դրված ընտրություններին սովորաբար նախորդում է նախընտրական բուռն շրջան, որն ուղեկցվում է քարոզարշավներով, հանրային ելույթներով ու ակցիաներով: Հետևելով Թուրքիայի քաղաքական օրակարգին՝ կարելի է նկատել, որ կուսակցական պայքարը այստեղ ընթանում է ամեն օր, իհարկե թեժանալով նախընտրական շրջանում: Հաշվի առնելով թուրքական հասարակական-քաղաքական կյանքի անկանխատեսելի բնույթը` պետք է փաստել, որ երբեմն մեկ օրում ծագած իրադարձությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ՝ էականորեն ազդելով հետագա գործընթացների վրա:

Ընդհանրապես Թուրքիայում ընտրական գործընթացը կարելի է համեմատել թղթախաղի հետ, այսինքն հաղթում է նա, ով ավելի ուժեղ ու ազդեցիկ խաղաքարտ ունի հակառակորդի դեմ: Եթե ուսումնասիրենք վերջին տասը տարում Թուրքիայի նախընտրական տարբեր ժամանակահատվածները, ապա կարող ենք նկատել, որ հակահարվածների քաղաքականության մեջ ամենից գործածականը հակառակորդին վարկաբեկելու մեթոդն է: Այս նպատակին հասնելու համար քաղաքական կուսակցությունները օգտագործում են ամենատարբեր եղանակներ: Այժմ դիտարկենք, թե ՏԻՄ ընտրություններին, ինչպես նաև դրանցից կարճ ժամանակ անց սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ինչ իրադարձություններ տեղի ունեցան Թուրքիայում, որոնք, անկասկած, իրենց հետքը կթողնեն ընտրությունների արդյունքների վրա:

Այսպես, անցած տարի Ստամբուլի «Գեզի» այգու ծառահատման պատրվակով սկսված և ողջ Թուրքիան համակած հակակառավարական բողոքի ակցիաները, թերևս սկիզբն էին այն մեծ խառնաշփոթի, ինչից հետո երկիրը չի կարողանում ուշքի գալ մինչ օրս: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի տասնամյա անպարտ իշխանությունը սկսեց ճաքեր տալ: Զանգվածային բողոքի ելույթները արտահայտությունն էին այն դժգոհության, որն առաջ էր եկել կառավարության ընդունած մի շարք սահմանափակիչ որոշումների պատճառով: Ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում, սկսեցին գրել Էրդողանի հեռանալու անհրաժեշտության, նրա միաապետական վարչակարգի փոփոխման, Թուրքիայում «արաբական գարնան» մոդելի կրկնության հավանականության մասին:

Չնայած «Գեզի» այգու իրադարձություններից հետո Թուրքիայի, ինչպես նաև Էրդողանի միջազգային հեղինակությունը անկում ապրեց, այնուհանդերձ երկրի բնակչության շրջանում անցկացված նախընտրական հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը ձայների չնչին կորուստ է ունենալու: Սակայն մեծ խաղը դեռ նոր էր թափ հավաքում:

Մինչ Էրդողանը զբաղված էր իր խաթարված հեղինակության վերականգնմամբ, վերջինիս հակառակորդները նոր խաղաքարտ էին փնտրում նրա դեմ: Այս անգամ ընտրվեց կուսակցությունը ներսից թուլացնելու ճանապարհը: Մասնավորապես սկսեցին հակասություններ առաջանալ Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության գաղափարական հենքը հանդիսացող Ֆեթուլահ Գյուլենի շարժման միջև: Տարաձայնությունները այնքան խորացան, որ Էրդողանը Գյուլենին մեղադրեց պետության ներսում «զուգահեռ պետություն» ստեղծելու մեջ, կոչ արեց նրան վերադառնալ ԱՄՆ-ից, կազմավորել քաղաքական կուսակցություն և պայքարի մեջ մտնել արդար ճանապարհով, այնուհետև կադրային լուրջ փոփոխություններ կատարեց անվտանգության համակարգում: Ի պատասխան սրան՝ Գյուլենը Էրդողանի հասցեին անեծքներ հղեց, նույնիսկ բարձրաձայնվեց, թե «ինչու չի մահանում բարձրահասակ մարդը (Էրդողանը), քանզի նա հիվանդ է»:

Տարեվերջին Թուրքիան հերթական ցնցումը ապրեց: Կոռուպցիոն խոշոր սկանդալը, ընդգրկելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, նախարների ու նրանց որդիներին, աստիճանաբար նեղանալով, սկսեց պտտվել վարչապետ Թայիփ Էրդողանի ու նրա որդու՝ Բիլալ Էրդողանի անվան շուրջ: Հոր ու որդու հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, հայտնվելով համացանցում, կարծես ժողովրդին ցույց տվեցին իրենց առաջնորդի իրական դեմքը՝ վտանգի տակ դնելով մոտակա ընտրություններում նրա կուսակցության հաղթանակը: Եվ սա այն պարագայում, երբ Էրդողանը հավակնում է դառնալ երկրի հաջորդ նախագահը:

Բոլորովին վերջերս Թուրքիայում բարձրացավ հակակառավարական ցույցերի նոր ալիք, որի համար պատճառ հանդիսացավ «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից վիրավորված և 269 օր կոմայի մեջ մնացած 15-ամյա Բերքին Էլվանի մահը: Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ Էլվանը վաղուց արդեն կյանքի ոչ մի նշան ցույց չէր տալիս և նրան փաստացիորեն կենդանի էին պահում բժշկական սարքերի միջոցով, որպեսզի նրա մահը արձանագրեն հենց նախընտրական շրջանում: Հենվելով այս դիտարկման վրա՝ կարելի է հստակ տեսնել խաղաքարտերի քաղաքականության ձեռագիրը:

Խոսելով նախընտրական շրջանում իրար դեմ խաղաքարտեր օգտագործելու երևույթի մասին, պետք է անդրադառնալ նաև հայկական ծագման գործոնի շահարկմանը: Թուրքիայում քիչ չեն դեպքերը, երբ հակառակորդին հեղինազրկելու համար նրան «մեղադրում են» հայկական ծագում ունենալու մեջ՝ նվազեցնելով նրա շանսերը հասնելու ցանկալի արդյունքի: Այս խաղաքարտը օգտագործվեց ներկայիս նախագահ Աբդուլահ Գյուլի դեմ, երբ վերջինս դեռ այդ պաշտոնի թեկնածու էր: Նման «մեղադրանք» ներկայացվեց նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Երկու քաղաքական գործիչներն էլ շտապեցին դատական գործ հարուցել իրենց վարկաբեկողների դեմ:

Այսպիսով Թուրքիան գտնվում է նախընտրական կրքերի հորձանուտում և ամեն օր այս երկրում տեղի են ունենում նոր զարգացումներ: Հաշվի առնելով վարչապետ Էրդողանի վերջին ցնցող քայլը՝ «Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակումը, մինչև մարտի 30-ը կարող ենք սպասել անսպասելին:

 

Տաթևիկ Սարգսյան, Ստամբուլ

 Անկախ

Tags: ,