«Խրոնիկ հիվանդները մշտապես պետք է կապի մեջ լինեն բժիշկների հետ` սրացումներից խուսափելու համար». սրտաբան Պարունակ Զեյվելյան

IMG_2228Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով եղանակային փոփոխություններին` նշեց, որ դրանք կարող են ազդել մարդու օրգանիզմի վրա, բայց օրգանիզմը բնականոն կերպով կարողանում է պաշտպանվել:

«Կան խրոնիկ հիվանդություններ, որոնք հատուկ սրացումներ են ունենում և պահանջում են հատուկ մոտեցում: Ամեն եղանակ ունի «իրեն հատուկ» հիվանդությունների ցանկը: Գարնանը, օրինակ` հոգեկան, հոգեբանական, սրտաբանական, զարկերակային ճնշման հետ կապված խնդիրները սրվում են: Դա պայմանավորված է երկար օրերով, արևի լույսով և այլն: Խրոնիկ հիվանդները մշտապես պետք է կապի մեջ լինեն բժիշկների հետ` սրացումներից խուսափելու համար»,-խորհուրդ տվեց սրտաբանը:

Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի խոսքով` ապահովագրական բժշկությունը պարտադրում է խրոնիկ հիվանդին նախապես հետազոտություն անցնել, որովհետև, ի վերջո, կանխարգելումը շատ ավելի հեշտ է ու էժան, քան բուժումը:

«Կլիմայի փոփոխությունները սովորաբար շատ են ազդում առողջության վրա: Մթնոլորտային ճնշման ցանկացած փոփոխություն` իջեցում կամ բարձրացում, ինչպես նաև քամին, ցուրտը, շոգը ազդում են մարդու առողջության վրա: Մենք պետք է մեր ապրելակերպի մեջ փոփոխություն մտցնենք»,- ասաց Հովհաննես Մանվելյանը:

Բժիշկները բնակչությանը խորհուրդ տվեցին տարբեր հիվանդությունների եղանակային սրացումից խուսափելու համար վարել առողջ ապրելակերպ` չծխել, առողջ սնվել, շատ շարժվել ու մարզվել: